Exclusive
Այսօր համացանցում լուրեր են տարածվել, թե դերասան Խորեն Լևոնյանն և դերասանուհի, «Լակի» տորթերի սրահի տնօրեն Լիկա Լևոնյանը (Մեսրոպյանը) բաժանվել են։ Մինչ սոցցանցերում նման սուտ լուրեր էին տարածվում, դերասանուհին BlogNews.am-ին ընտանեկան խաղաղ կյանքի ու որդու մասին էր պատմում:)

Զույգի տասն ամսական որդին՝ Արամը, դեռ չի խոսում, սակայն երգում է:) «Շատ լավ լսողություն ունի, ինչ լսում է, կրկնում է»,- նշեց մայրիկը։ Լիկան ասաց, որ իր աշխատանքային ժամերը կրճատել է, որպեսզի հասցնի զբաղվել որդու խնամքով։ «Նա ևս աշխատում է ինձ հետ, քանի որ հետս գալիս է աշխատավայր»,- ասաց նա ու հավելեց, որ որդին «սարսափելի» ակտիվ է, իսկ այսօրվանից սկսվում է նրա՝ ամեն ինչ քանդելու շրջանը. «Այսօր սկսեց նստած չոչ անել, այնպես որ, սկսվում է նաև տունը քանդելու շրջանը:)»։
Ժամանակին Խորեն և Արսեն Լևոնյաների մայրը՝ տիկին Թամարան, պատմել է, որ Խորենը շատ հանգիստ երեխա է եղել, իսկ Արսենը՝ ճիշտ հակառակը՝ գերակտիվ։ Լիկան նշեց, որ ակտիվությամբ որդին նման է Արսենին։ «Խորիկի մաման ասում է՝ վայ, նայում եմ ու Արսենին հիշում, սակայն ընդհանուր առմամբ ավելի նման է հայրիկին։ Բնավորությունը դեռ պարզ չէ, սակայն նախնական երևացող գծերը շատ հետաքրքիր են, երևում է նրա ներքին ինտելեկտը. շատ զուսպ է, համբերատար։ Օրինակ՝ սպասում է մինչև իր ճաշը պատրաստենք, երբ մուլտ է նայում, և IPad-ը կախում է, համբերատար սպասում է»,- ասաց նախկին դերասանուհին։

Մայրիկը նշեց, որ որդին շատ է սիրում խաղալ, հայրիկն էլ անպայման ժամանակ է տրամադրում նրա հետ խաղալու համար։ Ինչ վերաբերում է ընտանեկան ժամանցին՝ Լիկան հայտնեց, որ փոքրիկին հաճախ տանում են քաղաքից դուրս, որպեսզի մաքուր օդ շնչի, երեկոյան էլ ինքը որդուն տանում է զբոսանքի։ «Հաճախ մեզ են միանում նաև Խորենի ծնողները։ Երեխային ման տալը հիմնականում ինձ վրա է։ Խորենը չի սիրում շատ լինել հասարակական վայրերում, ես իրեն հասկանում եմ, ճիշտ է անում»,- նշեց Լիկան։
Հարցին՝ փոքրիկը շփվո՞ւմ է Խորենի ավագ որդու՝ Արմենի հետ, Լիկան պատասխանեց. «Հա, իհարկե, անկասկած, բա հարազատ եղբայրներ են։ Իրար շատ են սիրում։ Իհարկե, Արմենն ավելի շատ է սիրում փոքրիկին, քանի որ ավելի է հասկանում, Արամը դեռ չի հասկանում, որ իր հարազատ եղբայրն է, բայց շատ է սիրում Արմենին։ Նրանց կապված լինելը պարտադիր է, դա Աստծո օրենք է»։


Անդրադառնալով հանգստի մեկնելուն՝ Լիկան ասաց, որ այս տարի իրենք զրկված են հանգստանալուց։ «Մենք աշխատող ընտանիք ենք, հանգիստ չունենք։ Դեռ չենք էլ պատկերացնում՝ երբ կգնանք հանգստի կամ կգնա՞նք, թե՞ ոչ։ Երկուսս էլ շատ խիստ զբաղված ենք՝ Խորենի մոտ նկարահանումներն են, ինձ մոտ՝ բիզնեսը»,- եզրափակեց նա։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



