Արդեն գրեթե մեկ շաբաթ է, ինչ հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների նախագծի մի զգալի մասը (1-7-րդ գլուխներ), սակայն քաղաքական ուժերի արձագանքներն առանձնապես տպավորիչ չեն: Առայժմ ավելի շատ քաղաքականամերձ շրջանակներն են առավել ակտիվ՝ քաղաքագետներ, վերլուծաբաններ, որպես փորձագետ դիրքավորվող հրապարակային դեմքեր:
Հնարավոր է, ամառն ու արձակուրդային տրամադրություններն են նման՝ մի տեսակ թառամած արձագանքի պատճառը: Թեպետ ամենը վերագրել միայն տապին ու քաղաքական պասիվ սեզոնին այնքան էլ ճիշտ չի լինի:
Կարելի է նաև ասել, թե քաղաքական ուժերն իրենց փորձագետների հետ մանրամասն ուսումնասիրում են ներկայացված նախագիծը և կարտահայտվեն, առավել ինտենսիվ քննարկումներ կնախաձեռնեն, երբ ավարտեն ընթերցանությունը:
Սակայն դա էլ այդպես չէ կամ այնքան էլ այդպես չէ, չնայած առանձին գործիչներ ու կուսակցական դեմքեր «առայժմ ծանոթանում ենք» հերթապահ արտահայտությամբ գլուխներն ազատեցին հետաքրքրասերներից:
Կարծում ենք, հրապարակված նախագծի հետ կապված նման հարաբերական պասիվությունն ավելի շատ այն բանի հետևանք է, որ առավել նկատելի քաղաքական ուժերը մասամբ նախապես կողմնորոշված էին, մասամբ դեռ լիովին չեն կողմնորոշվել:
Վերջիններից առաջինը, ինչ խոսք, «Բարգավաճ Հայաստանն» է, որի մոտեցումը մի տեսակ տատանողական է, սկսած ընդհանրապես սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն դեմ լինելուց, վերջացրած առանձին փոփոխությունների գաղափարն ու ձևակերպումները քննարկելու պատրաստակամությամբ:
Գաղտնիք չէ նաև, որ առավել կոշտ մոտեցում և կտրուկ մերժողական դիրքորոշում դրսևորում է Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ը: Այս ուժը հանդես է գալիս սահմանադրության փոփոխությունները կտրականապես մերժելու, հանրաքվեին ընդառաջ «Ոչ»-ի քարոզչություն իրականացնելու և դրա շուրջ այլ ուժերի համախմբման դիրքերից: Ավելին՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ախորժակ ունեն, որ, նախ, կտապալեն հնարավոր հանրաքվեն և ապա այդ առիթը կօգտագործեն իշխանափոխության իրենց վաղեմի երազանքն իրագործելու համար:
Երազելը միգուցե վատ բան չէ առհասարակ, սակայն կոնկրետ մեր քաղաքական իրականության մեջ առնվազն մի երկու անգամ նման «ստրատեգիական» մտահղացում ու մոտեցում արձանագրվել է. 2003-ին և 2005-ին: Առաջինի դեպքում հանրաքվեի դրված սահմանադրության փոփոխությունների նախագիծը չընդունվեց, երկրորդի դեպքում հայտարարվեց ընդունված:
Ո՛չ 2003-ին, ո՛չ էլ 2005-ին ընդդիմությունը ոչ մի իշխանափոխություն էլ չկարողացավ իրականացնել, ավելին՝ հենց ընդդիմադիր ուժերը սմքեցին ու որոշակիորեն կորցրին իրենց քաղաքական դիրքերը:
Ամեն դեպքում հանրաքվեն իշխանափոխության հնարավորության վերածելու ծրագիրը մի տեսակ տպավորիչ չի երևում: Առավել ևս, եթե նկատի ունենանք այն իրողությունը, որ իշխանությունները չեն դիրքավորվում այնպես, թե սահմանադրության փոփոխությունները կենաց-մահու խնդիր են, կամ իրենք, պատկերավոր ասած, ուշագնաց են լինում այդ փոփոխություններն անցկացնելու համար և այլն: Կանցնի՞, այսինքն՝ կընդունվի՞ հանրաքվեի դրված նախագիծը՝ լավ, չի՞ ընդունվի՝ ողբերգություն չէ:
Շատ ավելի հետաքրքիր, եթե չասենք՝ տարօրինակ են հնչում նույն այդ մերժողական դիրքավորմամբ հանդես եկողների մի մասի հայտարարությունները, թե ներկայացված նախագիծը չեն կարդացել, չեն էլ կարդալու, իրենց դա պետք չէ: Կարելի է, իհարկե, դույզն-ինչ չկասկածել, որ այդպես հայտարարողները ոչ միայն արդեն մի քանի անգամ կարդացել են նույն այդ նախագիծը, այլև դա արել են ու անում են խոշորացույցով կամ մանրադիտակով զինված:
Բայց ինչո՞ւ են, այնուամենայնիվ, հրապարակավ հռչակում, թե չեն կարդացել ու դրա կարիքն էլ չունեն: Որովհետև իրենք, հիմնականում՝ ՀԱԿ-ն ու մի քանի այլ ուժերի ներկայացուցիչներ, համոզված են, որ ներկայացված նախագիծը միայն մի բանի համար է՝ վերարտադրության:
Այս «վերարտադրվել» բառն արդեն ինչ-որ շամանական հմայախոսության կարգավիճակ է ստացել այդօրինակ հայտարարություններում:
Դիտարկենք այսպիսի տարբերակ. սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեով չի անցնում: Ի՞նչ է լինելու այդ դեպքում: Ոչինչ էլ չի լինելու, այսինքն՝ երկրի կառավարման մոդելը, ԱԺ ձևավորման համամասնությունները, ընտրակարգը և այլն, նույնն են մնալու, ինչ որ կան: Բարի:
Այդ դեպքում 2017 թվականի ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը, ենթադրենք, մեծամասնություն է ստանում: Հասկանալի է, նախագահ Սերժ Սարգսյանը չի կարող առաջադրվել դրանից մեկ տարի անց տեղի ունենալիք նախագահական ընտրություններում: Էլի ենթադրենք, թե որևէ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ էլ հաղթում է 2018թ. նախագահական ընտրություններում:
Եվ ի՞նչ: Իսկ ոչինչ, գործող սահմանադրությունը հնարավորություն է տալիս, որ հենց գոյություն ունեցող պետական-քաղաքական կառուցվածքի պայմաններում երկրում իրական իշխանություն ունենա այն ուժը, որը խորհրդարանում մեծամասնություն է: Չմոռանանք, որ գործող կարգը կիսանախագահական հանրապետության տարբերակն է:
Կամ, ենթադրենք, 2018-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն առաջադրում է այլ գործչի թեկնածություն, որը հաղթում է: Հետաքրքիր է, ՀՀԿ թեկնածուն իրեն առաջադրած և պաշտպանած կուսակցությունից առանձնանալո՞ւ է դրանից հետո:
Ասել կուզի՝ եթե իշխանությունների միակ նպատակը վերարտադրվելը լիներ, ապա գործող սահմանադրությունն իրենց լիովին տալիս է այդ հնարավորությունը: Լիովին: Ու, այսպես ասենք՝ հանգիստ կվերարտադրվեին, էլ ինչո՞ւ էին անցավ գլուխները ցավի տակ դնում:
Լավ, ասենք, իշխանություններն ուզում են վերարտադրվել: Իսկ ի՞նչ են ուզում, ինչի՞ են ձգտում շարունակ իշխանությունների վերարտադրությունից խոսող գործիչները և ուժերը: Իրենք գոնե ձգտո՞ւմ են, այսպես ասենք՝ «արտադրվել», այսինքն՝ գալ իշխանության:
Ինչ-որ չի նկատվում, որ նման ձգտումներ ունենան: Համենայն դեպս, երբ նրանք խոսում են բացառապես իշխանությունների վերարտադրության մասին, նշանակում է, որ առնվազն իրենց «հոգու խորքում» արդեն իսկ ընդունում են, որ հաջորդ ընտրություններում իրենք միայն կարող են ձախողվել, այնքան քվե չեն ստանա, այն աստիճան կազմակերպված ու համախմբված չեն լինի, որ իրենք դառնան մեծամասնություն, այսինքն՝ գան իշխանության:
Վերարտադրության կաղապարը, ի վերջո, ծուղակ է, որի մեջ ընդդիմադիր շատ ուժեր հայտնվել են կամովին, առանց կողմնակի ջանքերի: Ի լրումն, վերարտադրության ծուղակի, այսինքն՝ այդ վերարտադրության դեմ, իբր, համահայկական պայքար ծավալելու արահետն ընտրելով՝ նրանք կարող են պարզապես իրենց առանց այդ էլ նվազ ռեսուրսները փոշիացնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել