Վերջին շրջանում տարբեր կալիբրի պետական պաշտոնյաների գործուղման հարցը հասարակական քննարկումների օրակարգ է մտել: Հանրության արձագանքն այնքան սուր էր, որ թեմային 1-2 ամիս առաջ նույնիսկ կառավարության ղեկավարն է անդրադարձել:
Խնդիր էր դրվել հնարավորինս կրճատել գործուղումների թիվը: Խոսքն, իհարկե, չի վերաբերում հատկապես կարևոր այցերին, բայց եթե խնդիրը նվազ կարևոր է, ապա վարչապետը համարում է, որ պետք է մերժել գործուղման հայտը: Համենայնդեպս նման հանձնարարություն է տրվել նաև կառավարության աշխատակազմին:
Ի՞նչ խնդիր են լուծում գործուղումները, և ինչպե՞ս չափել դրանց հիմնավորվածությունը:
Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականությունը համակարգում է երկրի նախագահը, սակայն դա չի նշանակում, որ արտաքին աշխարհի հետ կապը միայն նրա միջոցով է կարգավորվում: Այլ բան է, որ ԱԺ նախագահը, վարչապետը և մնացած պաշտոնյաներն իրենց գործունեությունը տեղավորում են պետության վարած արտաքին քաղաքական գծի տրամաբանության մեջ:
Դժվար է պատկերացնել նախագահի, խորհրդարանի, կառավարության և այլ պետական մարմինների աշխատանքն առանց գործուղումների, քանի որ պետական, պաշտոնական, աշխատանքային այցերը միջոց են ոչ միայն կարգավորելու միջազգային հարթությունում երկրի և միջազգային հանրության համագործակցության ներդաշնակությունը, այլ հնարավորություն՝ երկիր ներդրումներ ապահովելու հարցում:
Այս տեսանկյունից, երբ խոսում ենք գործողումներից ու «բյուջեից խլվող» միջոցներից, պետք է հաշվի առնենք, որ առանց այդ գործողումների դժվար է վերևում նշված պրոցեսների իրականացումը:
Այլ բան է, որ կան պաշտոնյաներ, ում համար գործուղումը ոչ այլ ինչ է, քան հաճելի ճանապարհորդություն: Պետք է կրճատել այն այցերը, որոնք էական հետևանքներ չեն ունենում կոնկրետ երկրի և կոնկրետ գերատեսչության համար: Մյուս կողմից, պետք է ավելացնել ուսումնական վերապատրաստմանն ուղղված այցերը, որոնք որպես կանոն հրավիրող կողմն է ապահովում:
Ի դեպ, ոչ միշտ է, երբ հայ չինովնիկների այցերը դրվում են մեր «կռացած» բյուջեի վրա: Շատ դեպքերում դրանք ամբողջապես կամ մասնակիորեն ֆինանսավորվում են միջազգային կառույցների կամ հրավիրող պետության կողմից: