Սահմանադրական բարեփոխումների մեկնարկած գործընթացում թերևս ամենից շատ տարակուսանքն առաջացնում է ընդդիմադիր ուժերի արձագանքը։ Նույն այն ուժերը, որոնք մինչ այժմ բազմիցս գանգատվել են, որ 2006 թվականի բարեփոխումներից ստացված Սահմանադրությունը բանի պետք չէ, ու պետք է էս անել, էն անել, այսօր հայտարարում են, որ ոչ միայն դեմ են այս փաթեթին, այլ առհասարակ բարեփոխումներ անցկացնելու տեսլականին ու հայտարարում են բոյկոտի մասին։
Սա հերթական անգամ գալիս է ապացուցելու մեր ընդդիմադիր ուժերի՝ արդեն ավանդական դարձած ապակառուցողական կեցվածքն ու հեշտ ուղու ընտրությունը, որը կայանում է նրանում, որ պետք է դեմ լինել ու վերջ։ Ի՜նչ էլ առաջարկի իշխանությունը, իրենք վճռականորեն դեմ են, իսկ այ երբ բանը հասնում է այլընտրանք՝ ողջամիտ այլընտրանք առաջարկելուն, ապա ընդդիմությունն էլի զահլա չի անում գլուխ դնել։
Ու հիմա էլ նույնն է։ Պարոնայք, ես իհարկե հասկանում եմ, որ պոպուլիզմն ավելի հեշտ է, բայց կարելի՞ է գործով զբաղվել։ Ներկա պահին ասպարեզ է հանվել փոփոխությունների նախնական փաթեթը։ Եթե այն այդքան ահավոր է, նախ հիմնավորեք, թե ինչու, իսկ հետո ձերը առարկեք։ Կամ էլ հիմնավորեք, թե ինչու եղածը պետք չէ փոխել, ու ինչով է այն այդքան լավը, ինչպես նաև այն, թե ինչու եղածը, այդքան լավը լինելով, չի կարողացել կանխել այսօրվա գաղջ պատկերը։