Երբ Ռուսաստանի շահերին ծառայող գործիչները, ֆեյսբուքյան առաջին գիծ մղված «գաղափարականներն» ու որպես տեղեկատվական պատերազմում «մսացու» աջակցման խմբերն Ուորլիքի հարցազրույցի կոնտեքստից անջատել էին մի հատված ու արդեն պահանջում էին «պերսոնա նոն գրատա» հայտարարել նրան, մտածում էի, որ սա էլ երևի Բրայզայի նման անհաջող կադր է ամերիկյան դիվանագիտական կորպուսում:
Բայց հետո, երբ կարդացի ամբողջը, հասկացա, որ նորից ռուսական հակաամերիկյան պրոպագանդան սկսել է հայաստանյան հինգերորդ շարասյան միջոցով այս առիթն էլ օգտագործել ու շարունակել հակաամերիկյան զոմբիացումը հանրային ՖԲ-յան մակարդակով:
Հատկապես առաջարկում եմ «մսացուներին» ու մոլորյալներին նյութն ամբողջությամբ ընթերցել, մեկ էլ տեսար՝ ուղեղ ա, սկսեց աշխատել:
Վճարովի կամ «անվճար» գաղափարականներն անհույս են...

...Այս պայմաններում ամերիկացի համանախագահից պահանջել ավելին, քան Հայաստանի իշխանությունն է արել և անում, առնվազն տարակուսելի է, անհասկանալի, ինչ-որ իմաստով նաև անհեթեթ՝ նկատի ունենալով, որ Ուորլիքը դիվանագիտական լեզվով պարզապես անում է հայանպաստ հայտարարություն և արձանագրում, որ տարածքների վերադարձը կարգավորում չէ: Բայց, Հայաստանի հասարակությունը որոշել է բողոքել դրա դեմ, թեև զարմանալի է, թե ինչու չի բողոքել 2007-ի նոյեմբերին ընդունված Մադրիդյան սկզբունքների դեմ, որի շուրջ էլ կառուցվում է բանակցությունը մինչև այսօր: Նաև նույնքան անհասկանալի է, թե ինչու Հայաստանի հանրությունն ակտիվորեն չի բողոքում Ռուսաստանից հնչող այնպիսի հայտարարությունների դեմ, որոնք ևս անդրադառնում են տարածքների վերադարձի խնդրին:
Օրինակ՝ այդպիսի հայտարարություններ մի շարք անգամներ հնչեցրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ տարածքները որակելով որպես «ադրբեջանական տարածքներ»: Սակայն Ռուսաստանի դեսպանատան կամ ԵԱՀԿ-ի դիմաց այդ կապակցությամբ, չգիտես ինչու, չեն եղել բողոքի ակցիաներ, չեն եղել հայտարարություններ այն մասին, որ Լավրովը հակահայ հայտարարություն է անում, և ուրեմն նրան պետք է արգելվի մուտք գործել Հայաստան:
Այսինքն՝ այստեղ ակնհայտ է նաև, որ կան որոշակի քաղաքական կոնյունկտուրայի ազդեցության նշաններ, երբ ըստ էության ոչ միայն չեզոք, որևէ արտառոց նորություն չպարունակող և ավելին՝ անգամ հայանպաստ ակնառու ենթատեքստ պարունակող հայտարարությունն օգտագործվում է ըստ էության հակաամերիկյան աղմուկի և տեղեկատվական միջավայրի ստեղծման համար՝ այն դեպքում, երբ վերջին տարիներին բողոքի և զայրույթի շատ ավելի հիմնավոր ու լուրջ առիթներ և պատճառներ է տվել Ռուսաստանի քաղաքականությունը:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել