Քանդակագործության ազգային պարկ-թանգարանը բազմիցս անդրադարձել է այն հանգամանքին, որ իր ձևավորման հիմքը Գյումրու գեղարվեստական հուշարձանների առատությունն է:
Մենք փորձել ենք լայն հասարակությանը ներկայացնել, թե ինչն է եղել վերջինիս դրդապատճառը, և փորձել ենք հասկանալ, թե ինչ հիմքով և ինչպես կանոնակարգել առկա և գեղարվեստական հուշարձանների հետագա տեղադրման խնդիրները:
Այն, որ պատմականորեն Գյումրու գեղարվեստական հուշարձանները միշտ էլ շատ են եղել, և մինչև հիմա ունենք դրանց պահպանված և ամբողջական հուշարձանային խմբեր՝ վկայում են քաղաքային գերեզմանոցները, աղբյուր հուշարձանները և դեկորատիվ արվեստի դրսևորումները: Պատահական չէ, որ քաղաքային գերեզմանատները և սրբ. Ամենափրկիչ եկեղեցին, որպես պատմամշակութային գեղարվեստական հուշարձաններ, հայտնվել են մեր հոգածության ներքո՝ մեր նպատակներից բխող գործառույթներով: (Գործառույթները բավականաչափ շատ ներկայացված են ՀՀ ԶԼՄ-ներով): Հետերկրաշարժյան ժամանակահատվածում՝ թաղային, անհատական ձեռնարկներով բազմաթիվ հուշարձաններ կանգնեցվեցին, որոնք, դուրս մնալով քաղաքաշինական կազմակերպվածությունից, ստացան թաղային, խմբային կարևորություն և արժեք:
Այս նախաձեռնողականությունից հետ չմնաց նաև Գյումրու հայանքապետարանը, ինչի արդյունքում քաղաքում տեղադրվեցին բազմաթիվ արձաններ և արձանախմբեր:
Այս ամենի մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ խորհրդային տարիներին անգամ գեղարվեստական հուշարձանների տեղադրման կարգ, օրենք գոյություն չի ունեցել, ինչով պայմանավորված՝ ցանկացած քաղաքում կամ բնակավայրում քանդակների տեղադրումն իրականացվել է մրցույթներով և ուղեկցվել անհատական ընտրությամբ: Պարկ-թանգարանը, մոտ կես տարի ուսումնասիրելով գեղարվեստական հուշարձանների տեղադրման որևէ կարգ կամ օրենքի առկայություն, այդպիսիք չի հայտնաբերել Հայաստանում:
Հետանկախության տարիներին ևս այդպիսի կարգ, հիմք, օրենք որևէ բնակավայրի կամ կառույցի կողմից չի առաջարկվել, ինչն իր հերթին թույլ է տվել գեղարվեստական հուշարձանների տեղադրումն իրականացնել անհատական մոտեցմամբ և որոշումներով:
Այն ամենը, ինչ այսօր կա մեր բնակավայրերում, վերոհիշայլի առկայության արդյուքն է:
Եթե դիտարկել զուտ մասնագիտական տեսանկյունից, ապա տեղադրված քանդակների որակը և արժեքը կարելի է անվերջ քննարկել ու հարցը տեղափոխել առավել իրավասու մասնագիտական խմբերի քննարկման դաշտ, սակայն այդ դեպքում թանգարանագիտական առումով մենք կունենանք կոպիտ սխալ, քանի որ ժամանակաշրջանի և հասարակական նախաձեռնությունների պահպանման տեսանկյունից մենք կարող ենք անտեսել տեղադրվածների կարևորությունը:
Այս խնդիրը զուտ մասնագիտական կամ նեղ խմբերի քննարկման առարկա լինել չի կարող: Սակայն կարելի է մասնագիտական (թանգարանագիտական և մշակութային) ձեռնարկների և ծրագրերի միջոցով այս ամենը բերել կազմակերպված տեսքի, ինչն իրականացվում մեր կողմից:
Քանդակագործության ազգային պարկ-թանգարանը լայն հանրության քննարկման է ներկայացրել իր կողմից մշակված՝ համայնքներում գեղարվեստական հուշարձանների տեղադրման առաջարկի կարգ, որը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական խմբի քննարկմանը և առաջարկվել Գյումրու համայնքապետարանին:
Մեր կողմից պարբերաբար աշխատանք է տարվում քանդակները մեր տնտեսությանը, քաղաքաշինական նորմերին համապատասխանեցնելու, կենտրոնն առավել կազմակերպելու ուղղություններով. պետք է փաստել, որ երկար տարիներ կուտակված գեղարվեստական հուշարձանների առկայությամբ բավարար է, և շուտով կարող ենք ակնկալել հիմնավոր փոփոխություններ այս հարթակում:
Գեղարվեստական հուշարձանների տեղադրման կարգը պատասխանում է քանդակների տեղադրման, առաջարկի ներկայացման, ընթացակարգերի կազմակերպման և քաղաքաշինական միջավայրի ձևավորման բոլոր հարցերին և մշակվել է մասնագիտական խմբերի հետ երկարատև քննարկումների արդյունքում (քաղաքաշինության, թանգարանագիտության և կերպարվեստի մասնագետներ):
Արժե՞ արդյոք քաղաքում (ցանկացած) տեղադրել շատ գեղարվեստական հուշարձաններ, և ինչպե՞ս դա իրականացնել. սրանք տարբեր հարցեր են:
Միանշական, արժե դա անել, քանի որ յուրաքանչյուր տեղադրված հուշարձան ենթադրում է քաղաքային կյանքի ու քաղաքաշինական տեսքերի բարեկարգում և բարելավում, որը կարևոր է հանգստի, գեղագիտական ճաշակի և առհասարակ քաղաքացու ձևավորման համար:
Ոչ վաղ անցյալում մենք քաղաքում չունեինք բարեկարգ պուրակներ, և քիչ էին նստարանները և լուսավորությունը, ինչը հասարակության խոցելի խմբերին հավաքում էր բարձիթողի այգիներում ու պուրակներում, և քիչ չեն եղել հանցագործություններ և տարատեսակ դեպքեր:
Ավելին, գեղարվեստական ցանկացած հուշարձան քաղաքաշինությանը ու քաղաքացուն մղում է միջավայրում գտնվող, կառուցվող կամ վերականգվող շենք-շինություններին լինել գոնե համապատասխան: Այդպիսի օրինակ է Հաղթանակի զբոսայգու հատվածի բարեկարգումը, որտեղ հիմա կա անլար համացանցային կապ, և այս պուրակը դարձել է երիտասարդական միջոցառումների հավաքատեղի, մենք մի քանի տարի առաջ դժգոհում էինք, թե մեր երիտասարդությունը նախաձեռնող չէ և ինքնակազմակերպված չէ, մինչդեռ քանդակների պուրակը, որպես ենթակառուցվածք, այսօր հաջողությամբ արձանագրում է այդպիսի միջոցառումներ այգում, և վերջին երեք տարում միջոցառումների քանակը տարեկան կազմում է մոտ հինգ վեցը:
Առհասարակ կարիք կա բաղդատելու քանդակ և պարկային դեկորատիվ քանդակ հասկացությունները, քանի որ առաջինի համար կարելի է աշխատել տարիներով, իսկ երկրորդի կատարումը, լինելով հանրային նախագիծ, տևում է մի քանի շաբաթ և միտված է քաղաքաշինական տեսքերի ձևավորմանը, հանրային աշխուժությանը և հանգստի գոտիների կազմակերպմանը:
Իրական մասնագետները հստակ գիտեն, որ ասենք պարկային քանդակներից ակնկանել, որ դրանք կլինեն կատարված, ինչպես, ասենք, Ռոդենի «Դժոխքի դարպասները» (քանդակվել է մոտ քսանվեց տարի), իմաստ չունի:
Առավել ևս, որ այդպիսի քանդակներն իրականացնում են մի քանի ֆինանսական և տնտեսական աղբյուրներից, և արդյունքում ստեղծվում է ենթակառուցվածք, որը նկատելի է և նպաստում է քաղաքային միջավայրի ձևավորմանը:
Հետևություն, որ բուն արձանագործությունը, երկարատև աշխատանք լինելով, պետք է ունենա ընթացակարգ և մի քանի ընտրության նոր իրականացվի, իսկ դեկորատիվ կիրառական արվեստի պարագայում կարևորը հանրային արժեքն ու նպատակների հստակությունն է, որոնք մեր կողմից բարեխղճորեն ներկայացվում են լայն հանրությանը:
Գյումրին, ձգտում է լինել մշակութային մայրաքաղաք, (ինչը հիրավի այդպես է և պայմանավորված է մեր քաղաքացու՝ արվեստի ու մշակույթի հանդեպ ահռելի սիրով ու ուշադրությամբ), գեղարվեսական հուշարձանները շատ լինել չեն կարող:
Չկա չափանիշ, թե քանի հուշարձան պետք է լինի մեկ հեկտար հողի վրա, և սա հիմնականում կախված է քաղաքաշինական առաջադրանքից և խնդրից: Իսկ մեր դեպքում քանդակագործության նկատմամբ սերը համարվում է այս ամենի ոչ միակ, բայց բավականին ազդեցիկ բացատրությունը: Պետերբուրգի առյուծները մի քանի հարյուր են, և ոչ մեկը չի ասում, որ շատ է կամ քիչ:
Քաղաքի սոցիալական պատկերը կապակցելի չէ մշակույթի հանդեպ սիրո և հարգանքի հետ, քանի որ պատմականորեն Գյումրին մնում է Ջիվանու ասած յոթ վանք շինողների քաղաք։
Մեզ ոգևորում է այն հանգամանքը, որ մեր համաքաղաքացիների ու մասնագետների մոտ ավելացել է հետաքրքրությունը գեղարվեստական հուշարձանների որակի հանդեպ, և կարծում ենք, որ եթե ժամանակին ունենայինք կազմավորված կառույց, ապա քանդակների քանակը, տեղադրումը կընթանար առավել տեսանելի ու կազմակերպված:
Հիմա արդեն ունենք այդպիսի կառույց և հույս ունենք, որ այս հանգամանքը հնարավոր է դարձնում մասնագիտական խնդիրներ քննարկելն ու լուծելը:
Կարծում ենք, որ կարողացանք պատասխանել շատ ու շատ հարցերի և հիմնավորել մի քանի խնդիրներ.
-լավ է, երբ խանութ ու տաղավար տեղադրելու փոխարեն տեղադրվում են գեղարվեստական հուշարձաններ: Դա ենթադրում է իրենից բխող լուսավորություն ու հանգստի գոտի մեր քաղաքացիների համար:
-լավ է, երբ համայնքում կան հուշարձաններ, որոնք կարող են զարգացնել զբոսաշրջությունը և ավելացնել համայնքի համախառն արդյունքը։
-լավ է, որ համայնքը փորձում է ունենալ հուշարձաններ, քանի որ դա ենթադրում է, որ ինչ-որ մեկը կամ կերպարվեստի պես խոցելի խավի որոշ ներկայացուցիչներ ունեն ժամանակավոր աշխատանք:
Հավելենք, որ հետաքրքրվածների մի խումբ էլ, մտահոգված այս ամենով, հնարավորություն ունի իր կարծիքն արտահայտելու:
-լավ է, որ բանավեճի հիմքը մշակույթն ու կերպարվեստն են դառնում, ինչը կրկին անգամ փաստում է, որ համայնքը սոսկ հացիվ չէ, այլ նաև բանիվ է ապրում:
Իհարկե կան գեղավեստական հուշարձան տեղադրելու, տեղափոխելու կամ ապամոնտաժելու կարգ ու հիմք ունենալու և կիրառելու խնդիրները, սակայն կարծում ենք, որ ժամանակի ընթացքում պարկ-թանգարանը կունենա այս բոլոր խնդիրների լուծումները և կներկայացնի հասարակական լայն շերտերի քննարկմանը: