Հասարակության և իշխանության միջև խնդիր կա, որը խանգարում է լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Իսկ այդ խնդիրը բանակցության միջոցով կոմպրոմիսի գնալու բացակայությունն է: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ երկու կողմերն էլ չեն ցանկանում գնալ զիջումների, և բանակցությունները մտնում են փակուղի` անհնարին դարձնելով բանակցությունների շարունակությունը, որից հետո բոլորը շեղվում են բուն խնդրից, պահանջներից` առաջ քաշելով անհասկանալի և խնդրի հետ կապ չունեցող նոր պայմաններ: Ամեն անգամ կրկնվում է այս իրավիճակը, և քաղաքացիական հասարակությունը չի կարողանում ստանալ այն, ինչ պահանջում է, իսկ շարժման առաջնորդները վախենում են բանակցության մեջ մտնել իշխանությունների հետ` մտածելով, որ բանակցության սեղանին նստելով պարտվում են: Ահա և գլխավոր խնդիրը, որ պետք է լինի ուշադրության կենտրոնում: Չկա նման իրավիճակ, երբ առանց բանակցելու խնդիրը լուծվում է, ընդհանրապես խնդրի միակ լուծումը բանակցություններն են և փոխադարձ կոմպրոմիսները: Իհարկե լինում են իրավիճակներ, որ բանակցող կողմերից մեկը շատ ուժեղ դիրքում է գտնվում, օրինակ՝ իշխանությունը և փորձում է չգնալ զիջումների, բայց երբ հասնում ես այն մակարդակին, որ իշխանությունը ցանկանում է նստել բանակցության սեղանին, ապա իմաստ չկա մերժելու այդ առաջարկը: Հարվարդի համալսարանի գիտնականներ Ռոջեր Ֆիշերը և Ուիլյամ Ուրին հարվարդյան բանակցությունների ծրագրով մշակել են մեթոդ` «Բանակցություններ ըստ էության», որտեղ առաջ են քաշում չորս կետ`
1. մշակել փոխշահավետ տարբերակներ,
2. կենտրոնանալ շահերի, այլ ոչ թե դիրքի,
3. տարանջատել բանակցության մասնակիցներին բանակցության առարկայից,
4. աշխատել, որ արդյունքները հիմնված լինեն օբյեկտիվ նորմերի հիման վրա,
1-Երբ չի գործում երկուստեք փոխշահավետ տարբերակներ, ապա բանակցությունները մտնում են փակուղի:
2-Երբ կենտրոնանում ենք դիրքի վրա, ապա խնդրի առաջ ենք կանգնում, չէ՞ որ շահերն են լուծում խնդիրը, եթե առաջարկությունն ընդունելի է մյուս կողմի համար, ապա հարցը լուծված է համարվում:
3- Չէ՞ որ դուք գնացել եք բանակցելու առաջացած խնդրի շուրջ, որպեսզի լուծում ստանաք, իսկ շարժումների ժամանակ շատերը կենտրոնանում են անձերի վրա` մոռանալով, թե ինչի համար են հավաքվել:
4-Այստեղ պետք է բացակայի պոպուլիզմը, և օբյեկտիվ հիմքեր առաջ քաշվեն` մասնագետների, ոլորտի և այլ համապատասխան մարդկանց, կազմակերպությունների: Ահա այն կարևոր պայմանները, որոնց պետք է հետևել, որպեսզի խնդիրները ճիշտ լուծում ստանան: Մենք նույն խնդրին բախվում ենք ամեն անգամ, իսկ վերջում բանակցությունները մտնում են փակուղի: Հիմա նույն իրավիճակն է սահմադրական փոփոխությունների մասով, մի կողմն ասում է՝ պետք չէ, իսկ մյուս կողմը պնդում է, որ պարտադիր է: Դրա համար պետք է հստակ ձևակերպել խնդիրները, օգտագործել այս չորս կետերը և նստել բանակցության սեղանին` ստանալով փոխշահավետ, վերջնական պատրաստի փաստաթուղթ: Զարգացած աշխարհում միակ ճիշտ լուծումն այս ճանապարհով գնալն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=955808301106297&id=100000314094875&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել