Սահմանադրության նախագծի 154-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է հետևյալը. «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է»: 132-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է հետևյալը. «ՀՀ նախագահը վարչապետի աջակությամբ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններին առընթեր ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին»: Իսկ 133-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է հետևյալը. «ՀՀ նախագահը վաչապետի աջակցությամբ նշանակում և ազատում է զիված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը»: Նախագահը շնորհում է նաև զինվորական և դիվանագիտական կոչումներ:
Հատկապես զինված ուժերի պարագայում Սահմանադրության նախագիծը բավականին մեծ խառնաշփոթի առիթ է ստեղծում: Ստացվում է, որ վարչապետը պատերազմական իրավիճակում ստիպված է լինել այն սպայակազմի գերագույն գլխավոր հրամանատարը, որը սկզբունքորեն ձևավորել է նախագահը: ----- Ի դեպ, տեսականորեն նախագահը կարող է ընտրվել՝ ունենալով կառավարության և իշխող կուսակցության զրոյական աջակցություն՝ ընտրվելով խորհրդարանական ընդդիմության և մյուս ընտրիչների միջոցով: 
Դիվանագիտական ոլորտը նույնպես «ռազմական» ոլորտ է, հայտնի է, որ դիվանագետները պատերազմի առաջին գիծն են ներկայացնում, և չափազանց կարևոր է, որ գերագույն գլխավոր հրամանատարը թե՛ նշանակի և թե՛ ղեկավարի ամբողջ դիվանագիտական ծառայությունը:
Խորապես համոզված եմ, որ դիվանագիտական և ռազմական ոլորտի կարգավորումը պետք է լինի նախագահի մենաշնորհը, երկու դեպքում էլ ԱԺ խիստ վերահսկողության պայմանով և կառավարության ֆինանսատնտեսական պարտադիր աջակցությամբ.
Փաստարկ 1. Նախագահը վերկուսակցական է, իսկ դիվանագիտական և զինված ուժերի ոլորտները որևէ կերպ թույլատրելի չէ ենթարկել թեկուզ փոքր գաղափարական ազդեցությունների: Սույն ոլորտները պետք է գտնվեն միայն և միայն ռազմական դոկտրինի գաղափարական շրջանակներում։ 
Փաստարկ 2. Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, և որևէ մեկը չի կարող համոզված ասել, որ առաջիկա 10-15 տարիների մեր երկիրը կվայելի բացարձակ խաղաղություն, սա նշանակում է, որ դիվանագիտության և զինված ուժերի աշխատանքը պետք է լինի գերհամակարգված, միևնույն կենտրոնից։
Փաստարկ 3. Բոլոր ուժային կառույցների (բանակ, ոստիկանություն, ԱԱԾ և այլն) կենտրոնացումը մեկ «կուսակցության տակ» կարող է դառնալ քաղաքական մոնոպոլիայի լուրջ խթան և հարվածել ժողովրդավարությանը: Եվ հակառակը՝ զինված ուժերի ՀՀ նախագահին «հանձնելը» կարող է ուժային զսպման և հակակշռի դեր կատարել երկրում՝ նպաստելով ժողովրդավարությանը:
Փաստարկ 4. Մենեջմենթի հայտնի կանոն է, ցանկացած ղեկավար կարող է ավելի արդյունավետ ղեկավարել այն թիմը, որն ինքն է ձևավորում:
Կան իհարկե նաև հակափաստարկներ, և վստահ եմ, որ հեղինակներն ունեն որոշակի հիմքեր՝ նախագիծը նման ձևով կառուցելու համար: Ուրախ կլինեմ լսել այդ հակափաստարկները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել