PanARMENIAN.Net-ը գրում է.
Ժամանակն է ինտենսիֆիկացնելղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Հիմքեր կան կարծելու, որ ժամանակն է ինտենսիֆիկացնել մեր ջանքերը»,-ասել է Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը: Ինչպես հայտարարել է Լավրովը, հաշվի առնելով արդյունքի հասնելու ընդհանուր տրամադրվածությունը, «մենք կարող ենք ապահովել այդ առաջընթաը»:
Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տևական բանակցությունների հաջող ավարտը հույս է ներշնչում, որ ղարաբաղյան խնդիրը ևս կարող է հանգուցալուծվել: «Կարգավորումը մոտալուտ բեկման ուղու վրա է»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Մինչդեռ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը նախօրեին հայտարրեց, որ չկա և երբեք չի լինի Լենային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում: Պետքարտուղարության ներկայացուցիչն ընդգծեց, որ ժամանակն է, որպեսզի կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու իրենց պատրաստակամությունն ու նվիրվածությունը, չմանրամասնելով՝ արդյոք դա պետք է արվի կողմերի հայտարարությունների՞, թե՞ նախագահների հերթական հանդիպման ձևով:
Օրերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին և խաղաղապահներ տեղակայվեն: Ուորլիքը, փաստորեն, մասնակիորեն հրապարակել է հակամարտության կարգավորման կետերից մի քանիսը, որոնց նա անդրադարձել էր դեռ 2014-ին «Քարնեգի» հիմնադրամում ելույթի ժամանակ: Վերոնշյալից բացի, ենթադրվում է նաև ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, հետագա կարգավիճակի որոշում ժողովրդի կամարտահայտման միջոցով, միջանցքի պահպանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, փախստականների վերադարձ: ՀՀ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ուորլիքի հայտարարությունը, հայտարարել է, որ ընդհանուր առմամբ այն արտացոլում է համանախագահների առաջարկները կարգավորման վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն, ասաց. Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարևորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները և ոչ թե հետևանքները:
«Եթե փորձ է արվում հետևանքներին անդրադառնալ, առանց հաշվի առնելու պատճառները, սա լավ բանի չի բերելու: Այն, որ այսօր ունենք այլ սահմաններ, այլ ռազմաքաղաքական իրավիճակ, պատերազմական պատճառների հետևանք է, եթե այդ պատճառները չեն լուծվում, ո՞նց կարող ենք անդրադառնալ հետևանքներին»,- հավելել է նա: Բաբայանի խոսքով, քանի դեռ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ:



