Վերջերս որոշ քաղաքացիների մոտ նոր մոդա է ձևավորվում բողոքի ձայն արտահայտելու՝ դիմել քաղաքացիական անհնազանդության և փակել ճանապարհներ:
Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնող ցուցարարները մի քանի օր շարունակ փակել էին Բաղրամյան պողոտան, «Ոչ թալանին» նախաձեռնությունը հուլիսի 14-ին մի քանի րոպեով փակեց Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի հատվածը, նաիրիտցիները՝ Բագրատունյաց փողոցը և այսպես շարունակ:
Ինչպես երևում է բերված օրինակներից, այն մարդիկ, ովքեր ինչ-որ բողոքներ ունեն, նախընտրում են փակել փողոցները՝ դա համարելով սահմանադրական իրավունքով սահմանված անհրաժեշտ քայլ:
Սակայն պետք է խնդիրը դիտարկել նաև այլ կողմից. հարց է, թե ինչպես կընդունեին այդ փողոց փակող «հերոսները», եթե մի օր իրենք, ասենք, շտապեին իրենց համար շատ կարևոր հանդիպման կամ բժշկի, սակայն Վալոդիկն ու Վազգենչիկը, ում աշխատավարձն իրենց ընկերության սեփականատերն ուշացրել էր, փակեին փողոցն ու թույլ չտային անցնել փողոցով: Կասկած չկա, որ այս դեպքում «հերոսները» կհայտարարեին իրենց իրավունքների ոտնահարման մասին:
Երբ փողոց ես փակում, մտածիր նաև այդ փողոցով շտապող վարորդի իրավունքների մասին:
Հ.Գ. Մի քանի օր է՝ ինտերնետիս կապը լավ չի, կարելի է հարևաններով հավաքվել, Կոմիտասի պողոտան փակել: