Հիշում եմ, թե ինչ ոգևորություն էր մոտս առաջացնում դեռևս մի քանի շաբաթ առաջ Բաղրամյանի հետ կապված ամեն ինչ, ու խորը հիասթափություն եմ ապրում նրանից, թե ինչ է կատարվում հիմա։ Բայց ամեն ինչ հերթով։
Երեկ երեկոյան անսպասելի նստացույցով նորից ասպարեզում հայտնվեց «Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը կարճ ժամանակով փակեց Հանրապետության հրապարակի մուտքն ու այնուհետև երթով գնաց դեպի Գլխավոր դատախազություն, որտեղ հանձնեցին Սերժ Սարգսյանին ուղղված նամակ, որտեղ նշվում էին նախաձեռնության հետագա անելիքները, որոնք բաղկացած էին երեք հիմնական կետերից։ Ահա դրանք.
1. Թռուցիկների բաժանում ողջ բնակչությանը, որտեղ բացատրվելու են պայքարի պատճառները, ու բացատրելու են մարդկանց խաղաղ քաղաքացիական անհնազանդության պայքարի ձևերը և հորդորելու իրականացնել մարդաշատ խաղաղ հավաքներ Հայաստանի ողջ տարածքում։
2. 5 օրով արգելափակելու են Երևանի և մյուս քաղաքների գլխավոր փողոցները։
3. Երրորդ փուլում կրկին կբաժանեն թռուցիկներ, և կբացատրենք բոլորին, թե ինչու է անհրաժեշտ համակարգված եղանակով հրաժարվել վճարել կոմունալ, նաև հեռախոսակապի վարձերն այնքան ժամանակ, մինչև որ չբավարարվեն ժողովրդի պահանջները։
Կարելի է համաձայնվել կամ էլ չհամաձայնվել պայքարի այս ձևերի հետ, կարելի է միանալ դրանց կամ էլ անտարբեր մնալ։ Խնդիրը դա չէ։ Ի վերջո, «Ոչ թալանին» նախաձեռնության երեխաներին շատ դրական եմ վերաբերվում, ու նույնիսկ եթե նրանք սխալվում են, հավատում եմ նրանց անկեղծությանը։
Սակայն արդեն հաջորդ օրը, այսինքն՝ այսօր, սկսվեց իսկական կլոունադա, երբ պայքարիստ-ակԾիվիստների խմբակը, որն ուզուրպացրել էր Բաղրամյանի տրիբունը, «Ոչ թալանին»-ի գնալուց հետո այնքան հարամություններ էր արել մի քանի օրերի ընթացքում, որ բառացիորեն մեկ շաբաթում կորցրել էր ողջ ժողովրդական աջակցությունը, որոշեց իսկական կլոունադայի վերածել այս ամենը։
Ուրեմն, այսօր տեղի է ունեցել երթ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամների կողմից, իսկ նրանց համակարգող ու ձեռքի հետ էլ նաև մեծ հռետոր ու հեղափոխական, պոտենցիալ մեսիա ու խիստ գրագետ Դավիթ Սանասարյանը փայլել է օրիգինալությամբ՝ հրապարակելով իրենց 3 կետից բաղկացած պահանջները.
1. Առաջին փուլով նախաձեռնությունը նախատեսում է ՀՀ բոլոր մարզերում բաժանել իրազեկման թռուցիկներ և իրազեկել տեղի ունեցածի վերաբերյալ։
2. Հինգ օր անընդմեջ փակ են պահելու մարզերից Երևան բերող միջպետական նշանակության ավտոճանապարհները:
3. Հորդորելու են բոլոր քաղաքացիներին չվճարել էլեկտրաէներգիայի համար:
Ի՞նչ է սա, եթե ոչ ծաղրածուություն։ Չեն կարողանում էլի մարսեն նախանձն ու չեն կարողանում զսպել իրենց ամբիցիաները։ Ու վատն այն է, որ այս իրավիճակը վարկաբեկում է քաղաքացիական պայքարը, ու վաղը, երբ իրոք կարիք լինի կրկին փողոց դուրս գալու, շատ ավելի դժվար կլինի վերստին նվաճել ժողովրդի վստահությունը։ Չնայած այս ամենում մի լավ բան էլ կա. կարծում եմ, որ մյուս անգամ առաջին բաներից մեկը, որ կարվի, դա Սանասարյանին ու պայքարիստներին շարքերից զտելը կլինի, որովհետև դրանք ի զորու են իրենց լուռ ներկայությամբ իսկ պղծել ամեն լուսավոր ու դրական բան։