Բաղրամյան պողոտան ազգային գիտակցության զարթոնքն ավետեց և ընդարմությունից հանեց շատերի քնած հոգիները: Ու ծփանք տվեց համաժողովրդական շարժումը, սասանվեցին Հայաստանն ու հայ ժողովրդին վասալ դիտարկողները, հասկացան, որ «մարսելով» Ավետիսյանների սպանդը, տարիներ շարունակ թալանելով Հայաստանը, կեղտոտ սիրախաղեր տալով Ադրբեջանի հետ՝ վերջապես պիտի կանգնեն մի խումբ խանդավառ երիտասարդների նախաձեռնած ու ժողովրդի կողմից արձագանքված արդար պահանջների բարոյական դատարանի առջև…
Ուրեմն, կարելի է ասել, որ իսկապես ազգային ռոմանտիզմը վերածվեց գործի, վերածվեց բռունցքի…
Բայց այսօր Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում, երբ տուն էի գնում, ականատես եղա մի տեսարանի, որը շատ ավելի սրտաճմլիկ զգացումներ ծնեց իմ մեջ, քան հպարտություն: Մոտ երեք տասնյակ երիտասարդ փակել էր խաչմերուկն ու նստացույց սկսել… Հանուն ինչի՞: Որպեսզի պայքարը չմեռնի՞, որպեսզի ամեն ինչ հասցվի իր տրամաբանական ավարտի՞ն: Կարծես՝ այո: Բայց ինչպե՞ս: Մի՞թե երեսուն հոգին ուժ է, մի՞թե այս մի քանի տասնյակն են արտահայտում հազարավորների կարծիքն ու տրամադրությունները:
Իհարկե՝ ոչ:
Աչքիս առաջ հառնեց ռուս մեծ նկարչի «Բուռլակները Վոլգայի վրա» կտավը, որը երբեք էլ ուժի գիտակցում ու զգացում չի ծնում:
Շարժումը հզոր է, երբ այն միասնական է, նպատակամղված է, իսկ երբ փողոց դուրս գալը դառնում է «խասիաթ», շոգն ու տապը հաղթահարելու միջոց, երբ ինքնանպատակ են լինում քայլերը, ապա հիասթափություն է ձևավորվում, մեծ շարժումն իր վսեմ ընթացքից գահավիժում է նսեմի խորխորատները…
Ուրեմն, պետք չեն փողոցային երթերն առօրյա դարձնել, պարապ վախտի զբաղմունք դարձնել: Այդպես իրականում կմարի շարժումը: Անհրաժեշտ է մշակել նոր մարտավարություն և նոր քայլեր, ապա նոր համընդհանուր ուժերով և համաժողովրդական համախմբմամբ ելնել փողոցներ: Այդ դեպքում հարգանք կձևավորվի շարժման նկատմամբ, նրա ուժը սասանող կլինի… Ու մենք կհասնենք մեր ազգային շատ իղձերի իրականացմանը՝ միշտ ու միշտ շնորհակալություն հայտնելով այն խիզախ ջահելներին, որոնք բոլորիս պարտադրեցին ապրել մի նոր Հայաստանում:
…Իսկ եթե այսօրվա ցույցը նվիրված էր Բաստլիլի գրավման օրվան, ապա լավ կլիներ այն Անգլիական այգում անցկացնել…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/673416249429503?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել