Սոնա Շահգելդյանն այն երգչուհիներից է, ով միշտ ունի ասելիք, եթե նույնիսկ այդ ասելիքը սեփական «ես»-ի շուրջ է պտտվում: Հետևե՛ք նրա խորհուրդներին, սիրե՛ք կենդանիներին, ու կտոր մը մա՛րդ եղեք: Ի դեպ, զրույցում երգչուհին 16 անգամ օգտագործում է «ես» բառը:
Բ.-Կզոհեի՞ք Ձեր կարիերան հանուն անտուն կենդանիների:
Ս.-Եթե պահը գա, գուցե՝ այո: Բայց առանց կարիերայի էլի զոհել եմ շատ բաներ հանուն կենդանիների: Ամեն օր պահում, խնամում եմ նրանց, այդ դեպքում խիղճս հանգիստ է: Առհասարակ, շատ եմ կենդանիներ սիրում:
Բ.-Ինչո՞ւ են մարդիկ քննադատում Ձեզ:
Ս.-Կներե՛ք, բայց մարդիկ ինձ չեն կարող քննադատել, որովհետև ես միշտ լավ ու բարի գործեր եմ անում, իսկ մարդիկ բոլորը չեն, որ այդպիսին են: Որոշ մաս կա՝ շատ նախանձ և պարապ են, միգուցե նաև, ներեցե՛ք, անմակարդակ: Երևի նրանից է, որ խոսելու թեմա չունեն: Ես ուրախ եմ, որ խոսում են իմ մասին, ուրեմն՝ ասելիք ունեմ: Անընդհատ աշխատում եմ: Մարդիկ թող կարողանան իմ նման, կամ մեր լավ արվեստագետների նման գործ անեն, հետո խոսեն: Իմ համար կարևորը մարդ լինելն է:
Բ.-Ի՞նչ հարաբերությունների ունեք Սոֆի Մխեյանի հետ:
Ս.-Ես, երևի, վատ չեմ եղել նրա հետ. նորմալ, լավ հարաբերություններ: Ես շատ բարի եմ, կուզենայի, որ բոլորն էլ բարի լինեին և զիջող: Ես բոլորի հետ եմ լավ, բայց ամեն դեպքում շատ մարդկանց սկսել եմ ճանաչել, տեսնել նրանց իսկական դեմքը: Ես բարեհոգի եմ բոլորի հանդեպ, բայց պահպանում եմ արդեն դիստանցիա շատ մարդկանցից:
Բ. -Ի՞նչ կտար Ձեզ այն տարվա «Լավագույն երգչուհի» մրցանակը, որը չստացաք:
Ս.-Ես ստացել եմ «Տարվա երգչուհի» մրցանակը տարբեր տեղերում և երբեք դրա համար ինձ չեմ կոտորում: Ուղղակի միշտ կողմնակից եմ, որ լինի ճիշտ ընտրություն: Իսկական, լավ երգչուհին միշտ է մնում լավը, կարևորը՝ տաղանդ և ձայն ունենա: Մրցանակները ստիպում են էլ ավելի շատ աշխատել և մնալ մարդ, չփոխվել ոմանց նման: Ես այնպիսի մրցանակներ ունեմ դեռ փոքր տարիքից, և բոլորն էլ շատ թանկ ու կարևոր են ինձ համար, ամեն մեկն ունի իր տեղը և պարտավորեցնում է՝ որպես երգչուհի: Ես ունեմ «Նոր ալիք»-ի մրցանակը, որի մասին ուղղակի խոսքեր չունեմ:
Բ.-Ի՞նչ կանեիք, եթե նորից հիսուն հազար եվրո ունենայիք:
Ս.-Շատ տարբեր բաներ: Օրինակ՝ բարեգործություն, որովհետև ունեմ տուն, ավտոմեքենա՝ ինքս իմ աշխատանքով և հպարտ եմ դրա համար: Եվ ասեմ, որ հեշտ չէ աշխատել այդ գումարը: Պետք է շատ տաղանդավոր լինես:
Բ.-Չե՞ք կարծում, որ չափից ավելի ազատ եք հեռուստադիտողի հետ:
Ս.-Ինչո՞ւ: Ո՛չ, ազատ չեմ: Ազատ եմ ինքս ինձ համար, դրա պատճառով են երևի ինձ շատ սիրում: Ես դիմակներ չունեմ, չեմ կարող մարդկանց խաբել եթերի ժամանակ և կյանքում: Իհարկե, ես համեստ եմ շատ հարցերում: Զարմացա, որ ասացիք՝ ազատ եմ, բայց երևի ազատ լինելն ինձ ուժ է տալիս առաջ գնալու և միշտ սիրով աշխատելու:
Բ.-Ո՞վ է Ձեր ամենալավ խորհրդատուն:
Ս. -Մայրիկս, ընտանիքս և իմ սիրած մարդը՝ իմ կեսը:
Բ.-Ե՞րբ կլսենք Ձեր ամուսնության մասին:
Ս.-Միգուցե դեռ մեծ հարսանիք չանեմ, բայց շատ երջանիկ և ուրախ կլինեմ ամուսնուս հետ կյանքում, հետագայում նաև երեխաներիս հետ: Ես չեմ սիրում անձնականիցս շատ խոսել, դա հենց իմն է: Ես չգիտեմ ուրիշի կյանքը, չեմ էլ ուզում՝ իմը իմանան, կարծում եմ՝ սխալ չեմ անում: Եթե անգամ ամուսնություն էլ լինի, շատ չեմ բարձրաձայնի, որովհետև ոչ մեկին ոչինչ չունեմ ապացուցելու: Ամեն մարդ թող ապրի իր կյանքով, դա ես եմ խորհուրդ տալիս նրանց: Ես շա՜տ ուրախ ու երջանիկ եմ, շա՜տ, շա՜տ:
Բ.-Երեխաներ սիրո՞ւմ եք:
Ս.-Երեխաներ շատ եմ սիրում: Երբ ունենամ իմը, արդեն կյանքս կփոխվի: Առաջ Աստվա՛ծ:
Բ.-Երեք տարօրինակ բան, որոնցով կարելի է տարբերել Ձեզ:
Ս.-Տարօրինակ չեմ ասի. հետաքրքիր, խենթ, համարձակ, հումորային մարդ եմ: Ով կարող է ինձ տարբերել, միշտ տարբերում է ամեն տեղ:
Բ.-Եթե ժամանակ ունենայիք, կհաճախեի՞ք օտար լեզվի դասընթացների:
Ս.-Ես հաճախում եմ, ժամանակը կապ չունի: Նախ ասեմ՝ մարդ պետք է իր մայրենի լեզուն լավ իմանա, երկրորդ՝ լավ կամ խելացի, հասկացող մարդը նա չէ, ով լեզուներ գիտի: Շատ մարդիկ կան, ովքեր լեզուներ գիտեն, բայց հոգու խորքում դատարկ են և անհետաքրքիր: Մարդիկ կան, ովքեր իրենց հայերենը չգիտեն, ու չենք հասկանում՝ հա՞յ են, թե՞ ինչ: Ես հաճախում եմ անգլերենի և կարիք չունեմ մարդկանց բաներ ապացուցելու, իմ գործը երգելն է ու լավ մարդ մնալը:
Զրույցը՝ Համլետ Սիմոնյանի