24 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի հուլիսի 14-ը, ընդունված է համարել Կոլցո օպերացիայի ավարտը։ Այս օրը ադրբեջանական ՕՄՕՆ-ը ու Սովետական բանակն իրականացրեցին ևս երեք գյուղերի տեղահանումը՝ Էրքեջ, Մանաշիդ ու Բուզլուխ։ Մոտ 1100 հայ ենթարկվեց էթնիկ զտման։ Ընդհանուր առմամբ հայաթափված գյուղերի թիվը Շահումյանում ու Հյուսիսային Արցախում հասավ 24-ի։ 10-ից ավել գյուղ էլ հայաթափվեց Հադրութում։ Համոզված եմ, եթե Սովետմիությունը չփլուզվեր, կամ եթե գորբաչովյան իշխանությունները չսթափվեին, ինչը շատ բարդ հավանական էր, ապա Արցախի հարցը կլուծվեր 1992 թվականի ընթացքում՝ Արցախի ողջ հայ բնակչության տարհանումով։
Այս դեպքերի կարևորությունը կայանում է նրանում, որ Արցախի պատերազմի առաջին լայնամասշտաբ ագրեսիան ու ռազմական հանցագործությունը կայանում է հենց այս գործողության մեջ, որը սկիզբ դրեց Արցախյան պատերազմին։ Պետք է հիշել հետևյալը, որ որևէ քարոզչական կոչ կամ հակահայկական հայտարարություն, որով հանդես են գալիս այսօր ադրբեջանցի քարոզիչները, պետք է չեզոքացնել Կոլցո օպերացիայի մասին մեջբերումներով, քանի որ Ադրբեջանի ու Սովետական բանակի համատեղ գործողությունը ռազմական հանցագործություն էր, որին հայերը կամ պետք է հպատակվեին, լքեին տները, դատարկեին Արցախն ու փախչեին դեպի Հայաստանի Հանրապետություն կամ հակահարձակ լինեին ու ընդվզեին։ Հայությունը պայքարեց ու հաղթեց։ Սա ամենակարևորն է, որ պետք է հիշենք ու հիշեցնենք բոլորին, ովքեր այսօր փորձում են նոր պատմություն գրել։
Կոլցո օպերացիային զոհ գնաց 100-ից ավել հայ։ Նույն քանակի մարդիկ մինչ օրս համարվում են անհետ կորած։