Տնտեսությունում սահմանափակ շուկաների առկայության, ինչպես նաև արտաքին և ներքին գործոններով պայմանավորված ոչ այնքան բարենպաստ իրավիճակի պայմաններում կառավարությունը որոնում է դրանց կարգավորման և տնտեսական գործընթացների ակտիվացման համար անհրաժեշտ նոր գործակցություններ:

Մասնավորապես՝ իրացման նոր դաշտի որոնումները, որը համաշխարհային տնտեսությունում առկա բարդ իրավիճակում ՀՀ-ի համար մանևրելու մեծ հնարավորություն կարող է ստեղծել, ինչն էլ իր հերթին կմեղմացնի արտաքին գործոնների բացասական ազդեցությունը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում մամուլում լայն տարածում էին ստացել ՀՀ վարչապետի գլխավորությամբ պատվիրակությունների դեպի Չեխիա, Ֆրանսիա և Ռուսաստան մեկնելը: Վերջիններս հիմնական նպատակը տնտեսական գործունեության համար նոր հնարավորությունների ձեռքբերումն էր:

Հարկ է նշել, որ օրինակ Չեխիայի դեպքում վերը նշված հնարավորությունների օգտագործման մակարդակը բավականաչափ ցածր է։ Այսպիսով, վերջին շրջանում քաղաքական երկխոսության ակտիվացումից կարելի է ենթադրել նաև տնտեսական կապերի աշխուժացման մասին: Առկա տնտեսական պոտենցիալի հնարավորինս շատ ակտիվացման նպատակ էր հետապնդում գործադիրի ղեկավարի այցը այս երկիր, որն էլ իր հերթին ուղեկցվեց ՀՀ-ից 50-ից ավել գործարարների մասնակցությամբ բիզնես-համաժողովի անցկացմամբ:

Հարկ է նշել նաև, որ չնայած նրան, որ Ֆրանսիայի և ՀՀ-ի միջև առկա է տնտեսական գործակցության լուրջ հնարավորություններ, որը, սակայն, վերջին տարիներին հիմնականում չի օգտագործվել, շուրջ 8 տարի վարչապետի մակարդակով այս երկիր այցելության չի եղել, այնինչ, ֆրանսիական ներդրումային կապիտալը կարող է շատ կարևոր դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսության աշխուժացման գործում։ Ըստ էության, վերջին մեկ ամսում գործադիրի ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ֆրանսիա ուղղված էր այդ կապերի թարմացմանն ու գործակցության մեծացմանը: Այդ մասին է վկայում հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ նոյեմբերի սկզբին կկայանա հայ-ֆրանսիական բիզնես ֆորումը, որտեղ կքննարկվեն համագործակցության առաջնահերթությունները։
Հարկ է նշել նաև, որ արդեն իսկ ուրվագծվում են համագործակցության նոր ոլորտները, որոնցից են գյուղատնտեսությունը, առողջապահությունը և զբոսաշրջությունը։

Վերը նշվածից կարելի է փաստել, որ վարչապետի վերջին շրջանի շփումները և ձեռք բերված պայմանավորվածություններն աստիճանաբար սկսում են շոշափելի դառնալ։ Դրանք ուղղված են այլ երկրների գործարար շրջանակների հետ տնտեսական կապերի ավելացմանը, ինչն էլ իր հերթին կարող է արտահայտվել ինչպես ներդրումների ներգրավման, այնպես էլ առևտրային հարաբերությունների մեծացման միջոցով: Ինչևէ, հուսանք, որ գորադրված ջանքերը կտան իրենց պտուղները, և տնտեսության ակտիվացումն ավելի առարկայական կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել