Newsline.am-ը գրում է.

Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝  Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հուլիսի 15-ին Պրահայում հանդիպելու է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ  Զուրաբ Աբաշիձեի հետ։ Կարասինը հայտարարել է, որ այդ հանդիպումը լինելու է 2012 թվականի վերջից իրենց 10-րդ հանդիպումը։

Հանդիպումից առաջ Կարասինը հիշեցրել է, որ այն ժամանակ Բիձինա Իվանիշվիլու գլխավորած  Վրաստանի կառավարությունը պատրաստակամություն էր հայտնել քայլեր ձեռնարկելու համար Ռուսաստանի հետ հարաբերությունների առողջացման ուղղությամբ. «Սկսելով երկխոսությունը՝ մենք քաջ գիտակցում էինք, որ յուրաքանչյուր կողմն ունի իր «կարմիր գիծը»։

Ռուսաստանի համար Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատմական ակտը վերջնական է և անբեկանելի, իսկ Թբիլիսին էլ պատրաստ չէ վերանայել դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին իր որոշումը։

Նման իրավիճակում կողմերի փոխադարձ համաձայնությամբ ռուս-վրացական երկխոսության համար ընտրվեցին այն ոլորտները, ուր կարգավորումը հնարավոր էր թվում՝ առևտուր, տրանսպորտ, հումանիտար շփումներ։ Այդ ձևաչափը գործում է մինչ այսօր։

«Երկու տարում Ռուսաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 1.5 անգամ՝ հասնելով 850 միլիոն դոլարի։ Դեպի Ռուսաստան վրացական արտահանումն աճել է ավելի քան 5 անգամ։ Դա հնարավոր է դարձել գինու ու գյուղմթերքի մատակարարման սահմանափակումների վերացումից հետո։

Վերսկսվել է միջազգային ավտոփոխադրողների ոլորտում համագործակցությունը, վերականգնվել է կանոնավոր ավիահաղորդակցությունը, ինչն առաջին հերթին վերաբերվել է Մոսկվային ու Թբիլիսիին, ապա նաև՝ մնացյալ ուղղություններին՝ ներառյալ Սանկտ Պետերբուրգ, Սամառա, Եկատերինբուրգ, և համապատասխանաբար վրացական Բաթում ու Քութաիսի։ Թռիչքների աշխարհագրությունը հետագայումընդլայնելու համար գոյություն չունի որևէ խոչընդոտ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել