Եթե այս պատմությունն ինձ պատմեին, ոչ թե անձամբ լսեի պատմության հերոսներից, միգուցե չհավատայի: Այսպիսի անհավանական, զարմանալի, հուզիչ ու ցավոտ պատմություն, որ միայն բրազիլական հեռուստասերիալներում կարելի է հանդիպել, իրական կյանքում դժվար է պատկերացնել: Բարեբախտաբար, այս ողբերգությունն էլ սերիալների նման երջանիկ ավարտ է ունեցել:

(Պատմության հերոսների անունները փոխված են):

1990 թվական: Աղետի գոտի: Սպիտակի երկրաշարժից ընդամենը 2 տարի էր անցել: Աննան սպասում էր իր առաջնեկին ու ամեն անգամ, երբ այցելում էր հարազատների շիրիմներին, կրծքի տակի բաբախն արցունքների հետ խլանում էր, նվաղում, ու նոր կյանքի գոյությունն ասես անիմաստ էր դառնում: Բայց նա սպասում էր: Ողջ ընտանիքն էր սպասում առաջնեկի ծնունդին, որն այդքան մահերի դիմաց միակ լուսավոր փոխհատուցումն էր լինելու:

Մի օր էլ, երբ հերթական անգամ այցելում է բժշկին, վերջինս ասում է, որ վիժման վտանգ կա: Այդ ժամանակ, ըստ բժշկի, Աննայի հղիությունը վեցուկես ամսական էր: Մինչ երիտասարդ կինը կհասկանար, թե ինչ է կատարվում իր հետ, երեխան ծնվում է: Այդ ամենը տեղի է ունենում ոչ թե հիվանդանոցում, այլ բժշկուհու տանը, որտեղ նա հիվանդանոցային պայմաններ էր ստեղծել ու երբեմն հղիներին ընդունում էր այնտեղ:

Աննան մղձավանջի մեջ էր, չէր հասկանում՝ ինչ է տեղի ունենում: Այդ ժամանակ բժշկուհին մոտենում է նրան ու տխուր տոնով հայտնում. «Ծնունդ չէր, վիժում էր…Պետք չի, որ տեսնես, մի գունդ միս է՝ ձեռքը դոշին կպած»:

Աննան սարսափած էր, նա ոչ միայն չէր ուզում տեսնել այդ «մսագունդը», այլև ուզում էր փախչել այդտեղից, փախչել հեռու, ջնջել այդ պատկերն իր հիշողությունից…

▪▪▪

«Դեռ մանուկ հասակում միշտ մտածում էի, որ ինչ-որ տեղ ուրիշ ընտանիք ունեմ,-պատմում է Արփին,- չգիտեմ՝ ինչու էի էդպես զգում, բայց համոզված էի: Հետո 14-15 տարեկանում իմացա, որ պահած երեխա եմ (վերցնովի): Բայց ծնողներս միշտ ժխտում էին: 5 տարեկան էի, երբ հայրս ու մայրս բաժանվեցին: Մայրս թողեց, գնաց, քանի որ հայրս խմելու հետ սեր ուներ, չէր աշխատում: Ինձ հայրական տատս էր պահում, քանի որ մայրս առավոտից գիշեր աշխատում էր և միայն իր ազատ օրերին՝ շաբաթական 1-2 անգամ էր ինձ վերցնում: Հետո, երբ մայրս արդեն ավելի ազատ էր, կարող էր ինձ իր մոտ տանել, ես չգնացի, քանի որ շատ էի կապվել տատիս հետ»:

Չնայած Արփին փաստացի ապրում էր հոր հետ, նրանից հայրական ջերմություն, հոգատարություն չէր զգում: Նա, որպես հայր, իր համար պարզապես գոյություն չուներ:

Այդ ողջ ընթացքում ամեն կերպ փորձում էր հասկանալ, թե ի վերջո ո՞վ է ինքը, ովքե՞ր են իր ծնողները, ինչո՞ւ են իրեն լքել, ո՞ւմ արյունն է իր երակներում հոսում: Նա փորձում էր բացել իր կյանքի մութ դռները, բայց դրանք չափից ավելի ամուր էին կողպված: Հարցերը շատ էին, իսկ պատասխան գրեթե չկար: Բոլորը խնամքով թաքցնում էին ճշմարտությունը:

Երբ հայրական տատը մահանում է, Արփին տեղափոխվում է մոր ու մայրական տատի մոտ: 2013 թվականն էր: Նա շարունակում էր հարցուփորձ անել, խնդրում էր, որ գոնե մի փոքր հուշեն, մի փոքր բացեն փակագծերը: Ի վերջո, մայրն ու տատը պատմում են` իբր իր կենսաբանական մայրը մի երևանցի խաբված ուսանողուհի է եղել, ուզել է ազատվել անցանկալի պտղից, և երբ ծննդաբերել է, նրան ասել են, որ երեխան մահացած է, որպեսզի հետագայում չփորձի գտնել նրան: Այդ ժամանակ հայրական տատը վերցրել է երեխային, բերել, որ իր որդին ու հարսը, որոնք վեց տարվա ամուսիններ էին, բայց երեխա չունեին, պահեն, մեծացնեն երեխային:

Ցավոք, հայրական տատն արդեն չկար, որ հաստատեր այդ պատմությունը, և Արփիին այլ բան չէր մնում, քան հավատալ դրան: Ուրախ էր, որ գոնե մարմնավաճառից կամ մի անբարո կնոջից չէր ծնվել:

Այդ պատմությունը, սակայն, ոչ թե վերջակետ է դնում նրա հարցադրումներին, այլ նորանոր հարցեր է առաջ բերում, որոնց պատասխանները թերևս կարող էր տալ միայն մի մարդ՝ այն կինը, որն իրեն ծնել էր: Մորը գտնելու ցանկությունն ավելի ու ավելի էր խորանում: Բայց այդ ժամանակ բարեկամների շրջանում սկսում են շշուկներ պտտվել, թե իբր ինքը հորեղբոր աղջիկն է: Հորեղբայրն էլ վերջերս էր մահացել: Արփին չէր ուզում հավատալ դրան:

Մի օր էլ, երբ հորից նեղսրտած` մոր մոտ ասում է, որ շատ կուզենար` իր մեջ չլինեին իր հայրական կողմի գեները, մայրն ասում է. «Մի անհանգստացիր, դու իրենցից չես»:

«Բա ումի՞ց եմ, գոնե լա՞վ մարդ է հայրս»,- զգուշավորությամբ հարցնում է Արփին: Մայրը ձեռքի բութ մատը վեր է տնկում, որ նշանակում էր` շատ:

Արփին հասկանում է, որ մայրը շատ ավելին գիտի իր կենսաբանական ծնողների մասին, քան ասել է մինչ օրս: «Լավ, ասենք թե ես մորս պետք չեմ եղել, և նա ինձնից հրաժարվել է, բա հայրս, եթե էդքան լավ մարդ է, ինչո՞ւ երբեք չի հետաքրքրվել իմ ճակատագրով»,- հացնում է նա:

Այդ ժամանակ մայրը մի շատ կարևոր տեղեկություն էլ է հայտնում, թե ծնողներն օրինական ամուսիններ են: «Ո՞նց թե ամուսիններ են,- զարմանում է Արփին,- բա ինձ ինչի՞ են սենց արել»:

«Դե, երևի իրենց պետք չես եղել: Չգիտեմ: Ես ոչ մի բան չգիտեմ, փակիր թեման»,-նյարդայնացած ասում է մայրը՝ չթողնելով, որ աղջիկը շարունակի հարցեր տալ:

Բայց Արփիի համար բացահայտումը դեռ նոր էր սկսվում, ու նրա հարցերին ավելացել էին բազմաթիվ այլ անպատասխան հարցեր՝ մեկը մյուսից մութ ու խճճված: «Ամենից շատ ուզում էի գտնել իմ ծնողներին, որպեսզի ընդամենը մի հարց տայի. լավ, եթե ձեզ ասել են, որ ես մեռած եմ ծնվել, ինչո՞ւ եք իմ մարմինը թողել ու գնացել, ինչո՞ւ չեք թաղել»:

Հասկանալով, որ մայրն իրեն ավելին չի պատմի, Արփին սկսում է մորից թաքուն հարցուփորձ անել տատին: Ի վերջո, տատը չի դիմանում թոռան թախանձանքներին և ասում է, որ այո, ծնողներն օրինական ամուսիններ են, ունեն ևս երկու աղջիկ՝ իրենից փոքր, ապրում են իրենց քաղաքում:

«Մի օր էլ շատ համոզեցի, որ մորս անունն ասի: Ես միշտ, չգիտեմ, ինչու, մտածում էի, որ մորս անունն Աննա է: Երբ տատիս հարցրեցի ու նա անունը չասաց, հարցրեցի՝ Աննա՞ է: Տատս զարմացավ՝ որտեղի՞ց գիտես: Ասացի, որ ուղղակի զգում եմ: Հետո ասաց նաև հորս ու քույրերիս անունները»:

Որոշ ժամանակ անց Արփին ինչ-որ խոսակցությունից հասկանում է նաև, թե որտեղ է նրանց տունը:

2015 թվականի մայիսի 17-ն էր: Արփին քայլում էր դեպի այն տունը, որտեղ իր կենսաբանական ծնողերն ու իր քույրերն էին ապրում: Հասնելով տան մոտ՝ պատուհաններից միանգամից հասկանում է, որ այնտեղ մարդ չի ապրում: Պարզվում է՝ նրանք տարիներ առաջ տեղափոխվել էին մայրաքաղաք:

Հարևաններից մեկը հետաքրքրվում է, թե ով է ինքը, բարեկա՞մ, թե՞ պարզապես ծանոթ: «Բարեկամ եմ, իրենց անցյալից եմ հարություն առել,- ասում է Արփին,- իսկ Դուք ինձ որևէ մեկին չե՞ք նմանացնում»: «Հա, Արևիկին (փոքր քրոջը) շատ նման եք»,- շփոթված պատասխանում է հարևանուհին և խոստանում Արփիի հեռախոսահամարը փոխանցել նրանց:

Երկու oր անց նրան զանգում է հայրը: Հանդիպում են: Եթե Աննան քիչ թե շատ այդ մութ ոլորաններով լի պատմության միջով անցել էր ու վարժվել, որ ամեն քայլափոխի կարող է ավելի ու ավելի անհավատալի փաստերի հանդիպել, ապա հոր համար այդ ողջ պատմությունն անհավատալի էր ու անիրական: Մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում նա չգիտեր, թե ինչ պատասխաններ տար Արփիին, քանի որ չգիտեր նաև, թե որտեղից և ինչպես են ծագել հարցերը: «Ասաց, որ կնոջ՝ Աննայի հետ կխոսի, կփորձեն հասկանալ, թե ինչ է եղել իրականում ու նորից կհանդիպեն ինձ հետ»:

▪▪▪

«Ճիշտ է, հղիությունս դժվար էի տանում, քաշս չէր ավելանում, բայց հիմա եմ հասկանում, որ էդ բժիշկ կոչվածը, որը, ի դեպ, ամուսնուս մոր հետ մոտ էր, կարծես ինձ հոգեբանորեն նախապատրաստում էր, որ եթե երեխային կորցնեմ, ծանր չտանեմ,- պատմում է Աննան,- ամեն անգամ, երբ գնում էի մոտը, ասում էր, թե երեխու սրտի զարկերը չի լսում, երեխան լավ չի աճում, սրանից հույս չկա և այլն»:

Եվ այդ չարաբաստիկ օրը, երբ Աննան ծննդաբերեց, բժիշկն արդեն գիտեր իր անելիքը. այդ մի գունդ միսը՝ ձեռքերը դոշին կպած, ոչ թե մեռած երեխա էր, այլ նորմալ ծնունդ, մի գեղեցկուհի աղջիկ, որին, մորից խլելով, 1500 ռուբլիով վաճառեց երեխա չունեցող այդ ընտանիքին:

Երբ ամուսինն Աննային պատմում է Արփիի հետ հանդիպման մասին ու ասում, որ իրենք մի աղջիկ էլ ունեն, Աննայի մտքով անգամ չի անցնում, որ խոսքը 25 տարի առաջ տեղի ունեցածի մասին է: Նա սկսում է մտածել, որ երևի իր աղջիկներից մեկին հիվանդանոցում շփոթել են, ուրիշի երեխա են տվել, ու հիմա իսկական երեխան հայտնվել է: Բայց երբ կամաց-կամաց պարզում է իրողությունը, կյանքը տակնուվրա է լինում, ասես կոցնում է իրականության զգացողությունը: «Ո՞նց կարող էր նման բան պատահել: Ո՞նց կարող էին վերցնել մի երիտասարդ ընտանիքի առաջին զավակին, այն էլ` երկրաշարժից հետո, այդքան կորուստներից հետո, ու վաճառել ուրիշի: Վրեժն ինձ խեղդում է: Մի՞թե անպատիժ պիտի մնան էն բոլոր մարդիկ, որոնք ներքաշված են այս պատմության մեջ: Այս ամենին արդարացում չկա: Ինձ համար այդ օրվանից մարդ արարածը մի հրեշ է, որն ամեն վայրկյան կարող է թիկունքից հարված հասցնել»,- արցունքները խեղդելով՝ ասում է Աննան:

Նա չի կարողանում հասկանալ ու ներել նաև իր աղջկան 25 տարի պահած կանանց, որոնք այդքան տարի թաքցրել են ճշմարտությունը. «Ես կգնահատեի իմ աղջկան պահողներին, ծնկաչոք կգնայի նրանց մոտ էդ 25 տարվա ամակը գնահատելու, եթե նրանք չիմանային պատմությունը: Բժիշկը դա արել է փողի համար, նա մի սատանա է, բայց իրենք, որպես գանձ, տարել են իմ պտուղը»:

Ճիշտ է, 25 տարի անց Աննան գտել է իր աղջկան, բայց այդ ուրախությունը դեռևս թերի է, ցավով ու վրեժխնդրությամբ լի, քանի դեռ արդարությունը լիարժեք չի հաղթանակել, քանի դեռ կան մարդիկ, որ կարող են Աննային մեղադրել՝ մտածելով, թե նա իր երեխային լքելու միտք է ունեցել:

Իսկ բժշկուհին հիմա տարեց, հիվանդ կին է՝ կաթվածահար, անկողնուն գամված: Աննան շատ է ուզում, որ մի օր աղջկան վերցնի, գնա նրա մոտ, և եթե անգամ նա ի վիճակի չլինի խոսելու, նայի նրա աչքերին ու հարցնի. «Սա՞ է ձեռքերը դոշին կպած էն մի գունդ միսը»:

Արփին ասում է, որ չի ուզում ագրեսիայով լցվել որևէ մեկի հանդեպ, անգամ այն կնոջ, որի ձեռքը խլել է իրեն իր ծնողներից. «Չարությամբ ոչնչի չեմ հասնի, իմ 25 տարին ինձ ոչ ոք հետ չի բերի, միայն ինքս ինձ կտանջեմ, իմ հոգեկանը կվնասեմ»:

Աննան այլևս ոչ մի քայլ դստերն իրենից չի հեռացնում: Նա ընտանիքի լիարժեք անդամ է՝ բոլորի կողմից սիրված և ընդունված: Աննային թվում է, որ իր աղջիկը միշտ իրենց հետ է եղել: Այդ զգացողությունը թերևս գալիս է նաև նրանից, որ Արփին չափազանց շատ է մորը նման, կարծես նրա մի մասը լինի:

«Կարևոր չէ՝ երեխային մոր գիրկն են տալիս ծնվելուց 25 վայրկյան հետո՞, թե՞ 25 տարի հետո: Դա քոնն է, վերջ: Արփիի հանդեպ իմ սերը մյուս աղջիկներիս հանդեպ սիրուց ոչնչով չի տարբերվում: Միայն մի բանով. այդ սիրո հետ կա մի մեծ ցավ, ուրախության հետ՝ մի դժբախտություն, գտածի հետ՝ մի մեծ կորուստ»:

Իսկ Արփին արդեն չի պատկերացնում իր կյանքն առանց իր նոր ընտանիքի: Բայց նաև չի ուզում խորանալ, հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել իր հետ. «Եթե խորանամ` միգուցե խելագարվեմ: Պարզապես իմ կյանքը սկսվել է զրոյից: Ես ուղղակի մտածում եմ, որ երևի այդպես էր պետք, այդպես պետք է լիներ: Իրականում այս ամենը ողբերգություն է, բայց ես չեմ ուզում դրան այդ տեսանկյունից նայել»:

Իսկ ի՞նչ են մտածում իրեն պահած մայրն ու տատը: Արդյոք մայրը չի՞ խանդում, որ նա արդեն իր «նոր» ծնողների հետ է: «Ոչ, ընդհակառակը: Նա միշտ խղճի խայթով է ապրել, հիմա, երբ ամեն ինչ պարզվել է, հոգուց մի մեծ բեռ է ընկել, հանգիստ շնչում է, չնայած բժշիկը նրան էլ է խաբել՝ ասելով, թե միևնույն է, մայրս պիտի թողներ ինձ, որպեսզի ինձ ավելի հանգիստ խղճով վերցնեին»,- ասում է Արփին:

Ամենահետաքրքիրն այն է, որ Աննայի մյուս աղջիկը՝ Մարիամը, քրոջը՝ Արփիին գտնելուց մի քանի օր առաջ երկու օր անընդմեջ նույն երազն է տեսել. երազում մի կարճ մազերով կին եկել ու իրենց ասել է, որ իրենք եղբայր ունեն, որը ողջ է ու մի մութ սենյակում է, գնան, գտնեն նրան: Հայրն էլ ասել է՝ ես կգնամ, կգտնեմ իմ տղային:

Այդ երազից միայն մի բան էր հակառակը դուրս եկել. կորած ու գտնված երեխան ոչ թե տղա էր, այլ աղջիկ:

«Ինձ համար Արփիի ծնունդը մայիսի 25-ն է, այն օրը, երբ գտա նրան,- ասում է Աննան,- չգիտեմ՝ զուգադիպություն է, թե ճակատագիր, բայց պարզվեց, որ այդ օրը Կորած երեխաների միջազգային օրն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել