2015-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է 5,5 տոկոս գնաճ: Անցյալ տարվա հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 7 տոկոս, իսկ այս տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 0,6 տոկոս:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների 0,6 տոկոս գնանկումը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների` 3,3 տոկոս, հագուստի և գործվածքի՝ 2,7 տոկոս, վառելիքի` 2,2 տոկոս, կոշկեղենի՝ 0,9 տոկոս գնանկումով: Այգեգործական ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0,3 տոկոսով, լվացող միջոցներինը, դեղամիջոցներինը` 0,2 տոկոսով, գեղահարդարման ապրանքներինը, անձնապիտո ապրանքներինը, գորգեղենինը՝ 0,1 տոկոսով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է խոհանոցային սպասքի, շինանյութերի՝ 0,1 տոկոս, տեքստիլեղենի, գրենական պիտույքների՝ 0,2 տոկոս, ոսկերչական ապրանքների՝ 0,3 տոկոս, կենցաղային էլեկտրաապրանքների 0,9 տոկոս գնաճ, իսկ կահույքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: