Չնայած 1ամիս առաջ ենթադրություն կար, որ այս տարի հայաստանցիները «ծիրանի երես չեն տեսնի»՝ կարկուտի ու սակավության պատճառով, սակայն ավելի քան մեկ ամիս է, որ վանաձորյան շուկան հեղեղված է ծիրանով, ու մեկ ամիս առաջվա 1000-2000 դրամից գինը պարբերաբար իջավ՝ մինչև 100-200 դրամի: Իսկ երբ հուլիսի սկզբից ծիրանի գինը փոքր-ինչ բարձրացավ, մարդիկ սկսեցին «նեղսրտել» հեռուստատեսությամբ, թե թանկացել է ծիրանը (դե երևի թե համ շատ լավն են ուզում, համ էլ գինը մատչելի են ուզում): Իսկ առավելագույնը հասել էր պարզապես 400դրամի... Այս և այլ մրգերի (ինչպես նաև՝ բանջարեղենի) կրկին թանկացումը հավանաբար կապված էր շուկայական «մաֆիայի» «վատ սովորույթի» հետ. ամսվա սկզբից՝ աշխատավարձերի ու թոշակների բարձրացման օրերին բարձրացնել նաև մթերքների գինը, քանի որ այդ օրերին ժողովրդի ձեռքին փող է հայտնվում, ուրեմն «կարելի» է «թեյավճար» գանձել՝ գները բարձրացնելով: Բանջարեղենի ու մրգերի գների փոքր-ինչ բարձրացմանը հուլիսի սկզբին նպաստեց նաև եղանակի զովությունը, քանի որ վաճառողներն արդեն շատ չէին մտահոգ, թե մթերքը կփչանա... Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ կարելի է ասել՝ ոչ միայն ծիրանի, այլև կեռասի գերառատության ու մատչելիության տարի էր: Գյուղնախարարության հավաստիացման, խոստացման ու հեռուստատեսային «լոբբինգի» արդյունքում բնակչության մի ստվար հատվածը հնարավորություն ունեցավ ձմռան պահածոյացման աշխատանքների ներգրավվել տնային պայմաններում, որպեսզի չմնան խանութներում վաճառվող թանկ պահածոների հույսին: «Ժողովուրդ ջան, տարեք՝ կերեք, հետո փակեք, ամառվա ծիրանը ձմեռը տի պահիլ»-իմաստուն-իմաստուն փիլիսոփայում էր մի վաճառող՝ յուրովի մեկնաբանելով ժողովրդական ասացվածքը, թե «Ամառվա մի օրը ձմեռվա տարի է»: Հայը մնում է հայ. ինչքան ուզում է «սեղմեն»՝ միևնույն է, ձմեռվա պահածոները պետք է փակեն. ու փակում են՝ Բիբինի «ինատու», հոսանքի հերն անիծելով (քանի որ գազի թանկության պատճառով բնակիչների մի մասը էներգիայի հույսին է): Անգամ՝ 90-ականների «ճգնաժամային» տարիներին տնակներում ապրելով էին բակերում կրակ վառում, ամռանն ու պահածոյացման աշխատանքներ կատարում... Պահածոյացման բուռն գործընթացի արդյունքում առևտրի որոշ կետերում երբեմն շաքարավազի դեֆիցիտ է լինում, բայց շուկայական «մաֆիան» փոքր-ինչ ըմբռնումային վերաբերմունք է դրսևորում ու գինն առայժմ չի բարձրացնում. տեղ-տեղ անգամ շաքարավազի ընդհանուր գնի նկատմամբ էժանության միտում էլ կա. բայց խոստացվել է, որ դոլարի կուրսի բարձրացման դեպքում գների բարձրացում կլինի, մանավանդ, որ օգոստոսի մեկից հոսանքը կրկին կթանկանա՝ 1 տարում երկրորդ անգամ:
Նյութի աղբյուր՝ http://azatankakh.blogspot.com/2015/07/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել