Տևական ժամանակ է, ինչ տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային են հայտարարվում: Գաղտնիք չէ, որ մեռելոցների օրերը ոչ աշխատանքային հայտարարելու գաղափարն առաջ մղողը Հայ առաքելական եկեղեցին է: Եկեղեցին գտնում է, որ մենք՝ հայերս, լինելով քրիստոնեությունն առաջինը պետականորեն ընդունած ազգ, պարտավոր ենք հետևել քրիստոնեական արժեքներին ու այդ օրերը հայտարարել ոչ աշխատանքային:
Սակայն մյուս կողմից մեռելոցների օրերը ոչ աշխատանքային հայտարարելու արդյունքում վնասներ են կրում գործարարները, քանի որ ցանկացած օր նրանց համար թանկ է տնտեսական առումով, եթե հաշվի առնենք, որ յուրաքանչյուր չաշխատած օրը ենթադրում է որոշակի շահույթի բացակայություն: Այս կարծիքը կիսում են նաև այլ քաղաքացիներ, ովքեր գտնում են, որ մեռելոցի օրերը, որոնք համընկնում են երկուշաբթի օրվա հետ, ոչ աշխատանքային դարձնելով և հաջորդող շաբաթ օրը դարձնելով աշխատանքային, խախտվում է աշխատանքային գրաֆիկը, ծանրաբեռնվածությունը կենտրոնանում է հաջորդող աշխատանքային շաբաթվա վրա, ու արդյունքում հաջորդ շաբաթվա միակ հանգստի օր է մնում կիրակին:
Փաստորեն կարելի է նշել, որ այս հարցում տեսակետները բաժանվում են երկու մասի՝ քաղաքացիների մի մասը դեմ է մեռելոցները ոչ աշխատանքային հայտարարելուն, իսկ մյուս մասը կողմ է՝ ելնելով որոշակի պատճառներից: Սակայն այս խնդրում վերջնական որոշում ընդունելու համար ամենից նպատակահարմար մոտեցումը կլինի լայն սպեկտորով հանրային քննարկման կազմակերպումը, որը հնարավորություն կտա հաշվի առնել կողմ և դեմ կարծիքները, համադրել դրանք և ընդունել որոշում, որը կլինի անենաօպտիմալ տարբերակը: