Վրացիների ձեռքբերումներից խրտնող հայրենակիցներիս կխնդրեմ շրջանցել և չկարդալ գրառումս:
Գնացեք Հ1, Շանթ, Արմենիա, Երկիր Մեդիա լսեք: Այնտեղի Հայաստանը հիասքանչ է, թեև իրականության հետ երբեք կապ չունի:

Բոլշևիկների կողմից առ այսօր կառավարվող հայ հանրությունն արդեն տասը տարի է, ինչ քննարկում է 4 հարևան երկրներից մեզ հետ համեմատաբար լավ հարաբերություններ ունեցող վրացական հրաշքի արդյունքները:

Թե ինչ է արվել Հայաստանում այս 10 տարվա ընթացքում, լավ գիտենք: Իսկ Վրաստանում տեղի ունեցածը հաճախ Հայաստանում միտումնավոր խեղաթյուրվում է՝ սեփական 0-ությունը ծածկելու համար:

Սակայն տարեկան մոտ 450.000 հայաստանցի հանգստանում է Վրաստանում` Թիֆլիսում, Բաթումում, Աջարիայի մյուս հանգստավայրերում: Նրանք անձամբ ականատեսն են դառնում ամեն տարի մի նոր ձեռքբերման, զարգացման, առաջընթացի:

Քիչ չեն նաև հայկական գործարարները, որոնք մասնաճյուղեր ունեն արդեն Վրաստանում: Քանի որ այնտեղ և՛ հարկերն են ցածր, և՛ տոկոսադրույքներն են ընդունելի, և՛ հարկայինն է խղճով, և՛ արտաքին ներդրումներն են շատ:

Ինչո՞ւ են հայ իշխանավորները, պաշտոնյաները, լրագրողներն այսքան վախեցած վրացական փայլուն օրինակից։ Նույն անցյալն ունեցող երկու հարևան ազգեր անկախությունը ստանալուց ընդամենը 24 տարի անց զարգացման տարբեր հարթություններում են:

Ընտրություններ

Վրաստանում ականատես եղանք, թե ինչպես գործող նախագահ Սահակաշվիլին ընտրություններում պարտվեց և հեռացավ երկրի քաղաքական դաշտից:
Հայաստանում երբեք դեռ չի եղելոր ժողովուրդն ընտրությունների միջոցով իր կամքը թելադրի գործող որևէ նախագահին:
Մեզ մոտ դա չի ստացվել ո՛չ 96-ին, ո՛չ 98-ին, ո՛չ էլ առավել ևս հիմա:

Բաթում


Գաղութատիրոջ հետ հարաբերությունները

Վրաստանը ևս ունի գաղութատիրոջ կողմից նախագծած և իրեն ժառանգած տարածքային, ազգային խնդիրներ: Սահակաշվիլին կարողացավ Աջարիայում լուծել դրանցից մեկը` համեմատաբար խաղաղ ճանապարհով, անտեսելով ռուս էմիսարների` Լուժկովի և այլոց խառնակչությունները:
Սահակաշվիլին կարողացավ երկիրը ձերբազատել պարտադրված, երկիրն անընդհատ ստրկացնող խնդիրներից` Օսիայից և Աբխազիայից, և դրանք ի վերջո բարդել Ռուսաստանի վրա, որն ահռելի գումարներ է այսօր ծախսում այդ երկրների «անկախությունը» պահպանելու, բայց իրականում սեփական դեմքը փրկելու համար:

Ինչպիսի՞ն կլիներ Վրաստանն այսօր` չլուծված, տասնամյակներ արյունահոսող, երկիրը հետ ձգող այդ պրոբլեմների ներքո։
Ազատվելով այդ խնդիրներից` Վրաստանն ազատվեց նաև գաղութատիրոջ ուղղակի միջամտության հնարավորությունից:
Վրաստանը, ինչպես և Ադրբեջանը սեփական տարածքից հանեցին ռուսական զորքերը՝ նախապատվությունը տալով բարիդրացիական հարաբերություններ կառուցելուն հարևանների հետ, հրաժարվելով գաղութարարի զորքով անմիջական հարևաններից անվերջ պատսպարվելուց:

Պետական ծառայողներ

Հայաստանի վիճակն այսօր շատ նման է Շևարդնաձեի իշխանության օրերին, երբ նա փորձում էր գոյություն չունեցող Սովետի մոտեցումներով երկիր կառավարել:
Ռեակտիվ կառավարման հայկական ձևը սպառված է, երբ ինչ-որ մի բան պետք է պատահի, պետք է բողոքի ալիք բարձրանա, որ տեղից պատասխանատու մարմինները շարժվեն և սկսեն աշխատել և գործել: Լինի ցանկացած ոլորտ:

Չինովնիկների նշանակումը Հայաստանում կատարվում է միմիայն կուսակցական հավատարմության մոտեցումներով կամ կոալիցիոն բազառների արդյունքում, այլ ոչ թե պրոֆեսիոնալ ունակությունները հաշվի առնելով: Իսկ թե պաշտոնների եղած ճահճում հատուկենտ պրոֆեսիոնալները մեկ տարի անց ինչ որակներ են ձեռք բերում, գիտենք Հրայր Թովմասյանի կամ Վաչե Գաբրիյելյանի պարագայում:

Երիտասարդ կադրերը միայն բազեի ճամբարականներն են կամ ՀՀԿ կուսակցության սրի տակով անցած հլու կարիերիստները:


Գողական աշխարհ

Վրաստանի դպրոցներում գողական սխոդկաներ էին անցկացվում, նրանք ազատ ելումուտ էին անում երկրով մեկ: Սահակաշվիլին դրեց դրա վերջը:

Հայերը այսօր լսում և կարդում են, թե ինչպես են Հայաստանում տեղի ունենում հանցավոր աշխարհի հավաքներ, և ինչպես է ոստիկանությունն անատամ արձագանքում դրանց անցկացման փաստին:


Ոստիկանություն

Սահակաշվիլին 85.000 աշխատակից ունեցող ներքին գործերի համակարգից հեռացրեց 75.000-ը: Նա մեկ օրում աշխատանքից հեռացրեց 14.000 ճանապարհային ոստիկաններին, փոխարինեց նորերով:

Ոստիկանական բաժանմունքների պատերը դարձրեց ապակեպատ, թափանցիկ: Ոստիկանության բաժինները բացվեցին գողերի հին դղյակներում կամ պետականացված օբյեկտներում:
Արդյունքում, այսօր Վրաստանի բնակչության 87 %-ը հավատում է ոստիկանությանը՝ զիջելով այդ ցուցանիշը միայն վրաց եկեղեցուն:
Հայ գրանտակեր ոստիկանների մասին խոսելն անգամ ավելորդ է:


Նախարարություններ

Վրաստանում 18 նախարարությունից մնացել է ընդամենը 13-ը: Իսկ Հայաստանում ինչպես են պաշտոնյաների համար բացվում նորանոր նախարարություններ, չթվարկենք:

Վրաստանում 52 պետական գերատեսչությունից մնացել է 34-ը:

Պետական ապարատի 40%-ը կրճատվել է:

1000 լիցենզավորվող գործունեություններից մնացել է ընդամենը 140-ը:

Առողջապահության ոլորտում անապահովների համար ներմուծվեց անվճար բժշկական ապահովագրություն՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ միայն պետական հավատարիմ ապարատն է ապահովագրվում, ոչ թե անապահով խավը:

Վրաստանում ամրագրված է դրույթ, ըստ որի՝ նոր հարկատեսակ ներմուծելու համար պետք է հանրաքվե անցկացվի: 

22 հարկերից մնացել է ընդամենը 6 հարկատեսակ, իսկ 2012-ից արդեն 4-ը (!!!):

Օդի փող, գույքահարկ, եկամտային հարկ, պարտադիր կենսաթոշակային, հողի հարկ, տեղական բազմաթիվ տուրքերը անծանոթ չեն հայ քաղաքացուն, որը կեղեքվում է օրեցօր բարձրացող գներից:

Վրաստանը բիզնես վարելու հնարավորությամբ 150-րդ տեղից հասավ 11-րդ տեղ:

Վաղամեռիկ Բենդուկիձեի օրոք 4000 պետական օբյեկտ սեփականաշնորհվեց, 2004-2009 թվականների ներդրումների չափը 6.5 մլրդ $ էր: ՀՆԱ-ի 30%-ը ներդրումներն էին և սեփականաշնորհումից ստացված գումարները:
Թե ինչ եղավ Հայաստանի առ այսօր թալանված, կոպեկներով սեփականաշնորհված և առայսօր չաշխատող հարստության հետ, գիտեք բոլորդ:

Սահակաշվիլին լավ կլիներ գար Հայաստան, այստեղ էլ կարգուկանոն հաստատեր, իր փորձը ներդներ մեռնող երկրի մեռած տնտեսության և պետական քանդված մեքենան նորոգելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել