Անցած հանգստյան օրերը ոչ բարենպաստ են անցել թուրք-վրացական և վրաց-ադրբեջանական հարաբերությունների համար:
Պարզվում է՝ Վրաստան-Թուրքիա սահմանային Սարփիի անցակետում արդեն երկրորդ անգամ է՝ ֆիզիկական վիրավորանք են հասցնում Վրաստանի քաղաքացիներին:
Նշված միջադեպից տուժած Թենգիզ Խալվաշին դիմել է Վրաստանի ոստիկանություն՝ բողոքելով թուրք սահմանապահների անմարդկային վերաբերմունքից: Ինչպես ներկայացրել է Խալվաշին, թուրք սահմանապահը, տեսնելով վերջինիս հեռախոսով զրուցելիս, խլել է այն և հարվածել Թենգիզին: Նախորդ դեպքն էլ տեղի էր ունեցել մի քանի օր առաջ:
Մինչ օրս, սակայն, ո՛չ վրացական և ո՛չ էլ թուրքական կողմը չեն արձագանքել նշված դեպքին:
Մեկ այլ միջադեպ տեղի է ունեցել Թբիլիսիում կայացած Թբիլիսիի «Դինամո» և ադրբեջանական «Գաբալա» ֆուտբոլային թիմերի հանդիպումից հետո, երբ ծեծկռտուք է տեղի ունեցել երկու «եղբայրական ժողովուրդների» ներկայացուցիչների միջև: Ադրբեջանցիները հարձակվել են վրացիների վրա, սկսել ծեծել վերջիններիս:
Ի դեպ, այդ միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել նույնիսկ Վրաստանի վարչապետ Ի.Ղարիբաշվիլին, ով ընդհանուր առմամբ դիվանագիտորեն խուսափել է ընդունել ադրբեջանական կողմի մեղքը՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների մեջ սեպ խրողները չեն հասնի իրենց նպատակին, իսկ ծեծկռտուք հրահրողները և մեղավորները կպատժվեն:
Հ.Գ. Վրացական «անաչառության» հերթական օրինակը: