Newsbook.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկել էր ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը, այդ հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են:
Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս մեկ, և վերջին անգամ, առաջարկում է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին` այսօր` մինչև ժամը 12.30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.00-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է նաև, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին: