Araratnews.am-ը գրում է.
Դուք նկատում եք, որ օրվա վերջում ոտքերը ծանրանում են ու այտուցվում:
Բժիշկներն այդ երևույթը ամառվա կլիմայի հետ են կապում:
Շոգն ու տոթը երբեմն հանգեցնում են արյան շրջանառության խանգարման: Ու, փաստորեն, երակներում արյունն ինչպես հարկն է չի շրջանառվում:
Նկատել եք երևի, որ հիմնականում ոտքերն այտուցվում են երեկոյան: Պատճառը պարզելու համար դիմեք համապատասխան բժշկին, քանի որ դա կարող է շատ լուրջ խնդիրների հետևանք լինել, ասենք` երիկամների, երակների, սրտի անբավարարության ևն:
Թվարկենք ամռանը ոտքերի այտուցման պատճառները.
-ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, տևական ժամանակ ոտքի վրա կամ էլ գրեթե նույն դիրքում նստած լինելու հետևանքով.
-ոտքը ոտքին գցելու սովորությունը,
-անհարմար հագուստն ու կոշիկը, հատկապես, եթե այն բարձրակրունկ է
-խիստ սննդակարգերն ու քաղցը,
-սխալ նյութափոխանակությունը,
-ավելորդ քաշը,
-հղիությունը
-երակների լայնացումն ու հարթաթաթությունը,
-երիկամների խնդիրները, ճնշումը, սիրտ-անոթային համակարգի խանգարումները, վահանաձև գեղձի հիվանդությունները,
-աղիքաների հիվանդությունները:
Ինչպե՞ս կարելի է արագ ազատվել այտուցից
Եթե ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով են այտուցվել ոտքերը, ապա լավագույն միջոցը կոնտրաստային ցնցուղն է: Ջրի ջերմաստիճանը կարելի է փոխել 50 վայրկյան տաք` 30 վայրկյան սառը ջրի շիթով:
Վերանայեք ձեր զգեստապահարանը։ Աշխատեք, որ հագուստը նպաստի արյան ազատ շրջանառությանը: Նեղ հագուստը խոչընդոտում է դրան ու հանգեցնում այտուցի. ոտքերը տձևանում են և ուռչում:
Եթե շոգին ստիպված եք անշարժ, նույն դիրքով նստած մնալ ասենք` ավտոմեքենայի մեջ, ապա անոթներում դանդաղում է արյան հոսքը, ու արյունը կուտակվում է զարկերակներում: Որոշ ժամանակ անց, իհարկե, դա կանցնի, սակայն կանխարգելելու համար պետք է կանգառներին հնարավորինս հաճախ դուրս գալ, որ արյունն անոթներով մղվի առաջ: Կամ թեկուզ մեքենայի սրահում փորձեք ոտքերի դիրքը փոփոխել, որ շարժ լինի:
Վերանայեք սննդաբաժինը. մեծ քանակությամբ աղը հեղուկը պահում է օրգանիզմում, ու դրա կուտակումն էլ այտուցի պատճառ է դառնում:
Անոթների առողջության համար В և А, Р, С, РР խմբի վիտամիններ գործածեք` սպանախ, մասուր, գազար, ցիտրուսայիններ, խնձոր, սև հաղարջ:
Բնական միզամուղներ են` վարունգը, խաղողի հյութը, դեղձը, դդմի հյութը, ձմերուկը, կաթով թեյը:
Հնարավոր է, որ դուք քիչ եք շարժվում
Եթե ասենք, ստիպված եք աշխատավայրում երկար նստել, այն էլ` տոթ ու հեղձուցիչ տարածությունում, ապա փորձեք ժամանակ առ ժամանակ` 40-50 րոպեն մեկ թեթևակի մարզումներ անել, ասենք`
-ոտնաթաթերը տարբեր ուղղություններով շարժեք:
-ոտքերի մատներով փորձեք տարբեր մամր իրեր բարձրացնել, աենք` մատիտ.
- փորձեք սկզբում ոտքերի կրունկները հենել հատակին ու թաթը բարձրացնել, կամ էլ` հակառակը,
-փորձեք քայլել ոտքերի մատների ծայրին,
Ու վերջապես, փորձեք մատները տարածել:
Պահպանեք ձեր ոտքերի առողջությունն ու գեղեցկությունը: Խնամեք նաև ոտնաթաթերը, ո՞վ է ասել, թե կարևորը դեմքի գեղեցկությունն է:



