Araratnews.am-ը գրում է.
Հուլիսի 5-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի Բոստոնի տարածաշրջանից Հայաստան ժամանած 46 ուխտավորների` ուղեկցությամբ ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի Վոթերթաուն քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի եւ Մինիսոտայի Սուրբ Պողոս քաղաքի Սուրբ Սահակ եկեղեցու հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի:
Քահանա հայրերը, իրենց որդիական շնորհակալությունը հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար, տեղեկացրեցին, որ այս ուխտագնացությունը դեպի Մայր Հայրենիք թվով հինգերորդն է, որի շրջանակներում Սփյուռքում հանգրվանած հայորդիներին հնարավորություն է ընձեռվում մոտիկից ծանոթանալ ազգային-նվիրական արժեքներին եւ ստանալ Նորին Սրբության օրհնությունը, ապա խանդավառված վերադառնալ դեպի իրենց բնակության վայրերը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունն ու բարձր գնահատանքը փոխանցելով ուխտավորաբար համայն հայության հոգեւոր կենտրոնում գտնվող հավատավոր հայորդիներին, ընդգծեց, որ իր համար շատ հաճելի է տեսնել ուխտավոր հայորդիների հոսքը դեպի Հայրենիք ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` հաղորդ եւ մասնակից լինելու հայ ժողովրդի ազգային ինքնությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում կարեւոր նկատեց նաեւ այն, որ ներկա գտնվող ուխտավորներին հայրենիի հանդեպ ունեցած սերն ու ազգային բարձր գիտակցությունն է առաջնորդել Մայր Հայաստան:
Այս առիթով Նորին Սրբությունը, հայցելով Ամենակալ Աստծու օգնականությունն ուխտավորներին, մաղթեց, որ երանավետ երջանկության զգացումը նրանց մշտապես առաջնորդող լինի, որպեսզի շարունակեն այդ նույն հայեցի ոգով կրթել ու ամուր հավատքով դաստիարակել նաեւ մատաղ սերնդի ներկայացուցիչներին: