Այսօր առավել հաճախ են հանդիպում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, ովքեր օրգազմ չեն ապրում սեռական հարաբերությունների ժամանակ: Օրգազմի բացակայությունը, որպես կանոն, պայմանավորված է երկու գործոններով` ֆիզիոլոգիական ու հոգեբանական, և կարող է ունենալ տարբեր պատճառներ:
Թեմայի շուրջ մեր թղթակցի հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
-Ի՞նչ է կանացի անօրգազմիան:
-Սեռական հարաբերության ժամանակ հանգստանալու (օրգազմ ապրելու) անհնարինությունը սեքսոլոգիական հարց է: Օրգազմը սեքսուալ գրգռման կուլմինացիան է` գագաթնակետը, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի ուժեղ զգացմուվ: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին` էրոգեն գոտիների, հիմնականում` սեռական օրգանների մեխանիկական խթանման դեպքում: Անօրգազմիան սեռական մերձեցման ժամանակ օրգազմի բացակայությունն է: Օրգազմի բացակայությունն՝ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է: Հաճախ այն պայմանավորված է լինում հոգեբանական գործոններով: Անօրգազմիայի դեպքում սեքսուալ խթանումն առաջացնում է գրգռվածություն, բայց օրգազմ լինում է կա՛մ հազվադեպ, կա՛մ բացակայում է ընդհանրապես: Երբեմն կանանց սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է, և նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն՝ առանց օրգազմի:
-Ինչի՞ հետ է այն կապված:
-Այն կարող է պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով` հոգեբանական, ֆիզիկական կամ միջանձնային: Ամեն դեպքում, կարելի է վերականգնել կնոջ օրգաստիկությունը, պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինիս պատճառները: Պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է` հետագայում այդ վիճակն ազդի կնոջ նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և ի վերջո, միջանձնային հարաբերությունների վրա: Հնարավոր է նաև, որ դա ժամանակի խնդիր լինի, հատկապես, եթե զույգը նոր է սկսել սեռական կյանքով ապրել, կարող է ժամանակի ընթացքում օրգազմն աստիճանաբար «արթնանալ», նույնիսկ ծննդաբերությունից հետո:
-Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս երևույթը:
-Կանայք, ովքեր երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նաև օրգազմ «ճաշակելու» հնարավորությունից են զրկվել: Նման դեպքերում կարող են առաջանալ նևրոտիկ տարատեսակ խանգարումներ: Իսկ այն կանայք, ովքեր ունեն կայուն սեռական կյանք և պարբերաբար օրգազմ են ապրում, սովորաբար նման խնդիրներ չեն ունենում: Ընդհակառակը` նրանք գերազանց ինքնազգացողություն ունեն և հոյակապ տեսք: Այսպիսի կնոջ երջանկությունը ներսից է ճառագում:
Հաճախ կանանց մոտ անօրգազմիան անհանգստության, անքնության, ներքին լարվածության, գլխացավերի, որովայնի ստորին հատվածի շրջանում ցավի, զուգընկերոջ հետ գերդրդվածության առաջացման պատճառ է դառնում:
Սկզբնական շրջանում նման ախտանիշներն ի հայտ են գալիս միայն անմիջապես սեռական ակտից հետո, իսկ հետագայում կարող է առաջացնել նևրոտիկ խանգարումներ կայուն ախտանիշներով: Ի հայտ է գալիս զուգընկերոջ հանդեպ սառնություն, հաճախ են լինում կոնֆլիկտային իրավիճակներ, մինչև անգամ փախուստ սեռական մերձեցումից: Տևական անօրգազմային վիճակը հետագայում կարող է առաջացնել փոքր կոնքում կանգային երևույթներ, որն էլ հիմք է հանդիսանում բորբոքային երևույթների համար: Նշված երևույթներից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի:
Նյութի աղբյուրն` այստեղ