Hayeli.am-ը գրում է.
Ամուսնու կողմից կրակոցների ենթարկված Մելինե Ասատրյանը կապաքինվի ու կմեծացնի որդուն: Այս մասին երեկ Հայելի.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժօգնության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը: Գրիգորյանի փոխանցմամբ 27 ամյա կնոջ մոտ դրական տեղաշարժ է նկատվում: «Ներուղեղային վիրահատությունից հետո գիտակցության է եկել, հետվիրահատական նորմալ վիճակում է գտնվում»,-նշեց Արսեն Գրիգորյանը:
Մելինեն բարդ վիրահատության է ենթարկվել և միայն բժշկական պրոֆեսիոնալ միջամտության շնորհիվ փրկվել է: Բժիշկը նշում է, որ երիտասարդ կնոջ մոտ առաջիկա բարդությունները չեն բացառվում: Արսեն Գրիգորյանը նկատեց նաև, որ բժիշկները անում են ամեն բան կնոջ վիճակը կայունացնելու և բարդություններից խուսափելու համար: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ամուսինը 3 անգամ կրակել էր կնոջ վրա, ապա մեկ կրակոցով ինքնասպան եղել։ Բժշկական կոնսուլիումից հետո 27 ամյա կինը ենթարկվել է բարդ վիրահատության:
Մելինեն 3 օր առաջ էր ծննդաբերել: Վաղաժամ ծնված առաջնեկը փոքր քաշով է ծնվել:Եղել է վաղաժամ ծննդաբերություն ՝ 35 շաբաթական: Նորածինը տղա է: