Ցավոք սրտի, աշխարհում այսօր էլ հաճախակի են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը, ընդ որում, ոչ միայն հետամնաց երկրներում, այլև միանգամայն զարգացած ու հարգված պետություններում։ 41-ամյա աֆրոամերիկացի Ուիլիամ Լեոնարդ Դոդսոնը ձերբակալվել է Հարավային Կարոլինա նահանգի ոստիկանության կողմից հենց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար։

Անհավանական է թվում այն, որ նման կերպ կարելի է վարվել սեփական կենդանուդ հանդեպ։ Լուսանկարում դուք տեսնում եք ամերիկացուն պատկանող երիտասարդ ստաֆորդշիր տրիերին, որի մռութը ձիգ փաթաթված է կպչուն ժապավենով, ու անհնար է սառնասրտորեն նայել այդ կադրերը։

Բարեբախտաբար, խեղճ կենդանուն նկատել էին հարևանները, ովքեր ահազանգել էին ոստիկանություն, ինչի արդյունքում Կլեյտոն անունով շանն օպերատիվ օգնություն էր ցուցաբերվել։

Շան ծնոտն այնքան ձիգ էր փաթաթված ժապավենով, որ նրա մոտ խաթարվել էր արյան շրջանառությունը։ Բացի դրանից, նրա լեզուն պինդ սեղմվել էր ատամնաշարի արանքում, ինչի արդյունքում դրա հյուսվածքները սկսել էին մահանալ։ Անասնաբույժների մոտ հայտնվելու պահին կենդանու վիճակը կրիտիկական էր, որովհետև շատ մեծ էր արյան վարակի հավանականությունը, որն անխուսափելիորեն կբերեր կենդանու մահվան։

Բարեբախտաբար, Կլեյտոնը հայտնվեց հմուտ անասնաբույժերի ձեռքերում, ովքեր ոչ միայն փրկեցին խեղճ շան կյանքը, այլև վերականգնեցին վնասված հյուսվածքներն ու օրգանները։

Սադիստ տիրոջը սպասում է դատ, որի արդյունքում նրան կարող են ընդհուպ մինչև 5 տարի ազատազրկման դատապարտել ու տուգանել 6000 դոլարով։

Ինչ վերաբերում է Կլեյտոնին, ապա նա հիմա ռեաբիլիտացիա է անցնում շների ապաստարանում։ Նա արագ ապաքինվում է, ու նրա ապրած սարսափի մասին հիշեցնում է միայն մռութի վրայի շրջանաձև սպին, սակայն անասնաբույժները վստահեցնում են, որ ժամանակի ընթացքում այն ևս գրեթե կանհետանա ու նկատելի չի լինի։

Բարեբախտաբար, այս պատմությունը «հեփփի էնդ» ունեցավ, և շնորհիվ մտահոգ քաղաքացիների՝ հաջողվեց փրկել կենդանու կյանքը և պատժել անխիղճ սադիստին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել