Դժվար թե կարելի է պատահական համարել այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի կտրուկ բարձրացման նախաձեռնությունն ու երևանյան բողոքի ցույցերի ալիքը հաջորդեցին Որոտանի ՀԷԿ-ի գործարքի հաստատմանը: Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գործում բացառիկ շահագրգռվածություն դրսևորեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Դժվար թե Հայաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր լուրջ հիմքեր կունենան ասելու, որ մեր երկրում էներգակիրների վաճառքի գործընթացը զերծ է կոռուպցիոն բաղադրյալից. առնվազն էլեկտրականության և գազի մատակարարումը շարքային սպառողին իրականացվում է այնպես, որ մարդիկ չգիտեն, թե իրենց վճարած գումարները քանի տեղ են բաշխվում, ու քանի մասնավոր գրպան են լցվում մութ աճպարարությունների արդյունքում: Կարելի է ենթադրել, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը խախտեց մինչ այժմ գոյություն ունեցած պաշտոնական ու գաղտնի փողաբաշխման համակարգի բնականոն աշխատանքը, և դա, հավանաբար, կապված է այն հանգամանքի հետ, որ էլեկտրաէներգիայի գոնե այդ արտադրողը չի պատրաստվում մասնակցել ստվերային գործարքների: ՀԷՑ-ի ռուսաստանյան տերերն արդեն ասում են, որ պարտքերը կուտակվել են այն պատճառով, որ ընկերությունը ստիպված է եղել արտադրողներից էլեկտրաէներգիա գնել անարդարացիորեն բարձր գնով՝ ակնարկելով, որ դա արվել է ՀՀ իշխանությունների պահանջով: Սակագնի խնդրի հետ կապված զարգացումները ՀՀ և ՌԴ իշխանության ներկայացուցիչներին հանգեցրին ՀԷՑ-ի գործունեության համատեղ աուդիտ անցկացնելու որոշմանը: Սա մի նոր հանգրվան կարող է դառնալ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական վերնախավերի փոխհարաբերությունների զարգացման համատեքստում՝ աուդիտի արդյունքում ռուսական կողմը կարող է հայաստանյան իշխանական և մերձիշխանական շրջանակների հանդեպ նախաձեռնել կոռուպցիոն զտումների գործընթաց, որին հակազդելու հնարավորություն և գուցե ցանկություն էլ չի ունենա պարոն Սերժ Սարգսյանը: Մեծ հաշվով, հնարավոր բացահայտումների արդյունքում հարվածի տակ կարող են ընկնել ՀՀ կառավարության ոչ միայն գործող, այլև նախկին անդամներն ու տարբեր կարգի չինովնիկները: Այլ հարց է, թե արդյո՞ք ռուսական կողմը կցանկանա սկանդալային բացահայտումների միջոցով իրավիճակ փոխել Հայաստանում, թե՞ կնախընտրի անդրկուլիսային շանտաժի մեթոդը: Բոլոր դեպքերում համատեղ աուդիտը Կրեմլին տեսականորեն հնարավորություն կընձեռի Հայաստանում անել այն, ինչն ամերիկացիներն արեցին Վրաստանում նախագահ Սահակաշվիլիի միջոցով, և իրենց բացառիկ ազդեցության ներքո գտնվող փոքրիկ մեր երկրում ռուսական ժողովրդավարության մինչ այժմ անհայտ մոդել կկառուցեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.melikyan.33/posts/634971593305202?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել