ՄԻԱԿ քարտուղար |
Այն, որ խորհրդարանական կառավարումն իր բնույթով առավել ժողովրդավարական է, թերևս ոչ ոք չի վիճարկում: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ երբ «ուղեղներիս փչի», պետք է բարձրացնենք խորհրդարանական կառավարման անցնելու հարցը: Պետք է հասկանանք, որ այդ գործընթացը խիստ բազմաշերտ է: Եվ այստեղ խնդիրը սահմանադրական փոփոխությունների և օրենսդրական ներդաշնակման մեջ չէ, այլ առաջին հայացքից շատ պարզ հարցադրումների տիրույթում է: Մասնավորապես.
առաջին`արդյոք այսօր մենք ունե՞նք բոլոր առումներով (ինստիտուցիոնալ, գաղափարական, կադրային) կայացած կուսակցություններ կամ կուսակցական համակարգ, որին/որոնց, ըստ էության, պետք է հանձնենք իշխանություն ձևավորելու քաղաքական մենաշնորհը,
երկրորդ` արդյո՞ք կառավարման կիսանախագահական կամ խառը ձևը այլևս սպառել է իրեն, և մենք կենսական խնդիր ունենք օր առաջ ազատվելու դրանից,
երրորդ, որը նաև երկրորդի տրամաբանական շարունակությունն է` արդյոք մեզանում պառլամենտարիզմի ավանդույթները այնքա՞ն են արմատավորվել և դարձել մեր քաղաքական մշակույթի անհրաժեշտ բաղադրիչը, որ կարող ենք արդյունավետ հաղթահարել ներքաղաքական հնարավոր ճգնաժամերն ու կատակլիզմները,
չորրորդ` ժողովրդին հարցրե՞լ ենք՝ ինչ հեղինակություն ունի ԱԺ-ն, և արդյոք նրանք պատրաստ են այս մարմնին վստահել վերջին ատյանի քաղաքական որոշումներ կայացնելու մանդատը,
եվ վերջապես, որքանո՞վ է նպատակահարմար «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում խորհրդարանական կառավարումը:
Սա հարցադրումների ամբողջական ցանկը չէ, սակայն եթե նույնիսկ առաջնորդվենք վերոնշյալով և փորձենք թեկուզ ոչ փորձագիտական մակարդակով պատասխանել այս հարցադրումներին, ապա հետևությունը մեկն է. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՁԵՎԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է և քաղաքական այս շրջափուլում չի կարող դառնալ քաղաքական օրակարգ ձևավորող առանցքային գործոն...