Հատուկ նրանց համար, ովքեր Կիսելյովին սարքել են մատի փաթաթան ու հրաժարվում են տեսնել ակնհայտը. ժողովուրդ, երեկ հանրահավաքը հարամ անողները գրեթե բոլորը մեկ մարդու պես ամերիկյան կատարածուներ էին: Իրենք առաջին օրերից էլ այնտեղ էին, բայց կարողացան ալիքը շեղել միայն 7-րդ օրը: Ու որպեսզի ասածս մերկապարանոց չլինի, եկեք տեսնենք, թե ովքեր երեկ ուղղորդեցին լյումպենացված զանգվածը, ու ինչ տերերի ծառաներ են դրանք:
Հիմնադիր խորհրդարան
Ամենաակտիվը բողոքի ալիքը պղծելու առումով Հիմնադիր խորհրդարանն էր: Իսկ ովքե՞ր են նրանք. արդեն վաղուց ՀԽ-ն մերկացվել է ԱՄՆ դեսպանատան հետ սերտ կապեր ունենալու համար, ընդ որում, այդ սերտ կապերն առկա են ինչպես կուսակցական վերնախավի մակարդակով (օրինակ՝ Կարո Եղնուկյանը), այնպես էլ շարքային հետևորդների մակարդակով (օրինակ՝ բնապահպանները, որոնց վերելքը սկսվեց նրանով, որ ՊետԴեպի պատվերով ամերիկյան կապիտալի լոբբինգ էին անում ՀՀ հանքաարդյունաբերության ոլորտում):
Ազատ դեմոկրատներ
Քոքոբելյանի այս կառույցն ամենասերտ կապերն ունի ամերիկյան քաղաքական իսթեբլիշմենթի հետ: Ազատ դեմոկրատները նույնիսկ մասնակցում են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարներին, դե իսկ Ալիկ Արզումանյանը դեռ վաղնջական ժամանակներից է ինքն իրեն նվիրել ԱՄՆ-ին ու ամերիկյան շահերին:
Անդրիաս Ղուկասյանի ակտիվը
Թեև Անդրիասը երեկ չէր երևում, բայց կրկին առաջին շարքերում էր նրա ակտիվիստական դրուժինան, որոնք գրեթե ամբողջական կազմով բազմիցս այցելել են Մայդան ու վերապատրաստվել նույն այն կենտրոններում, որտեղ պատրաստում էին ուկրաինական Մայդանի հիմնական կադրերին: Դե իսկ Անդրիաս Ղուկասյան-Իգոր Մուրադյան տանդեմն էլ նոր չի հայտնի դարձել՝ որպես ամերիկյան շահերի լոբբիզմով զբաղվող միավոր մեր հասարակական-քաղաքական դաշտում:
Տարբեր ՀԿ-ներ
Անասելի ակտիվ էին տարատեսակ հասարակական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են Արևմտյան հիմնադրամներից ու դեսպանատներից: Սաքունցն արդեն վաղուց չի էլ ընկալվում որպես ՀՀ քաղաքացի, դե իսկ դրա Հելսինկյան կոմիտեն գլխավոր գրանտակերներից է: Լևոն Բարսեղյանն՝ իր «Ասպարեզով» հանդերձ, հանդիսանում է Գյումրու մասշտաբով ամենալուրջ հասարակական ուժը, որ զբաղվում է արևմտյան շահերի լոբբինգով ու հակառուսականության սերմանմամբ, իսկ Գեորգի Վանսյանի ադրբեջանական ֆիլմերի փառատոնին տանիք տալու նրա որոշումը շատերն արդեն մոռացել են, բայց ոչ բոլորը: Սրանցից զատ, այնտեղ ու ֆեսյբուքում ամենաակտիվ գործունեություն էին ծավալում ամենատարբեր ավելի մանր-մունր ՀԿ-ներ, որոնք էլի ուղղակիորեն սնուցվում են գրանտերի միջոցով, որոնք ստացվում են ԱՄՆ և եվրոպական երկրների դեսպանատների հետ սերտ հարաբերությունների շնորհիվ:
Այս ցուցակը կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է ընդհանուր պատկեր ունենալու համար: Գուցե կան միամիտներ, որոնք հավատում են պատահականություններին, բայց երբ ես տեսնում եմ, որ ընդզման ալիքը ծայրահեղացնելու ու քաղաքականացնելու հարցում ամենալուրջ դերակատարները մեկ մարդու պես ԱՄՆ դեսպանատան հաճախորդներ են, ես հրաժարվում եմ վերագրել դա պատահականությանը: