Newsline.am-ը գրում է.
ԵՄ-ն մինչև 2016 թվականի հունիս մշակելու է եվրոպական անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ամրապնդմանն ուղղված առաջարկները: Դրա մասին, ТАСС լրատվական գործակալության համաձայն, ԵՄ-ի գագաթաժողովի արդյունքներն ամփոփելիս հայտարարել է Եվրոպական խորհրդի քարտուղար Դոնալդ Տուսկը:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ի` 2016 թվականի հունիսին նախատեսված գագաթաժողովում համապատասխան թեմայով առաջարկներ ներկայացնելու լիազորությունը տրվել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիին:
Տուսկի խոսքերով` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ԵՄ-ի առաջնորդներին իրազեկել է հիբրիդային պատերազմների, համաշխարհային ահաբեկչության ու կիբեր հարձակումների ժամանակաշրջանում ի հայտ եկած նոր սպառնալիքների մասին.«Առաջնորդներն անվտանգության աճող մարտահրավերների ֆոնին որոշել են, որ ԵՄ-ին անհրաժեշտ է միջազգային քաղաքականության ու անվտանգության քաղաքականության նոր ռազմավարություն: ԵՄ-ն պետք է ներդրում անի սեփական պաշտպանությունում, որպեսզի լուծի անվտանգության ոլորտում դրամատիկ փոփոխությունների հարցը: Մենք որոշել ենք, որ եվրոպական հիմնադրամները պետք է մոբիլիզացվեն, որպեսզի օգնեն ուժեղացնել ԵՄ-ի պաշտպանական ոլորտը` ներառյալ տեխնոլոգիաներն ու հետազոտությունները»: