Նայում եմ, թե ինչ ճակատամարտեր են ծավալվում ռուս-ուկրաինական խմբերում ու էջերում, որտեղ մեկնաբանություններում մոլեգնում են թեժ բանավեճեր «Հայկական մայդանի» վերաբերյալ, ու մի տեսակ զավեշտ եմ տեսնում այդ ամենում, առավել ևս, երբ ամեն հայ, ով փորձում է նկարագրել, թե ինչ է կատարվում իրականում, միանգամից հերետիկոս է կնքվում թե՛ ուկրաինացիների, թե՛ ռուսների կողմից...
Ինչպե՞ս անենք, որ ռուսներն ու ուկրաինացիները թարգեն քննարկել մեր հարցը։ Ի սեր աստծո, մենք ինքներս մեր հարցերը կհոգանք՝ առանց ձեր խորհուրդների ու մտահոգությունների։ Այստեղ մայդան չկա, կա բարդ իրավիճակ, որը լուծում է պահանջում, բայց չեմ կարծում, որ ռուսները, ուկրաինացիներն ու ցանկացած այլ օտար լավ խորհրդատու է։
Ռուսների մասով. եղբայր, եթե այդքան իմաստուն ու խոհեմ եք, զբաղվեք ձեր երկրի հարցերով։ Հանդիսանալով նավթ ու գազ արդյունահանող ու արտահանող երկիր՝ դուք թանկ բենզին ունեք։ Աչքներիդ առաջ օլիգարխները թալանեցին երկիրն ու առ այսօր իշխանական բուրգի հիմքում են, իսկ դուք ընդվզում եք միայն ինչ-որ 15-րդական հարցերի դեպքում, մեկ էլ երբ Մոսկվայում չեչենները լեզգինկա են պահում։ Հայերը դեռ մի բան էլ ձեզ կարող են դասեր ու խորհուրդներ տալ, թե ինչպես պետք է գործել՝ որպես կոնսոլիդացված քաղաքացիական հասարակություն։
Ուկրաինացիների մասով. սա ամենազավեշտալին է... Ուրեմն, մեզ խորհուրդ են տալիս նրանք, ովքեր իրենց իսկ ձեռքով կործանեցին հետխորհրդային տարածքի ամենահանգիստ, ամենաբարեկեցիկ ու ամենախոշոր երկրներից մեկը, բերեցին ու հասցրեցին ամեն ինչ քաղաքացիական պատերազմի ու այսօր 3 անգամ ավելի բարձր սակագներ են վճարում, քան մինչև Մայդանը ու այսօր իրենք մեզ ուզում են խորհուրդներ տալ, թե ինչը ոնց անել. Ուկրաինայից խորհուրդ պետք կգա միայն այն պարագայում, եթե մեր հասարակությունը որոշի զանգվածային ինքնասպանության դիմել։
Ու առհասարակ, գնալով հակվում եմ այն մտքին, որ առնվազն մեր այս հարցում մենք առժամանակ պետք է դադարենք ուշադրություն դարձնել, թե ինչ են խոսում դրսում ու ինչ են կարծում այստեղ կատարվող իրադարձությունների շուրջ։ Ավելի լավ է կենտրոնանալ ու գործով ապացուցել, որ իրենք բոլորն էլ սխալ են, ու Հայաստանում մենք կարողանում ենք վեր հանել կենսական նշանակության հարցեր ու հասնել դրանց լուծմանը և խորհրդատուների կարիք ամենևին չունենք։ Ունենք միասնականության ու համբերության կարիք, որն ինքներս մեզնով կճարենք՝ մեր ազգային ռեսուրսի հաշվին։