Պետք է խոստովանեմ, որ այս իրադարձությունների համատեքստում իրեն փայլուն է դրսևորում հայաստանյան մեդիա դաշտը, որը ոչ միայն սպառիչ տեղեկատվություն է մատուցում ներքին լսարանի համար, այլև կարողանում է հակազդել դրսից եկող ապատեղեկատվական ու սխալ շեշտադրումներով մեդիա հոսքերին ու փոխել դրանց ուղղվածությունը։ Ասածիս վառ օրինակն էլ թող լինի օր օրի փոփոխվող տոնայնությունը ռուսական ԶԼՄ-ներում։
Այսինքն, երբ ուզում ենք, կարողանում ենք, ու դա հավասարապես վերաբերում է ինչպես բուն ցույցին, այնպես էլ լրագրողներին ու խմբագիրներին։ Երբ կա հարցի կարևորության գիտակցում, ու երբ կա պրոֆեսիոնալ էթիկային հավատարիմ մնալու ցանկություն, հայկական մեդիա դաշտը կարող է օրինակելի դառնալ ցանկացածի համար։
Ես գնալով հակվում եմ այն կարծիքին, որ, անկախ ամեն ինչից, այս ընդվզումը շատ օգտակար է լինելու մեր հասարակության համար ոչ միայն սակագնի հարցում, այլև մեր քաղաքացիական հասարակության ու դրա կարևորագույն հիմնասյուների թռիչքային աճի առումով, մնում է, որ այդ աճը չչորանա, երբ ամեն ինչ ավարտվի, ու նույն քաղաքացին մնա նույն քաղաքացին, լրագրողը մնա լրագրող, ոստիկանն էլ ոստիկան, ու այդ ժամանակ մենք կունենանք նոր որակի հասարակություն և որպես հետևանք՝ նոր որակի պետություն։