60-ամյա տիկին Շուշանը խնդրեց պայմանականորեն այդպես անվանել իրեն ու հասկանալի պատճառներից ելնելով` չնշել անունը: Նա այն բազմաթիվ «մոլորվածներց» էր, ով պատահական ու ակամա վարակվել էր աղանդավորություն կոչվող «հիվանդությամբ», ու այն եզակիներց է, ով ի վերջո դարձի է եկել: Ներկայացնում ենք նրա բացառիկ պատմությունը:  

-Ե՞րբ եւ ինչպե՞ս հայտնվեցիք այդ «ճահճի» մեջ:

-Մի 10 տարի առաջ էր: Աղջկաս հետ դժբախտ պատահար տեղի ունեցավ` ավտովթարի զոհ դարձավ: Ընտանիքով գժվել էինք վշտից, չէինք համակերպվում մտքին, որ Սոնաս էլ չկա: Այնքան խորն էինք սգում, որ մի ընթացք ես ու ամուսինս կարծես մեկուսացած լինեինք աշխարհից, մարդկանցից: Մի անգամ բարեկամուհիս ինչ-որ անծանոթ կանանց հետ մեր տուն հյուր եկավ: Սկզբում զրուցում էինք կենցաղային, առօրեական թեմաներից, հետո սկսեցին դստերս մասին խոսել, մահվան ու դրախտի մասին: Ու խոսակցությունն այնպես պտտվեց, որ սկսեցին համոզել, թե Սոնաս չի մահացել, մեկ այլ աշխարհում է: Եվ երբ հոգեպես ինչ-որ հասուն մակարդակի լինեմ, կկարողանամ տեսնել նրան, խոսել հետը: Ինձ գրքեր նվիրեցին, մխիթարանքի խոսքեր ասացին ու գնացին: Այսպիսի հեքիաթների չեմ հավատում. ուրիշ կյանք, ուրիշ աշխարհ… Բայց այնքան մեծ էր ցանկությունս գոնե մի անգամ տեսնել աղջկաս: 

-Ինչո՞վ էիք զբաղվում աղանդավորների հետ: 

-Ա՜խ, զարամանում եմ, հասուն կին էի, այն էլ` մանկավարժ, ինչպե՞ս կարողացա դրանց «խելքին ընկնել»… Հատուկ ժողովների տեղ ունեին: Մի 30 հոգի կլինեին բոլորով` «քույրերով ու եղբայրներով»: Փոքրիկ երեխաներից սկսած բերում էին իրենց հետ: Աղոթում էինք, երգում էինք, մեր ընտանիքներից ու մյուս «անհավատներից» էինք խոսում, որոնք իրականում իսկական հավատացյալներն էին: Ամեն ամիս հատուկ ժողովներ էին տեղի ունենում, որի ընթացքում ծրագրի նման մի բան էին կազմում, թե ինչ արդյունավետ միջոցներով կազմակերպեն հոգեվորսությունը, որը հոգիների փրկություն էին կոչում իրենք: 

Ժամանակն անցնում էր եւ աղջկաս այդպես էլ չէի տեսնում: Կարծես թմրած վիճակի մեջ լինեի: Նրանք էլ համոզում էին` շուտով, շուտով, դեռ ժամանակը չէ ու այլն: 

-Այդ ընթացքում ի՞նչ ինքնազգացողություն ունեիք: 

-Ճիշտն ասած` տարօրինակ երևույթներ էին հետս կատարվում: Անընդհատ գլխացավեր էի ունենում, գիշերները չէի քնում, տանեցիների հանդեպ նյարդային էի դարձել: Նույնիսկ մի ընթացք կարծում էի, թե բացի «քույր-եղբայրներիցս» էլ ոչ ոք իմ լավը չի ուզում: Բոլորի հանդեպ թշնամացել էի: 

-Ի՞նչ պատահեց, որ դարձի եկաք: 

- Ա՜խ, Աստծո զորությամբ, ճշմարիտ ու միակ մեր Աստծո: Հետաքրիքիր մի բան պատահեց հետս: Գիշերը երազումս աղջկաս տեսա: Ձեռքին եկեղեցու նկար կար, ես փորձում էի իր հետ խոսել, բայց նա լռում էր ու անընդհատ այդ եկեղեցին էր մատնացույց անում, այդպես էլ հետս չխոսեց: Այնքան ազդեցիկ երազ էր. լացելով եմ արթնացել: Հենց նույն առավոտը շտապեցի նկարում պատկերված եկեղեցին: Անկեղծ եմ ասում, կարծես «Անառակ որդու վերադարձը» լիներ: Մասնակցեցի ժամերգությանը, զրուցեցի հոգեւորականի հետ ու հետզհետե աչքերս բացվել սկսեցին: Հասկացա, որ ուղիղ մեկ տարի մղձավանջի մեջ եմ եղել, մոլորության ու ստի մեջ: 

Ի դեպ, ասեմ, որ դրանից մի քանի ամիս հետո աղջկաս կրկին տեսա երազումս: Այնքան խաղաղ ու զվարթ տեսք ուներ, խոսեց հետս: 

-Իսկ այժմ քրիստունեությունն ի՞նչ տեղ ունի Ձեր կյանքում:

-Միակ խաղաղությունն է իմ, միակ հույսն ու օգնականը: Այն ինձ առողջացրեց, որովհետեւ հիմա եմ ավելի լավ հասկանում, թե ինչ մեծ խավարի մեջ էի ու դեռ ինչ էր ինձ սպասում: Աստված է լույսի միակ ճանապարհը ցույց տվողը: Ես ամեն կիրակի եկեղեցի եմ գնում ու շատ հաճախ մտքումս կրկնում` փառք քեզ Աստված: 

Ցավոք, այսօր քչերին է այդպիսի հաղթանակ հաջողվում: Գուցե վերջերս դարձի չգալու համար բարենպաստ պայմաններն են ավելացել, բայց, համենայն դեպս, հարկ է չմոռանալ, որ մենք ենք մեր հավատքի տերերն ու պահապանները: Եկեղեցին ճշմարիտ հավատացյալներով է ազդեցիկ: Եվ յուրաքանչյուրիս պարտքն է ներդրում ունենալ մարդկային ընկալման մեջ քրիստոնեության անաղարտության պահպանման գործում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել