Araratnews.am-ը գրում է.
Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայում քաղաքացիների հետ զրուցում էր Վալերի Օսիպյանը: Փոխոստիկանապետը քաղաքացիների հետ զրույցում նշեց, որ ինքն ու ընտանիքը ևս դժգոհ են այս վիճակից, բայց ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում:
Քաղաքացիներից մեկի այն հարցին, թե ինչո՞ւ ոստիկաններն օրեր առաջ ոչ միայն ցրեցին ցույցը, այլ նաև հետապնդեցին փախչող քաղաքացիներին, հատկապես երիտասարդներին, և բերման ենթարկեցին, Օսիպյանն ասաց.
«Դուք լսե՞լ եք, թե ինչ սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս 16-17 տարեկան երեխաները: Չի կարելի այդքան չարությամբ լցված լինել ոստիկանների հանդեպ: Հասարակության մի զանգված էլ նստում է սոցիալական ցանցերի դիմաց մեկանբանաություններ անում ոստիկանների վերաբերյալ և դա խիզախություն համարում»:
Ի պատասխան Օսիպյանի ասածին՝ քաղաքացիներից մեկը շեշտեց՝ ամեն դեպքում չի կարելի հետապնդել փախչող աղջկան և ծեծելով բերման ենթարկել, իսկ Օսիպյանն էլ հակազդեց, պնդելով, որ եթե ոստիկանությունը ցանկանա, ապա աղջիկը օրինական ճանապարհով կարող է պատժվել՝ օրենքի ամենայն խստությամբ:
Ինչ վերաբերում է պատգամավորների ներկայությանը Բաղրամյան պողոտայում, ապա Օսիպյանը նշեց՝ «Եթե իրենք մտածում են, որ իրենք են նպաստել, որպեսզի ոստիկանները կրկին չդիմեն բռնության, ապա թող այդպես էլ մտածեն: Իրականում մենք որոշում էինք կայացրել՝ քանի դեռ ցույցը խաղաղ է, ոչ մի բռնություն չի լինի: Նրանք մի երկու ժամով գալիս-գնում են, եթե ոստիկանները բռնություն գործադրելու լինեին, նրանց բացակայությամբ կարող էին դա անել»,-ընդգծեց Օսիպյանը: