Հայ-ռուսական հարաբերությունները երբեք եղբայրական չեն եղել, որովհետև աշխարհի երեսին ոչ մի հզոր երկիր փոքր ու թույլ երկրի հետ եղբայրական հարաբերություններ չի ունենում։ Կուզի Ռուսատանը լինի, ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան կամ էլ Ֆրանսիան ու Անգլիան միևնույն է, բոլորը իրենցից թոյլերի հետ համագործակցելիս միշտ ճնշում ու ոտատակ են տալիս փոքրին ու նրա շահերը։ Փոքր լավություններ, մանր-մունր բարերարություններ, վտանգի դեպքում որոշ օգնություն կարող են ցույց տալ։ Վերջինն էլ միայն այն դեպքում եթե իրենց մազին անգամ վտանգ չի սպառնում։ Բոլոր հզորները ամենուր, որտեղ որ հնարավորություն են ունենում, իրենց շահն են առաջ տալիս։ Սա է ցույց տալիս մարդկության ողջ պատմությունը։ 

Օրինական հարց է առաջանում։ Ինչու՞ պիտի Ռուսաստանը բացառություն լինի այս հարցում։ Իհարկե բացառություն չէ և նրա ու Հայաստանի հարաբերությունները ելնում են նրա շահերից հիմնականում, իսկ մենք էլ մի կերպ փորձում ենք այդ շահերի արանքներում կուչ գալ։

Այս երկար բարակ նախաբանից հետո անցնեմ բուն ասելիքիս։ Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Նա այստեղ գտնվելով` մոտիկից հարաբերվում է տարածաշրջանի երկու հսկա պետությունների՝ Իրանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև հարվածի տակ է պահում Միջին Արևելքի տարածաշրջանը։ Մի խոսքով շատ շահավետ ռազմավարակն դիրք է սա իր համար և նա իր կամքով այստեղից դուրս եկողը չի։ Երբ սովետը փլուզվեց, նա հույս ուներ, որ կպահի իր ոլորտում Ադրբեջանին և Ղարաբաղյան կոնֆլիկտի սկզբնական փուլում նրա կողմից էր հանդես գալիս օգնելով նրան բոլոր հնարավոր ձևերով։ Սակայն Ադրբեջանը նրան դրսի դուռը ցույց տվեց և իր տարածքներից դուրս արեց։ Այդ պահից սկսած Ռուսաստանը իր վերաբերմունքը Ղարաբաղյան շարժման նկատմամբ տրամագծորեն փոխեց և սկսեց լավ վերաբերվել Հայաստանին հասկանալով որ դա է իր Կովկասում մնալու միակ ուղին այն պահի դրությամբ։

Սակայն նա լավ հասկանում է, որ իրեն որպես պլացդարմ Ադրբեջանը` Հայաստանի համեմատ շատ ավելի նախընտրելի է բազմաթիվ պատճառներով։ Սրանից ելնելով նա միշտ ակնարկներով ու նույնիսկ բաց տեքստերով Ադրբեջանին գայթակղում ու փորձում է իր կողմը գրավել։ Իսկ Ադրբեջանը մի հիմնական պայման ունի՝ օգնիր Ղարաբաղը վերադարձնեմ` հետդ ընկեր կլինեմ։ Սակայն այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Արևմուտքին այդ ընկերությունը երբեք ու ոչ մի պայմանով ձեռք չի տալիս։ Նրան պետք չի, որ այս ծանր պայմանների տակ գտնվող Ռուսաստանը Ադրբեջանի հետ սերտանա ու դաշնակցային կապերի մեջ մտնի։ Ռուսաստանի մաքսիմում մեկուսացման քաղաքականություն է վարում Արևմուտքը և նա երբեք չի հանդուրժի Ռուսաստան-Ադրբեջան որևէ տեսակի ալյանսի գոյությունը։

Այնպես որ` մոտիկ ապագայում նման դաշինքից եկող վտանգ դեռ որ մեզ չի սպառնում այդ դաշինքի այս պահի դրությամբ անհնարինության շնորհիվ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել