Կարծեցյալ (կամ կեղծ) իմպոտենցիան սեքսուալ խանգարում է, որի հիմքում ընկած է նորմալ սեքսուալ ակտիվության և ֆունկցիայի ոչ ճիշտ սուբյեկտիվ գնահատումը: Կեղծ սեքսուալ խանգարումների ժամանակ տուժում է առողջ սեռական դրսևորման սուբյեկտիվ գնահատումը, որը երկրորդային ճանապարհով առաջացնում է տրամադրության անկում ինչպես սեռական հարաբերությունից առաջ, այնպես էլ դրանից հետո: Այս խանգարումները հանգեցնում են սեռական ակտիվության իջեցման և ի վերջո սեքսուալ կյանքից խուսափմանը:
Այս խանգարումների ժամանակ, իհարկե, մեծ նշանակություն ունի նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով երիտասարդների՝ սեռակրթության մասին գիտելիքների ստանալը տարբեր լրատվական աղբյուրներից, որը, հնարավոր է, ենթադրի նաև դեզինֆորմացիա: Եվ դրանից է, որ սեքսոլոգիայում մենք արձանագրում ենք նույնիսկ պաթոլոգիաներ, հիվանդություններ, որոնք պայմանավորված են սեռական կյանքի մասին ապատեղեկատվությամբ: Այս կամ այն ֆիզիոլոգիական երևույթը, որը կարող է տվյալ տարիքային խմբում դրսևորվել տվյալ երիտասարդի մոտ, և որը նորմայի սահմանում է, կարող է սխալ ընկալվել և դառնալ սեքսուալ պաթոլոգիայի պատճառ, եթե տվյալ անձնավորությունը չունենա համապատասխան գիտելիքներ՝ ֆիզիոլոգիական երևույթի ճիշտ մեկնաբանման համար կամ որևէ մի տեղեկատվական աղբյուրից ստանա սխալ պատկերացումներ կամ գիտելիքներ: Սա, իհարկե, շատ հատկանշական է և ավելի մասսայական բնույթ է կրում:
Հաճախ են հանդիպում նաև մաստուրբացիաների մասին ունացած սխալ պատկերացումների հետևանքով առաջացած սեքսուալ խանգարումները: Օրինակ՝ գոյություն ունեն մաստուրբացիաների տեսակներ, որոնք համարվում են ֆիզիոլոգիական և տարիքային որոշ խմբերում այն դրսևորվում է 90-92% դեպքերում, բայց երիտասարդը, չունենալով համապատասխան գիտելիքներ կամ հարցնելով հասակակիցներին կամ ավագ ընկերներին, որոնք ճիշտ չեն կարողանում մեկնաբանել տվյալ երևույթի ծագումնաբանությունը և նշանակությունը, կարող է դեզինֆորմացիայի պատճառով տվյալ երիտասարդի մոտ հետագայում առաջանալ վախ սեռական հարաբերություններից, կանանց մոտ՝ վագինիզմի երևույթներ, որոնք էլ պայմանավորված լինեն սեռակրթության ժամանակ տեղ գտած որոշակի դեֆեկտներով:
Ինֆորմացիոն աղբյուրների բազմազանության պատճառով ներկայումս նկատվում է վիրտուալ փոխհարաբերությունների աճման տենդենց, որոնք, իրենց հերթին սահմանափակելով մարդկանց միջանձնային փոխհարաբերությունները, հետագայում կարող են պատճառ դառնալ նաև սեռական կյանքում սեքսուալ աններդաշնակությունների առաջացման և այլ պաթոլոգիաների ձևավորման համար:
Այս կոնտեքստում մեծ նշանակություն է ձեռք բերում սեքսոլոգիական խորհրդատվությունը, որի ընթացքում բավականին լրջորեն հետազոտվում են պացիենտի հոգեսեռական զարգացման էտապները, պարզաբանվում են բոլոր ֆիզիոլոգիական երևույթների մանրամասները, և ևս մեկ երիտասարդ կամ երիտասարդ ընտանիք խուսափում է կեղծ սեռական խանգարման «զոհը» դառնալուց: