Խիստ կարևոր է, որ այսօրվա ցույցի ժամանակ թե՛ ցուցարարները, թե՛ ոստիկանությունը չտրվեն սադրանքների ու հնարավորինս զերծ մնան ուժի կիրառությունից։ Առավել քան վստահ եմ, որ այսօր հազարավոր ազնիվ քաղաքացիների շարքերում առկա են լինելու ամենատարատեսակ ու բազմազան սադրիչները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի գործը հասցնեն խոշորամասշտաբ բախման հավաքվածների ու ոստիկանության ուժերի միջև։
Շատ ոգևորված եմ՝ տեսնելով, թե ինչ փայլուն երիտասարդություն ունենք, ովքեր իրենց մեջ կրում են բոլոր այն առաքինությունները, որոնք պետք է ունենա իր մեջ իսկական արժանապատիվ քաղաքացին, սակայն երիտասարդներն անփորձ են ու տաքարյուն, իսկ պրոֆեսիոնալ սադրիչները՝ հմուտ ու արհեստավարժ։
Պետք է հստակ գիտակցել, որ թեև անկասկած է այն, որ բողոքի ու ընդվզման ալիքը հսկայական է ու աննախադեպ, ինչպես նաև արդարացի ու բնական, բայց այս հավաքը նաև իսկական ոսկե ջիղ է տարատեսակ պրովոկատորների ու ծախու շանորդիների համար, ովքեր պարզապես չեն կարող բաց թողնել հնարավորությունը՝ օգտվելու այս աննախադեպ առիթից ու, ջուրը հնարավորինս պղտորելով, ձուկ որսալու դրանում։
Ցավը նրանում է, որ արդյունքում, եթե, իհարկե, սադրիչներն ու կեղծ ակտիվիստները հասնում են իրենց նպատակին, տուժում են հասարակ քաղաքացիներն ու իրենց գործը կատարող ոստիկանները, իսկ այդ խառնակիչները միշտ էլ ջրից չոր են դուրս գալիս ու հերոս-հերոս են խաղացնում։
Հիշե՛ք, Ազատության հրապարակում դուշմաններ չեն լինելու՝ ո՛չ ի դեմս ոստիկանների, ո՛չ էլ ի դեմս պայքարող քաղաքացիների։ Պարզապես պետք է պահպանել զգոնությունը, լինել հետևողական ու արդարացի և հնարավորինս մաքրել շարքերը տարատեսակ ծախու սրիկաներից, ովքեր բախում կփորձեն հրահրել։