Շմայս կոչեցյալն, անդրադառնալով լուսադեմի ցույցը ցրելուն, այսօր հայտարարել է. «Դե շոգ ա, ջուր են շփել»...
Ուրեմն էսպես, չեմ ուզում իջնել Շմայսին հասկանալի լեզվաբանական մակարդակի, փոխարենը փորձեմ մաքսիմալ կոռեկտ արտահայտվել՝ նկարագրելով ամեն կերպարի կողմից արվող ամեն նման հայտարարության գործնական հետևանքները։
Նախ, այնտեղ հավաքվածները խոտակեր անասունների հոտ չէին, որ շոգից ջուր շփեն վրաները՝ հովացնելու համար։ Նրանցից յուրաքանչյուրը եկել, հասել էր այնտեղ ու էդ ջրի շթերի տակ էր մտել ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով, այլև դժգոհության կուտակված այն պաշարի պատճառով, որը գոյացել է, այդ թվում նաև այն պատճառով, որ մեր պետությունում հնարավոր է, որ Շմայս կոչեցյալն ու իր նմանները լինեն խորհրդարանի անդամ, հնարավոր է, որ իր նման մեկը, ով սկի լիարժեք միջնակարգ կրթություն չունի, մարդկանց հասցեին խոսում է այնպես, ասես կովերի հոտի մասին խոսելիս լինի։ Բայց հաշվի առնելով այն պարզ ու աներկբա իրականությունը, որ Շմայսը դժվար թե հասկանա այս ամենի պատճառներն ու հետևանքները, լավ կլիներ, որ այս տողերը կարդային իշխանությունների ավելի լուրջ, խելացի ու ողջամիտ ներկայացուցիչները։
Շմայսների, գեներալների, թոխմախների ու այլ մականանունավոր ու անցյալից իշանություններին կտակ մնացած երևույթների ամեն նման հայտարարություն էլ ավելի է կատալիզացնում դժգոհության սանդղակը մեր հասարակությունում, և արդյունքում տուժելու են նորանոր քաղաքացիներ ու ոչ մի բանում մեղք չունեցող երիտասարդ ոստիկաններ, ովքեր ընդամենը հրաման են կատարում ու իրենց գործն են անում, մինչև շմայսները նման բաներ են ասում, իսկ հետո գնում են իրենց «ախպերությունով» մի կտոր հաց ուտելու։
Փակեք դրանց բերանները, եթե չեք ուզում, որ փողոց դուրս եկողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճի։