Հունիսի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կայացրել է էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկացնելու մասին որոշումը: 2015թ-ի մայիսի 8-ին Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերությունը, որն ամբողջությամբ պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ» հոլդինգին, դիմել է ՀԾԿՀ-ին, որպեսզի վերջինս բարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը 17,8 դրամով:
Չնայած ՀԾԿՀ-ի դիմաց ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներին, որտեղ վերջիններս պահանջում էին չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մասամբ հաստատել է ՀԷՑ ընկերության հայտը և բարձրացրել է էլելկտրաէներգիայի գինը ի սկզբանե պահանջվող գնի կիսով չափ:
Ավելի վաղ ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հայտարարել է, որ եթե ՀԾԿՀ-ն չհաստատի սակագների 17,8 դրամով բարձրացնելու հայտը, ապա ընկերությունը չի կարողանա հետագայում ապահովել որակյալ աշխատանք:
Ողջամիտ հարց է ծագում. ինչպե՞ս պատահեց, որ ռուսական ընկերության դուստր ձեռնարկությունը 250 մլն դոլար պարտք է կուտակել, և ինչու՞ պետք է հայ ժողովուրդը այդ պարտքը մարի:
ՀԷՑ-ը առաջ է քաշել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևյալ հիմնական պատճառները.
- Արարատյան դաշտավայրում՝ մասնավորապես «Սևջուր» գետում, անբավարար ջրի պատճառով անհրաժեշտ է եղել հավելյալ ընդլայնել ՀԷՑ-ի ջրի պահուստները:
- ՀԷՑ-ի տուրբիններից մեկը անսարքության պատճառով սկսել է աշխատել 88 օր ուշ, այդ իսկ պատճառով 300 մլն կվտ էլեկտրաէներգիա ավելի քիչ է արտադրվել, քան նախատեսվում էր:
Այս տեխնիկական խնդիրների պատճառով 20 մլրդ դրամի չափով պարտք է կուտակվել, որը հնարավոր չի լինի մարել առանց էլեկտրաէներգիայի գների բարձրացման: Ստացվում է, որ ՀԾԿՀ-ն ՀԷՑ ընկերության հետ միասին որոշել են, որ պարտքը պետք է մարել ամբողջ հայ ժողովրդի ջանքերով, քանի որ այս խնդրի համար այլ լուծում գոյություն չունի:
Կողմերը շարունակում են միմյանց մեղադրել խնդրին ոչ համակարգային մոտեցում ցույց տալու մեջ, իսկ ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը արդեն մեղադրել է Հայաստանի իշխանություններին նրանում, որ վերջիններս երկրի տնտեսության մեջ չեն իրականացրել արմատական բարեփոխումներ:
Այսպիսով, ստացվում է, որ երկրում էլեկտրաէներգիան թանկացել է 4-րդ անգամ, և դեռ պարզ չէ, արդյոք կողմերը կարող են վերջնական համաձայնության գալ տվյալ սակագնի շուրջ: Էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի այլ մթերքների գների բարձրացմանը: Արդյո՞ք հնարավոր կլինի Հայաստանում շարունակել ապրել նման պայմաններում: Արդյո՞ք չի սկսվի արտագաղթի մի նոր փուլ: Արդյո՞ք սոցիալական դժգոհությունը չի հանգեցնի զանգվածային ապստամբության:
Իրականում հենց այս հարցերն են ընկած խնդրի հիմքում, որը համարվում է համազգային՝ ազդելով ինչպես երիտասարդների, այնպես էլ թոշակառուների շահերի վրա:
Հուսանք, որ այս հարցը կլուծվի Հայաստանի և Ռուսաստանի ամենաբարձր պետական մակարդակով, քանի որ խոսքը գնում է Հայաստանի մասին, որն իր ընտրությունը կատարել է ի օգուտ ԵվրԱզԷՍ-ի, հայ-ռուսական բարեկամության և Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցության: