Դե, մեր երկրում մարդկանց ապրելու մասին իմացանք (կարդալ էստեղ), հիմա էլ` մի քիչ` այն մասին, երբ մեր երկրին ապրեցրած մարդիկ մեռնում են` Քըրքորյանի մահվան օրինակով:
Ցավոք բոթը առաջինը ես հայտնեցի` tert.am-ում (կարդալ էստեղ). մենք առաջինն էինք ոչ միայն հայկական մեդիադաշտում, այլև համաշխարհայինում:
Ես համապատասխան գրառում տեսա հայտնի ամերիկացի բիզնես լրագրողի մոտ, սկսեցի ճշտել. էդ պահի դրությամբ 2-3 ամերիկյան ոչ հայտնի լրատվամիջոց էր գրում: Հենց տվեց The Los Angeles Times-ը, ես էլ «համարձակ» թողարկեցի` Bloomberg, Reuters, France Presse-ից և շատ շատերից լավ առաջ` էն բանի գիտակցումով, որ
Ինչ արած մեկ-մեկ լրատվությունը այ էսպիսի «մրցվազք» է մահվան հետ, ընդ որում` դու պիտի առաջինը լինես
Հիմա էդ տեմպի ու օպերատիվության մեջ բնականաբար (բայց ոչ մսի ու լույսի թանկացման կարգի «բնականաբար») տեղեկատվությունը թարմացնելու անհրաժեշտություն էր առաջանում` ըստ նորանոր հրապարակումների: Եվ ինչպես ընդունված է` համապատասխանաբար էլ նյութի վերնագրից հետո նշվում է «թարմացված»: Էս պահով որոշ «խելոքներ» շտապեցեցին իրենց «ինտելեկտուալ-բարոյագիտական» նկատառումները հայտնել, թե տեսեք տեսեք Tert.am-ը հայտնում է մահվան մասին, մի հատ էլ նշում` «թարմացված»… Նորմալ երկրում նման` իբր ինտելեկտուալ ինչ-որ խաղերի հետ կապված մարդկանց կմատնանշեին իրենց կազմած յանի-ինտելեկտուալ հարցերը, ու դրանով ամեն ինչ ասված կլիներ: Բայց մանր-մունր բաների հետևից չընկնենք, ինչքան էլ ոչ զարմանալի լինի, որ նման պահերի մարդիկ կարող են նման «նկատառումներ» հայտնել:
Երևի թե անհնար է ասել, թե ինչ տեղի ունեցավ Ֆեյս-ում Քըրքորյանի մահվան լուրի տարածվելուց հետո. եղան նաև արդեն ավանդական քննադատությունները, թե մարդիկ էլի «սգավորվում են» ֆեյսազգովի` լացուկոծը կապած: Իմ կարծիքով հայերը էս դեպքում ենթագիտակցաբար` մի տեսակ մուրացկանի հոգեբանությամբ, ողբում են իրենց տիրություն անողի գնալը:
Դե, ինչ, եթե ավելի դաժան լինեի, պիտի ասեի, որ Քըրքրոյանի մահը ավելի լայն իմաստով ցույց է տալիս, թե ինչ փխրուն է էն «ազգային կապիտալը», որ մենք ունենք հայտնի մարդկանց տեսքով, ու որոնք բոլորն էլ «էսօր-էգուց» են:
Բայց Քըրքորյանի մահը կարևոր էր: Այո, կարևոր էր մի նոր կողմից հասկանալու էդ «լալահառաչության ֆենոմենը». մարդու` հայտնի մարդու, հայտնի հայ մարդու մահը միջին վիճակագրական ֆեյսբուքահայության համար հնարավորություն է այդ նույն մարդուն… հայաֆիկացնելու, ավելի հայացնելու, քան նա կար, կամ կուզեր լինել: Էդ երկընտրանքը հայերի համար միշտ լուծվում է մոտավորապես էս ֆորմատում`
Լավ է վատ հայ, քան լավ ոչ հայ,
այսինքն` հայը պիտի մի տեսակ ուզած չուզած մեծ լինի, իսկ եթե մեծ հայ է, ապա առաջին հերթին` հայ
Քըրքորյանի դեպքում տեղական ու արտասահմանի հայկական մամուլը լծված էր` «մեծ հային», «հայ ժողովրդի մեծ», «հայ ժողովրդի հպարտ զավակին» հետմահու մեծարելուն` էն դեպքում, երբ Քըրքորյանը նախևառաջ «բիզնես ֆենոմեն» է:
Բոլոր նրանց համար, ում էս վերջին հանգամանքը հետաքրքրում է, ստորև տեղադրում եմ իմ շուտվա ուսումնասիրությունը` հետաքրքիր փաստերով: Համեցեք:
Բայց եթե կյանքի օրոք Քըրքորյանի անցյալով ու ձեռքբերումներով կարելի է հպարտանալ` էնպես, ինչպես մենք սիրում ենք, ապա նրա մահվանից հետո բոլորս շատ շատ տարօրինակ, մտահոգիչ փաստի ականատես եղանք: Դա էլ ավելի զգացվեց ֆեյսբուքյան սգի ֆոնին:
Մինչ թվում էր Քըրքորյանի վախճանվելու կապակցությամբ պիտի որ նաև իրական` օֆֆլայն ազգային սուգ հայտարարվի /չէ՞ որ ի վերջո նա Հայաստանի ազգային հերոս է/, նրա մահվան կապակցությամբ ցավակցությունը ուշացավ համարյա մի ամբողջ օր. պատմությունը հետագայում արձանագրելու է, որ Քըրքորյանի մահվան համար առաջինը ցավակցություն հայտնել է… թերևս Հայաստանում ԱՄՆ-ի դեպսանատունը:
Քըրքորյանը Ծիծեռնակաբերդում, 2005 թ. բացառիկ լուսանկարը` Մարտին Շահբազյանի
Հետաքրքիր է` հիմա` Քըրքրոյանի մահից հետո (մեր պատմության, գրականության ու իրականության մեջ էդ մասշտաբի մարդկանց գնալը` իր հետևանքներով, միշտ ունի «Մարկոս Աղա-Ալիմյանի մահվան» ֆորմատը` «Քաոսից») հրապարակվում է նրա հարցազրույցը` շեշտադրումով, որ նա պատրաստ էր գնել Արևմտյան Հայաստանը և որ քննադատել է հայաստանցի մեծահարուստներին:
Ի դեպ, ըստ իս հայերի համար կարևորի կտրվածքով Քըրքորյանի ամենակարևոր ձեռբերումը հիմա պետք է լիներ Ցեղասպանության մասին նոր մեծամասշտաբ ֆիլմի նկարահանումը, որը, ինչպես հայտնել էի նախօրեին, արդեն սկսվել էր (կարդալ էստեղ):
Ուզում եմ էս ամեն ասված ու չասվածի ֆոնին հիշել` վերհիշել, թե ինչ է արել Քըրքորյանը Հայաստանի համար: Չնայած Քըրքորյյանի դեպքում երևի ավելի ճիշտ է պրագմատիկորեն ասել ինչքան կամ ինչքանի է արել:
Ցավոք` էլի ցավոք, Քըրքորյան-Հայաստան առնչությունները այսօր հիշում ենք դրանց ընդհատման տարեթվով` երբ բոլորիս հայտնի ու խայտառակ պատճառով դադարեցվեց Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի գործունեությունը.
Պատմությունը պետք է արձանագրի, որ դա անխուսափելի բան է, երբ հանդիպում են ոչ պատահական ու պատահական մարդիկ
Բայց չնայած դրան հիշելու բան մեղմ ասած կա` թվերով ու տարեթվերով: Եվ այսպես` «քաղվածք» իմ ուսումնասիրությունից:
Չնայած Քըրքորյանի կարողության չափը, տարբեր հաշվարկներով, տատանվում է, հստակ է, որ նա առաջինն էր ԱՄՆ-ի 670 հայ միլիոնատերերի շարքում: Աշխարհի թերևս ամենահարուստ հայը մենակյաց էր, քիչ էր հայտնվում հասրակության մեջ: Լավագույն դեպքում Քըրքորյանի գործունեության մասին մեկնաբանություններ կարելի էր «կորզել» նրա կին խոսնակից և գործընկեր Սթիվ Ուինից: 2005-ին Քըրքորյանի գործարների առիթով Ուինն ասել էր. «Նրան դուր է գալիս, որ իրեն պատկանող ամեն ինչ փոխկապակցված է: Եվ ըստ նրա` որքան մեծ, այնքան լավ»: Սա, իհարկե, միանգամայն «հայեցի մոտեցում» է, ինչը Քըրքրոյանի դեպքում նաև աննախադեպ եկամտաբեր է լինում:
Հետաքրքրասեր մարդիկ պարզել են, որ Քըրքորյանի օրական եկամուտը կազմում է 600.000 ԱՄՆ դոլար: Հայտնի չէ` արդյոք ինքը Քըրքրոյանը երբևէ պատկերացրել է իր անվան հետ կապվող նման զրոյաշատ եկամուտներ` օրինակ 1940-ականների վերջին, երբ նրա ամսական եկամուտը կազմում էր 1000 դոլար :
Հայաստանի հետ Քըրքորյանի անունը իրապես սկսել է կապվել 1992-ից` բարեգործական գործունեության բերումով: Հայրենիքի առաջ ունեցած իր մեծ վաստակի համար ՀՀ-ի երկրորդ նախագահը 2005-ի մայիսին հանձնել էր Հայրենիքի շքանշան: Դա տեղի էր ունեցել Քըրքի` հայրենիք երկրորդ այցի ժամանակ: Հիշեցնեմ, որ տասը տարի առաջ նախ Կանն, ապա Հայաստան այցելած Քըրքորյանը ՀՀ-ի ղեկավարության հետ քննարկել էր Հայաստանի տնտեսական վիճակը, զարգացման հեռանկարները և երկրում իրականացվող բարեփոխումների հեռանկարները:
Անցած դարի 90-ականների սկզբին էր, երբ Քըրքորյանը իր առաջին խոշոր նվիրատվությունը կատարեց Հայաստանին, ավելի կոնկրետ` «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Մասնավորապես 1993 – 1994 թթ խստաշունչ ձմեռը հաղթահարվեց նաև Քըրքրոյանի շնորհիվ: Այդ ժամանակ նա կրկնապատկեց աշխարհով մեկ հավաքված 7 մլն դոլար գումարը, ավելացրեց ևս 14 մլն:
Հիմնադրամի առաջին մարաթոնի ժամանակ նա նվիրաբերեց 1 մլն դոլար, իսկ հաջորդի ժամանակ նորից կրկնապատկեց` ավելացնելով 5 մլն դոլար:
Սակայն ամերիկահայ բարերարի առատաձեռնությունը գերազանցեց բոլոր սահմանները, երբ 2001-ին մեկնարկեց «Լինսի» հիմնադրամի 150 մլն-անոց ծրագիրը: Ի դեպ, այս ծրագրի շրջանակներում իր ծավալած գործունեության համար, Քըրքրոյանը, ինչպես և մեծն Ազնավուրը, 2004-ին արժանացել էր Հայաստանի ազգային հերոսի կոչմանը;
«Լինսին» ծրագիր էր, որը, ասում են, անճանաչելիորեն փոխեց Հայաստանի դեմքը. ժամանակակից փողոցներ պարգևեց Երևանին և կացարաններ` երկրաշարժից տուժածներին:
Եվ եթ բարեգործությունը պետք է լինի անանուն ու անհասցե, ապա դա իսկը Քրքորյանի համար է ասված: Ինչպես 1998-ին առաջին, այնպես էլ 2005-ին Հայաստան կատարած այցի ժամանակ նա խուսափեց տեսախցիկների առաջ փառքը բազմապատկելուն:
Իսկ մեզնից` մնացողներիցս, մնում է միայն անշահախնդրորեն արձանագրել մարդու վաստակը, անշահախնդրորեն` ինչպես միայն կարող է լինել երախտապարտ հայը` արդեն հանգուցյալ միլիարդատիրոջ առաջ, որից ոչ մի շահ չի կարող ունենալ: