DSC07432

Վերնագիրը ստացել եմ՝ ձևափոխելով Քըրք Քրքորյանի հայտնի խոսքը… Իմ խոնարհումը մեր Քըրքին… Միշտ կարելի է ուրիշի փողերն ավելի շռայլ ու հայրենանվեր դարձնելու պահանջներ ներկայացնել, մենք չենք կարող մոռանալ 1991-ից սկսած, ամենադժվար տարիներին «Հայաստան» հիմնադրամով թե «Լինսի» ծրագրերով Քըրքի ներդրումը յուրաքանչյուրիս բաժին Հայաստանում։ Ինքն ինչ մեղավոր է, եթե մենք, մեղմ ասենք, լավագույն ձևով չենք օգտագործել նրա միջոցները…

Կարդացի ուղիղ մեկ տարի առաջ 2014-ի հունիսի 17-ի իմ օրագրի մեկնարկում գրածը, առանձնացրի այս տողերը. «Դարձեք 2-5 տարեկանների լողի մարզիչը՝ լողալով նրանց հետ, միասին որպես նախակրթարանային ամառվա առօրյա կարևոր մաս, կազմակերպեք նրանց ծովափը՝ նույնքան կարևոր, որքան ընթերցանությունը, սնունդը: Իսկ մեր 5 տարեկանները սկսել են լողալ մեծ-ծածկած լողավազանում. սրանից ուրախ լո՞ւր՝ օրվա, տարվա»:
Լավ է, որ այս օրերին, մեկ տարի անց, նույն հոգսերն ունեմ ու նույն… պահանջը… Բոլորս մեկ տարի մեծացանք, ծնվեցին նոր երեխաներ, հայտնվեցին տասնյակ ու տասնյակ նոր սեբաստացիներ… լողավազանների թիվն ավելացավ 2-ով… Առանց Սուսան Մարկոսյանի, Սուսան Հովհաննիսյանի, Արմինե Թոփչյանի ամենօրյա քրոջական աջակցության՝ իմ օրագիրն այս հոբելյանը, իհարկե, չէր տեսնի… Պաչիկներ։

Թբիլիսիի աղետը սպառնում է Երևանին, եթե կրկնվի 1946թ.-ի սելավը: Թբիլիսիում հունիսի 13-ի գիշերը տեղի ունեցած բնական աղետը, որ խլել է մարդկային կյանքեր, մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս հասցրել, սպառնում է նաև Հայաստանին: Հայաստանն այս առումով որևէ կերպ ապահովագրված չէ, ցավոք. «Հայհիդրոէներգո» նախագծի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանի հարցազրույցը պետք է, իհարկե, կարդալ: Աղետների երկիր Հայաստանս… որ այնքա՜ն է կենցաղային առօրյա հոգսերին հանձնված, որ աղետին վերահաս դիմագրավելու ուժ ու ժամանակ չունի… Երևի կազմել են ամենաաղետների թոփ տասնյակ. դրանք են, որ պիտի ուսուցման բովանդակությունը կազմեին, հանրային պահանջների, քննարկումների, լսումների օրակարգեր ձևավորեին…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել