Վերջին շրջանում ոչ միայն որպես երգչուհի, այլև որպես հագուստի դիզայներ ներկայացող Լիլիթ Հովհաննիսյանը բացել էր իր օնլայն շոփը, որտեղ վաճառում էր իր հեղինակած զգեստները, սակայն այժմ այն չի գործում։
Լիլիթի օնլայն շոփը մեծ քննադատության արժանացավ, շատերը համարում էին, որ երգչուհի լինելը դեռ չի նշանակում, որ նա կարող է ներկայանալ որպես ոճաբան, երկրորդ՝ շատերը կասկածի տակ էին դնում Լիլիթի ճաշակը, և, վերջապես, Լիլիթի օնլայն շոփում գործող գները, ըստ հասարակական քննարկումների, անտրամաբանական թանկ էին։
Իհարկե, երգչուհին այդպես չի կարծում։ Իր հարցազրույցներից մեկում նա ասել էր. «Իմ խանութում գները հենց այնպես չեն որոշվում. կան հատուկ մասնագետներ, որոնք անում են դա` հաշվի առնելով շատ պրոֆեսիոնալ դերձակների ու ձևարարների վճարումները, ոչ էժանագին մատերիալի ծախսերը և այլ հանգամանքներ: Շոփով հարստանալու նպատակ չունեմ, քանի որ շատ լավ վաստակում եմ երգելով` երգչուհու իմ աշխատանքով: Իհարկե, կան հասարակության մեջ էնպիսի շերտեր, որոնք չեն կարող գնել իմ երեկոյան զգեստներից որևէ մեկը այնպես, ինչպես չեն կարող գնել, օրինակ, «Հերմեսից» անգամ ամենափոքր պայուսակը: Սակայն իմ խանութում կան նաև մատչելի գներով մի քանի իրեր»:
Այնուամենայնիվ, Լիլիթի օնլայն շոփն իրեն չարդարացրեց, գները, որ նա սահմանել էր իր հագուստների դիմաց, անհասանելի էին իր դեռահաս երկրպագուների համար, ովքեր գուցե և ցանկանային ունենալ հենց Լիլիթ Հովհաննիսյանի հեղինակած զգեստը։ Այս մասին հասկանում ենք, երբ, մտնելով նրա կայք, տեսնում ենք, որ այն այլևս չի գործում։