Օրերս ՕԵԿ-ը հայտարարել է «Հայկական վերածնունդ» կոչվող հասարակական-քաղաքական միավորումը ստեղծելու մասին։ ՕԵԿ-ի այս նախաձեռնւթյանը միացան հասարակական-քաղաքական որոշակի շրջանակներ, որոնց մեջ ոչ մի խորհրդարանական ուժ չկա: ՕԵԿ-ի նախաձեռնությանը միացած 50 հասարակական կազմակերպությունից ամենահայտնի կազմակերպությունը «Փոքր և միջին ձեռներեցների միությունն» է:
Նոր միավորումը, ըստ նախաձեռողների, չի պայքարելու որևէ անձի կամ քաղաքական ուժի դեմ։ Այս առիթով Արթուր Բաղդասարյանի նշել է, որ նոր դաշինքը գալիս է Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրները լուծելու, մարդու իրավունքները վերականգնելու և ժողովրդավարությունը ամրապնդելու համար։
ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, անդրադառնալով նոր հասարակական-քաղաքական միավորի ստեղծմանը, ասել է, որ Բաղդասարյանի քաղաքական անցյալը թույլ է տվել, որ նա հիմնի նման միավորում, համախմբի ուժերին, ապա հավելել, որ հետագայում «Հայկական վերածնունդ»-ը կդառնա քաղաքական մեկ միավոր:
«Աշնանը հանրագումարի կբերվի, կավարտվի համախմբման գործընթացը, և մենք կմտածենք նոր քաղաքական միավորով հանդես գալու մասին: Հայկական վերածնունդի գաղափարը կդառնա քաղաքական միավոր»,- ասել է Հեղինե Բիշարյանը:
Մի կողմից անհասկանալի է ՕԵԿ-ի՝ նոր քաղաքական միավոր վերածվելու մտադրությունը, քանի որ «Հայկական վերածնունդ»-ի ստեղծումով ՕԵԿ-ը, ըստ էության, որպես քաղաքական առանձին կուսակցություն որևէ վերաձևման չի ենթարկվում, այլ նրան են միանում միայն քաղաքական դաշտում անհայտ և իրենցից որևէ լուրջ գործոն չներկայացնող միավորեր, և կուսակցության անունը փոխվում է ՕԵԿ-ից ու դառնում «Հայկական վերածնունդ»:
Մյուս կողմից խնդիրն այլ է, եթե ՕԵԿ-ը իր առջև խնդիր է դրել նոր նախաձեռնության միջոցով ազատվել իր ճակատին խարանված «վարկաբեկված կուսակցության համբավից»: Սակայն այս դեպքում ստացվում է, որ ՕԵԿ-ը ջայլամի պես գլուխը խրելով ավազների մեջ, չի տեսնում, որ ինքնախաբեությամբ է զբաղված, քանի որ Արթուր Բաղդասարյանը անդամակցի ՕԵԿ-ին, «Հայկական վերածնունդ»-ին, ԲՀԿ-ին, Դեմկուսին թե մեկ այլ կուսակցության, միևնույն է նրա ձևավորած քաղաքական անցյալը և նրան տրվող քաղաքական պիտակները չեն փոխվելու: