Հարգելի ընկերներ, վերտուալ և իրական կյանքում իշխող համընդհանուր տրամադրությունների արդյունքում, միտք առաջացավ ուժասպառ հայրենիքին թիկունք կանգնելու, պայքարի միասնական ուժ և մթնոլորտ ստեղծելու նպատակով, փորձել զորաշարժի ենթարկել Սփյուռքի հզոր ներուժը, դիմելով գործող ազգային կառույցներին և հայրենիքի իրավիճակով մտահոգ հասարակության ակտիվ շրջանակներին: Արդեն որոշ խմորումներ ինքնաբերաբար ընդանում են և օրստորե բոլորը սկսում են գիտակցել հայրենիքի գլխին կուտակված մութ ամպերի վտանգը: Առաջարկում եմ միասին քննարկել այս նախաձեռնությունը, որոնել ամենաարդյունավետ ձևերը այն կյանքի կոչելու և գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով:

 

 

Ցավոք, ստացվել է այնպես, որ Սփյուռքը ոտքի է կանգնում, երբ հայրենիքը աղետի մեջ  է, իսկ Հայրենիքում կրկին աղետ է, բազում աղետներ տեսած հայ ժողովրդի մեծագույն աղետներից մեկը: Ստացվել է այնպես, որ աղետները ամեն անգամ դարձել են մահամերձ հայությանը կյանք տվող, շունչ տվող «խթան», առան որոնց մենք չենք արթնանում լոթարգիկ քնից:

 

Այսօր արդեն աղետի ուժգնությունը, տեսակը, օջախը ո՛չ բացատրելու ժամանակ կա, ո՛չ էլ անհրաժեշտություն, քանզի բոլորը քաջ գիտեն այդ մասին, թե՛ դրա ստեղծողները, թե՛ աղետի գոտու բնակիչները, թե՛ նրանց դրսից  օգնության հասնող սփյուռքահայերը: Ամենակարճ բացատրությունը ընդամենը երկու խոսքից է բաղկացած՝ Հայաստանը պարպվում է, պետականությունը կորցնում ենք: ՄԱԿ-ի հռչակագրում ցեղասպանության բաժնի 2-րդ հոդվածը ամբողջովին այսօրվա Հայաստանին է վերաբերվում, «իր բնօրրանում ապրելու և բազմանալու հնարավորություններից զրկված, ժողովուրդը փախչում է սեփական հայրենիքից»:

 

Սփյուռք,  մինչև ե՞րբ ես լռելու, չէ՞ որ հայրենիքում աղետ է, իսկական աղետ: Այս աղետը այնքան կործանարար է, որ քեզել է  հասնելու, որքան էլ որ լռես ու թաքնվես, թեկուզ գետնի տակն անցնես: Նորմալ, բնականոն իրավիճակում հայտնված ազգերը չունեն «մեկ ազգ, մեկ ժողովուրդ» ապսուրդ կարգախոսը, իսկ «մերն ուրիշ է», մենք այն ունենք, որովհետև մեզ հասցրել են կոտորակել, դարձնել մեկ ազգի մի քանի «ժողովուրդ»: Այս աղետը այնքան ճակատագրական է, որ կորցնելիս կորչելու ենք բոլորս, իսկ փրկվելիս՝ դառնալու ենք իրոք ՄԵԿ ԱԶԳ:

 

Ուստի, չմոռանալով և չխախտելով ընդունված կարգը, ասենք և անցնենք առաջ: Անկախ կուսակցական, կրոնական պատկանելությունից, քաղաքական հայացքներից, «հայրենի իշխանությունների» հանդեպ ունեցած դիրքորոշումից ու մնացած եղած-չեղած հանգամանքներից, հարկավոր է մեկ ժամ առաջ միահամուռ կերպով ոտքի ելնել, որովհետև.

  1. Հայրենիքը և ժողովուրդը վտանգի մեջ են:
  2. Աշխարհում տեղի են ունենում նոր փոթորիկներ, աշխարհա-քաղաքական հզոր կատակլիզմներ, տարածաշրջանային մեծ ցնցումներ:
  3. Հայրենի ժողովուրդը ուժասպառ է և ցանկության դեպքում անգամ, իր ուժերով չի կարող դիմակայել սույն գործընթացներին, քանզի հայության ներուժի արջի բաժինը դրսում է:
  4. Երկրում չկա քաղաքական կյանք,  քաղաքական ընդդիմություն և ժողովրդական դիմադրություն ընդհանրապես,  քանի որ իշխանությունների վարած իմիտացիոն ժողովրդավարության արդյունքում, ամեն ինչի հետ փոշիացվեց և այլասերվեց նաև քաղաքական դաշտը:
  5. Իշխանությունները՝ ի  հեճուկս հայ ժողովրդի նվաճած անկախության, կամայականորեն Հայաստանը վերստին խծկելով, ԵՏՄ-տելով նավթալինահոտ  «միությունների» կազմում, վտանգել են երկրի ինքնիշխանությունը և ծանր կացության մատնել առանց այն էլ աղետալի վիճակում գտնվող տնտեսությունը:
  6.  Ժողովրդի վստահության մեծ պակաս ունեցող իշխանությունները, ստեղծված արտաքին և ներքին լուրջ փորձություններին չդիմանալով, ստիպված վարում են պատեհապաշտ, իրավիճակային քաղաքականություն, որի արդյունքում իրենք հայտնվելով ծուղակում, վտանգի են ենթարկել Հայաստանի և համայն հայության ապագան:
  7. Միջին Արևելքում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների արդյունքում, արագ հայաթափվում են տեղի հայ համայնքները: Նրանք, ովքեր հայտնվում են հայրենիքում, ընդամենը լրացնում են տեղի հայության գործազուրկների բանակը և հայտնվում նույն անճարակ կարգավիճակում:
  8. Այս ամենի արդյունքում հսկայական կարևորություն է ստանում ազատ աշխարհում ապրող սփյուռքահայությունը՝ իր հզոր ներուժով և անարգել գործելու հնարավորություններով, որի համար այս պահին հարկավոր է մի կողմ դնել անցյալից ժառանգած բոլոր խանգարիչ հանգամանքները:
  9. Օրհասական վիճակում հայտնված հայրենաբնակ հայությունը նույնպես սկսում է գիտակցել և հասկանալ Սփյուռքի կարևորությունը, ցանկանալով և պահանջելով, նրան տեսնել ո՛չ միայն «փողի կարասի» կարգավիճակում: Ժամանակն է, որպեսզի «նարինջ ուտողների» վրայից վերցվի սեփական հայրենիքի «ներքին գործերին» խառնվելու հիմնաքանդ տաբուն:

10.  Հաշվի առնելով այս բոլորը, հարկավոր է անհապաղ Սփյուռքում ստեղծել ազգային միասնության  և համերաշխության մթնոլորտ, համասփյուռքյան ազգային կառույց, իսկ հարկ եղած դեպքում նաև՝ Հայրենիքի Փրկության Ճակատ: Գործող ազգային կառույցների և հանրության ակտիվ շրջանակների  համատեղ մասնակցությամբ,  ծավալել ստեղծված իրավիճակի քննարկումների, գործնական ծրագրերի և դրանց իրականացնելու վերաբերյալ միջոցառումներ:

 

Հ.Գ. Մեր պատմության ընթացքում մենք միշտ համախմբվել ենք աղետի պահին, որը ցավոք դարձել է «աղետալի սովորույթ»: այս անգամ պետք է բռնցքվենք, ոչ միայն վերահաս աղետը կանխելու, այլ այնպիսի երկիր կառուցելու, որ մեր սերունդները չհայտվեն «պերմանենտ» աղետ կանխողի կարգավիճակում, այլ ապրեն ու հզորանան արժանապատիվ երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել