ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին հանգիստ չի տալիս ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երբեմնի կուսակցական փառքը:
Նախ՝ գործարկեց Հ3 անունը կրող հեռուստաընկերությունը, որը հիմնականում իրականացնում է իր և ՕԵԿ-ի PR-ը: Այնուհետև, տեսնելով, որ ընդդիմություն հռչակվելուց հետո ընդդիմադիր դաշտի հիմնական ուժերի կողմից լուրջ չի ընդունվում, որոշեց հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա ստեղծել, որի վերջին արդյունքը «Հայկական վերածնունդ» անունը կրող միավորումն է 60 հասարակական-քաղաքական կազմակերպություններով:
Անունը փոխելով, սակայն, բովանդակությունը մնացել է նույնը: 60 կազմակերպություններից որևէ մեկի անվանումը հասարակությանը ոչինչ չի ասում: Առանցքում նույն ՕԵԿ-ն է՝ իր՝ բոլորին հոգնեցրած ու հիասթափեցրած պոպուլիստական հայտարարություններով:
Միակ քիչ թե շատ հայտնի անձնավորությունն այդ ալյանսում Արթուր Բաղդասարյանն է, որի նախընտրական ու հետընտրական բոլոր խոստումները ոչինչ չեն փոխել հասարակ քաղաքացու կյանքում: Փոխվել է միայն մի բան. քաղաքական գործչից Արթուր Բաղդասարյանը վերածվել է օլիգարխի:
Ու հիմա, երբ վարչապետ դառնալու նրա երբեմնի երազանքը մերժվել է, լայն կոնսոլիդացիայի պատրանք ստեղծելով, նա պատրաստվում է առաջիկա ընտրություններին: Պատրաստվում է, որ ի՞նչ դառնա. չէ՞ որ 2008 թվականին, ստանձնելով Անվտանգության խորհրդի քատուղարի պաշտոնը, նա պաշտոնապես հայտարարեց, որ այլևս հանրապետության նախագահի պաշտոնի համար չի պայքարի:
Բայց դե ո՞վ ունի Արթուր Բաղդասարյանի հիշողությունը:
Հ.Գ. «Խոստումը երբեք չեն մոռանում նրանք, ում տալիս են, սակայն մշտապես մոռանում են այն տվողները». Սոմերսեթ Մոեմ: