Դատելով ներքաղաքական զարգացումներից՝ Հայաստանում սկսվել է համապետական ընտրությունների խորհրդարանական փուլին նախապատրաստվելու ակտիվ շրջանը. հիմնադրվեցին գերազանցապես երիտասարդ գործիչներով համալրված երկու նոր կուսակցություններ, համախոհների ու գործընկերների շրջանակն ընդլայնելուն ուղղված գործուն քայլեր է ձեռնարկում ՕԵԿ-ը, որի քաղաքական պասիվության ժամանակահատվածն այլևս ավարտված կարելի է համարել: Այս քաղաքական ուժերն ակնհայտորեն հավակնում են հաջորդ գումարման ԱԺ-ում խախտել ներկայումս գոյություն ունեցող տոկոսային համամասնություններն՝ ի հաշիվ ՀԱԿ-ից, Ժառանգությունից, Դաշնակցությունից «խլված» պատգամավորական մանդատների: Ընդ որում, այս համատեքստում կարևոր չի լինելու, թե արդյո՞ք Հայաստանը կմնա կիսանախագահական պետություն, թե՞ կդառնա խորհրդարանական հանրապետություն: Այժմ կարելի է հնարավոր համարել այն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ կուսակցության հիմնադրումը կարող է պատճառ դառնալ ԱԺ-ից ՀԱԿ-ի դուրսմղման համար, իսկ ՕԵԿ-ի ակտիվացումը նույն դերը կարող է խաղալ նաև Ժառանգության պարագայում: Հաշվի առնելով հայաստանյան «ընտրություններ» կոչված երևույթի առանձնահատկությունները՝ կարելի է կանխատեսել, որ հաջորդ ԱԺ-ն ևս ձևավորվելու է քաղաքական գործընթացների տարբեր ներքին ու արտաքին դերակատարների և ՀՀ գործող իշխանության միջև ձեռք բերված ստվերային պայմանավորվածությունների հիման վրա: Սակայն, ամեն դեպքում, գործընթացի հիմնական ինտրիգն այն է լինելու, թե արդյո՞ք բարձրագույն իշխանության լծակները կշարունակեն մնալ արցախյան խմբավորման ձեռքին, թե՞ Հայաստանի քաղաքական պատմության այս փուլը կավարտվի, ու կսկվի Արցախի հարցի և արցախցիների քաղաքական, ապա նաև տնտեսական ազդեցության արհեստական-պարտադրված կտրուկ նվազեցման փուլը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/1005327256144853
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել