Գաղափարական ու գիտելիքային ունայնության պայմաններում գերակայում են բնազդները: Իսկ թե ինչն է տարբերում մարդուն կենդանուց, հայտնի է բոլորին:
Կարծես թե շատացել են շեղված կամ հանցագործ վարքի դրսևորումների դեպքերը: Օրինակ` այսօր կարդում ենք բռնաբարության դեպքի մասին, որի վերաբերյալ տեղեկատվությունն արագ տարածում գտավ համացանցում` դառնալով ցանկացած ընթերցողի կամ օգտատերի սեփականություն: Իսկ հարցերը մնում են բաց:
Հասարակությունը կարիք ունի՞ արդյոք հոգեբանական բացասական էներգիայի թոթափման, արդյո՞ք այդ թոթափումը նման վարքային դրսևորումների առատությունը շրջանառելու մեջ է, շեղվող վարքերը զսպող կամ առողջացնող մեխանիզմների նորմատիվ կարգավորումներն ինչպիսի՞ ազդեցություն են ունենում հանրության մեջ, ինչպիսի՞ լուծումներ են ի հայտ գալիս, որոնք կբերեն նման միտումի նվազեցման, այլ ոչ թե շատացման, ի վերջո այդ էմոցիան, որ առաջանում է շեղվող վարքի դրսևորման մասին տեղեկությունն առնելուց հետո, ի՞նչ ազդեցություն է ունենում, արդյոք այն հանրությանը որպես զսպող, զգոնացնող ազդակնե՞ր է տալիս, իսկ հնարավո՞ր է, որ այն նաև իր մեջ ուսուցողական ու օրինակ ծառայելու տարրեր պարունակի...
Այն, որ հասարակության տարբեր շերտերում շեղվող վարքի դրսևորումներ կան, հայտնի է բոլորին, կլինի ինքնասպանություն, սպանություններ, գողություններ, թե տարատեսակ բռնություններ և այլն:
Իհարկե, շեղվող վարքերի դրսևորման նպաստավոր հիմնապատճառ է սոցիալ-կենցաղային իրականության բարվոքության աստիճանը, ինչպես նաև պահանջմունքների բավարարման ուղիները, սակայն նաև չպետք է անտեսել մարդաբան, դատական հոգեբույժ Չեզարե Լոմբրոզոյի այն միտքը, որ «հանցագործ չեն դառնում, այլ ծնվում են»:
Հասարակությունը պետք է ակտիվացնի ինքնաառողջացման իր ֆունկցիան ընտանիքի ինստիտուտի միջոցով, ինչպես նաև դաստիարակության մյուս ագենտների: