Հայ Ավետարանական Մկրտական «Վերածնունդ» եկեղեցի, Վերապատվելի Հովիվ |
Երբեմն այն, ինչ ուզում ես ասել, ցանկանում ես միանգամից արտահայտել ու դնել վերջակետ, սակայն այստեղ մի վախ կա: Այո՛, դա չհասկացված լինելն է և գերադասելի է բացատրվել, որպեսզի մութ անկյուններ կամ չպատասխանված հարցեր չմնան: Գովում եմ նրանց համարձակությունը, ովքեր շոշափում են իրականությունն ու համարձակորեն բարձրաձայնում դրանք, սակայն, թվում է, թե դրանք իրականության ամբողջական պատկերը չեն տալիս: Այս հոդվածը գրելիս հանձն առա փորձելու ներկայացնել իրականության իմ տեսած պատկերի ամբողջականությունը, և փորձել հասկանալ ու նաև հարցեր ուղղել քեզ, սիրելի՛ ընթերցող, հուսալով որ քո բանականությունն անմիջապես չի սպառազինվի հակադրվելու և ծաղրելու այն, ինչ փորձում եմ ասել: Ուստի, սկսեմ ուղերձս ընդ քեզ:
Գոյություն ունի հայաստանյան մի իրականություն, որի մեջ կողք կողքի, սակայն ջլատված ապրում ենք ես և դու, ասում եմ՝ ջլատված, որովհետև տեսնում եմ, որ մեզ մասնատել և «պիտակավորել» են, և սարսափելին այն է, որ դա իսկապես կատարվել և դեռ շարունակվում է կատարվել ազգադավ մի ձեռքով, որին ես և դու սովորել ենք մի տեսակ վստահել, հուսալ, հավատալ, սակայն այդ ձեռքն իր ափում մի սուր է պահում, որն իր սահմռկեցուցիչ շաչյունով ճոճվում է մեր գլխավերևում: Իսկապես, հուսահատության դառնությունը նրանում է, որ քեզ սպառնում է նա, ում դու սիրում և վստահում ես: Փորձեմ մի քանի փաստեր ներկայացնել և այդ փաստերը կարել իրար, դասավորել խճանկարի նման, որպեսզի քեզ հաղորդ դարձնեմ ինձ և քեզ սպառնացող վտանգին:
Նախ ասեմ, որ իրականում կա մի սուտ՝ հորինված հենց նրանց կողմից, ովքեր աղաղակում են ազգի ջլատման և քայքայման մասին և ովքեր իրականում ջլատում և քայքայում են ազգը: Իսկ բարձրացված աղաղակը պարզապես շեղում է ուշադրությունը հենց իրենցից՝ իրական թշնամիներից: Ժողովուրդն ասում է «Գողը որ տանից չլիներ, եզը երթիկից կհանեին»:
Հայաստանի հանրապետական կուսակցություն: Նա այսօր որդեգրել է մի քաղաքականություն, որը քանդում և ջլատում է Հայաստան աշխարհը: Նրա ներքին քաղաքականությունը պարզապես հայորդաց սպանդ է:
Արտագաղթ, որը հասնում է աղետալի չափերի, միայն այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ երկրից հեռացել է մոտ 100 000 մարդ, վերջին մի քանի տարիների տվյալներով՝ Հայաստանից հեռացել է մոտ 1 500 000 մարդ: Մի բուռ երկիրը դառել է կես բուռ: Հայաստանում մնացել են նրանք, ովքեր պարզապես հնարավորություն չունեն լքելու երկիրը կամ էլ ինչ-ինչ պարտականություններից կամ պատասխանատվության զգացողությունից դրդված՝ պարզապես գերի են մնացել կամ էլ պահակ, ում ամեն ամիս հարազատի կողմից՝ դրսից աշխատավարձ է ուղարկվում: Վերջերս հոդվածներիցս մեկի տակ մի ընթերցող քոմենթ էր թողել, թե բացեք սահմանն, ու ես ոտքով իմ ընտանիքին կտանեմ այստեղից:
Ով հասցրեց փախնել, ազատվել՝ փախավ, ազատվեց, մնացածին շարունակում են մսաղացի մեջ աղալ: Սոված մարդուն ուժ որտեղի՞ց, որ ձայն հանի, նամանավանդ երբ ընտրություններին, այդ ձայնը բռնի ուժով «առնում» են: Լրատվական դաշտը ողողված է բացահայտված կոռուպցիայի, աննպատակորեն վատնված կամ յուրացված միլիոնների կամ «կերած» միջազգային վարքերի մասին և այլ նման տեղեկատվություններով: Ամեն բան հայտնի է, սակայն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկված: Ինչո՞ւ, որովհետև ո՞վ է գժվել կծիկ քանդելու, կամ ո՞վ թույլ կտար դա անելու: Իսկ եթե կա, ապա դա պարզապես թատրոն է (նկատի ունեմ Վ.Օսկանյանի գործը):
Հայաստանում բռնությունները հասնում են... Կամ ավելի ճիշտ կլիներ թվերից չխոսել, դրանք այնքան տատանողական են և բարձր, որ հավանաբար նույնիսկ այս հոդվածը գրելիս դրանք ենթարկվում են փոփոխության: Պարզապես շարունակեմ:
Հայաստանում խլում են բիզնեսը կամ ստիպում այն վաճառել, երբեմն պարզապես «գցում» են: Դա անելու տարբեր կերպեր կան, օրինական՝ հարկային մարմինների միջոցով, կամ հանցագործ աշխարհի օգնությամբ: Դա է վկայում Հայաստանում «ինքնասպանության» դիմած կամ պարզապես սպանված գործարարների՝ մահացության դեպքերի հաճախականությունն ու քանակը: Եթե դուք ընդհանրապես հետևում եք լուրերի հոսքին, ապա դուք հասկանում եք, թե ես ինչի մասին եմ խոսում: Թերևս ասեմ, որ ավելի հաճախ, մենք հերթական զոհի կամ «գցումների» մասին իմանում ենք հասարակական վայրերում՝ տաքսիներում, շենքի քուչում կամ այլուր:
Հաջորդը: Հարց, ովքե՞ր են «Հայոց Արծիվները»: Այս ՀԿ-ի կայքում տեղադրված ինֆորմացիան ընթերցելիս պարզապես ցանկանում ես ոտքի կանգնել և ասել «Հայ…», է~, ես էլ եմ հայ: Հայրենասիրական զգացմունքներից դրդված այս կազմակերպությունը, թերևս իր բազմահազար ազգանպաստ գործունեությամբ առաջնորդվելով, պետք է որ էական նպաստ բերեր մեր ազգի ռազմական ոգին բարձրացնելու մեջ: Սակայն վերջինիս մշտական ռազմատենչ հայտարարություններն ու դրանց ենթատեքստում ընկած կոչերն ընդդեմ աղանդների դեմ պայքարի, պետք է որ մեզ համար ահազանգ դառնան, քանզի, մենք վստահում ենք մեր զավակներին՝ «հայ սկինհեդներին» կամ միգուցե «ահաբեկիչներին», ովքեր ՀԿ-ի քողի տակ զարգացնում են «ազգամոլությունն» ու ազգատյացությունը, մեր զավակներին «լարելով» մեր հայրենակիցների դեմ, մեր բարեկամների կամ ազգականների, ովքեր ըստ ՀՀ սահմանադրության, իրավունք ունեն ազատ խղճի և կրոնի ընտրության, ինչպես նաև հայացքների, որոնք թերևս ընդվզում են «ոմանց» հայացքները: Դուք պատկերացնո՞ւմ եք այն վախի մթնոլորտը, որն առկա է Հայաստանում: Ձեր ուշադրությանը հրավիրում եմ այն բանի վրա, որ, ըստ կայքում տեղադրված հայտարարության, ՀԿ-ն սատարում է հանրապետության նախագահին, ՀՀԿ-ին և քարոզում է ցեղակրոնություն, որի գաղափարախոսությունը հակաքրիստոնեական է համարվում:
Կուսակցությունների մասին երևի չխոսեմ, քանզի դրանց իրագործած «քաղաքականությունն» այնքան ստոր է (ես չեմ վստահում դրանցից և ոչ մեկին), որ ձեռքերդ էլ չես ցանկանում կեղտոտել՝ հպվելով դրանց: Իսկապես, քաղաքականությունը պոռնկություն է, և կարծում եմ, որ դրա ժխտումն ավելի մեծ անբարոյականություն է: Վերջերս քաղգործիչներից մեկն ասել էր, քաղաքականությունը պոռնկություն չի: Սա իրականության ժխտումն է, որի մեջ գտնվելով՝ թերևս ոմանք «բերաններն են սրբում»: Այս դաշտում խաղի կանոններ գոյություն չունեն՝ արդեն:
Հաջորդը: Հայ Առաքելական եկեղեցին, որը Քրիստոսի տիեզերական մարմնի մի մասն է կազմում, քարոզում է քրիստոնեական ուսմունք, որի հիմքում ընկած է սերը, ինչի մասին երևի թե հիշողության նշույլներ են մնացել: Վերջին մի քանի օրում նորից նոր թափ առավ հակաաղանդավորական քարոզչությունը, որը թվում է, թե առաջիկա նախագահական ընտրությունների պատճառով անորոշ ժամանակով դադարեցվել էր: Հարց է ծագում. սա քահանայական կամակատարությո՞ւն է, թե՞ նոր հանձնարարություն վերևից: Հաշվի առնելով Հայ Առաքելական եկեղեցու բացահայտ և վտանգավոր սերտաճումը քրեաօլիգարխիկ իշխանության հետ՝ թևաթափ ես լինում, քանզի թշնամությունը սերմանվում է ազգակցական, բարեկամական, ընտանեկան և վերջապես հասարակության տարբեր շերտերի միջև: Այս ամենը կատարվում է «հանուն ազգի» գաղափարախոսության: Հակաաղանդավորական քարոզչությունից բացի՝ եկեղեցին երբեք չի բարձրաձայնում և չի արձագանքում արտագաղթի, անօրինական և անվերահսկելի գնաճի, ինքնասպանությունների և այլևայլ խնդիրներին: Տպավորությունն այսպիսին է՝ բոլորս միասին (կուսակցություններ, եկեղեցի, ՀԿ-ներ և այլն) պաշտպանում ենք մեր ընդհանրական շահերը՝ միևնույն ժամանակ գործելով սեփական սահմանների շրջանակներում և անհրաժեշտության դեպքում՝ այդ սահմաններից դուրս, միասնաբար՝ ընդդեմ ժողովրդի: Եկեղեցին, թերևս ավելի ճիշտ կլիներ ասել կղերականները, պարզապես ծառայություն են մատուցում իշխանությանը, որ տարբեր կերպերով և միջոցներով սկսել է տոտալիտար վերահսկողություն իրականացնել սեփական ժողովրդի նկատմամբ և եկեղեցու «թեթև ձեռքով» և բարձր գաղափարախոսությունների միջոցով հանձն է առել իրեն հնազանդեցնել և հպատակեցնել յուր զավակներին: Ցանկանում եմ հարց ուղղել կղերականներին. դուք, աղանդ ասելով, նկատի՞ ունեք կազմակերպության գաղափարախոսությունը կամ ուսմունքը, նկատի ունեք և տածում եք հակակրանք այդ կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ, թե՞ նկատի ունեք այն մարդկանց, ովքեր այդ կազմակերպությունների անդամներն են: Ո՞ւմ դեմ է ձեր պայքարը: Քանզի այդ պայքարով ջլատում եք ժողովրդին, էլ ինչո՞ւ եք խոսում «արտասահմանյան գործակալների» կամ արտաքին թշնամու մասին: Առաջարկվում է ստեղծել կրոնական կազմակերպությունների գործունեությունը վերահսկող մարմին, այլ կերպ ասած՝ «կրոնական policayներ»: Բա ձեզ ո՞վ է վերահսկելու: Մի՞թե կրոնական մեծամասնությունը վախենում է կրոնական փոքրամասնություններից և ավելին՝ որդեգրել է «միայն ես և ոչ ոք բացի ինձանից» քաղաքականությունը, որն ընդվզում է քրիստոնեական գաղափարախոսությունն ու վարդապետությունը:
ՀՀ նախագահն իր ելույթներում բազմիցս նշել է, որ հայը հայ է՝ անկախ նրանից, թե նա առաքելական է, թե կաթոլիկ, բողոքական է, թե մահմեդական: Սակայն ներքին քաղաքականությունն այս հարցերում ճչում է հակառակը: Նախագահն ասում է մի բան, անում է մի բան:
Կարելի է նշմարել, որ ողջ ազգը ներքաշված է մի «մախինացիայի» մեջ, որտեղ «ջուրը որքան պղտոր» լինի, ապա ավելի հեշտ կլինի «ձուկ» որսալը: Այս ամենն այնքան է խճճված, որ հոգսերից կքված և ճնշված մարդը երբեք գլուխ չի դնի ինչ-որ բան բացահայտելու և առավել ևս պայքարելու նման արատների դեմ: Նա պարզապես տրվում է հոսանքին, որն էլ իր ճանապարհին հեղեղում և ավերում է ամեն բան:
«Դու՝ ինձ, ես՝ քեզ». այս կարգախոսն է գործում կուսակցությունների, ՀԱԵ-ի և որոշ ՀԿ-ների միջև:
Ի վերջո, այսպես չի կարող այլևս շարունակվել, քանզի Հայաստանում տիրող աղքատությունը, համատարած գործազրկությունը, տնտեսական անկումը, գնաճն ու թանկացումները, արտագաղթն ու ինքնասպանությունները, հարկային «ռեկետ» քաղաքականությունը, կրոնական անհանդուրժողականության մթնոլորտն ու կրոնական կամ կղերական «ահաբեկչությունը», որոշ ՀԿ-ների սպառնալիքներն ու վախի մթնոլորտի թանձրացումն ու տարածումը պարզապես անհնարին են դարձնում այս ազգի գոյությունը կամ համախմբվածությունը, առավել ևս ազգային, կրոնական և այլ փոքրամասնությունների համակեցությունը և բնակությունը ՀՀ երկրի սահմաններից ներս: Ես հույս ունեմ, որ վերը ներկայացրածս փաստարկները համոզիչ են և հիմնարար, քանզի համացանցում որոնելիս կարող եք գտնել այս կամ այն փաստարկիս ապացույցը: Կարծում եմ, որ հանրապետության իշխանությունները պետք է վերանայեն ներքին քաղաքականությունը, որն արդեն դառնում է անսանձելի և անկառավարելի: Իսկ հանրությունը պետք է ընդվզի նման երևույթների դեմ, որոնք «լուծի» են վերածվում արդեն իսկ բարակ դարձաց պարանոցին:
Առայժմ այսքանը, կարծում եմ, որ շարունակությունը՝ շուտով, սակայն կուզենայի հուսալ, որ հաջորդող շարունակությունն այլ բովանդակության կլիներ: